04
10, 2012

Նախագահն ընդունել է «Շվեյցարիա-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային խորհրդի «Շվեյցարիա-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահներ Ուելի Լոյենբերգերի և Դոմինիկ դե Բումանի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը ողջունել է շվեյցարացի խորհրդարանականների այցը ինչպես մեր երկիր, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Նման այցերը, Հանրապետության ղեկավարի համոզմամբ, շատ կարևոր են տարածաշրջանում տիրող իրավիճակին ծանոթանալու, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացի և առկա խնդիրների, հակամարտության նախապատմությանը համակողմանի տեղեկացվածության տեսանկյունից: «Այցի ընթացքում ստացած ձեր տպավորությունները դուք կիսելու եք նաև խորհրդարանի ձեր գործընկերների և, ընդհանրապես, բոլոր այն մարդկանց հետ, ովքեր անտարբեր չեն մեր տարածաշրջանի կայունության և խաղաղության նկատմամբ: Սա շատ կարևոր հանգամանք է, որով ԼՂ խնդրի հանգուցալուծումն անհնար է առանց միջազգային հանրության մասնակցության»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարն ուրախալի է համարել այն փաստը, որ բարեկամ երկրների խորհրդարանները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հիմնախնդրի նկատմամբ, և վերջին շրջանում տարբեր երկրներից մի շարք պատգամավորական պատվիրակություններ են այցելում Լեռնային Ղարաբաղ: «Մեծապես դրվատելի է, որ աշխարհի առաջադեմ հանրությունն սկսում է վերանայել իր մոտեցումներն ու գալ այն եզրահանգման, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն էլ, աշխարհի մյուս ժողովուրդների նման, ունի իր ճակատագիրը տնօրինելու, ազատ ու անվտանգ ապրելու իրավունք, և որ այնտեղ կառուցվում է իրապես ժողովրդավարական երկիր և քաղաքացիական հասարակություն»,-ասել է Նախագահը:

Շվեյցարիայի խորհրդարանականները նշել են, որ անչափ տպավորված են Հայաստան և ԼՂՀ այցելություններից և այդ տպավորությունները, անշուշտ, ներկայացնելու են նաև Շվեյցարիայի կառավարությանը, որը, մի քանի ամիս հետո ստանձնելով ԵԱՀԿ-ում նախագահությունը, ջանքեր է գործադրելու նաև այս տարածաշրջանում խնդիրների լուծման, տևական խաղաղության հասնելու ուղղությամբ:

Հանդիպմանը զրուցակիցները գոհունակությամբ են ընդգծել, որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ անցած քսան տարիներին երկու երկրների միջև ձևավորվել է բարեկամական զարգացող բարձր մակարդակի միջպետական երկխոսություն, որը տարեցտարի զարգանում է թե՛ փոխադարձ այցերի, թե՛ միջազգային տարբեր հարթակներում համագործակցության միջոցով: Առանձնահատուկ նշվել է խորհրդարանական դիվանագիտության և մասնավորապես բարեկամության խմբերի մակարդակով տարվող աշխատանքները՝ երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում:

 

← Վերադառնալ