Մամուլի հաղորդագրություններ
Սերժ Սարգսյանն ընդունել է ՏՏ բնագավառում ՀՀ նախագահի կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ՀՀ նախագահի 2012թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին: Հանրապետության ղեկավարը Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդներն ստացել են հուշախորհրդանիշ և դրամական պարգև:
ՏՏ բնագավառում Նախագահի կրթական պարգևը շնորհվում է ամեն տարի բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողներին և աշակերտներին, ովքեր ակտիվորեն մասնակցում են ՏՏ բնագավառի և բնական գիտությունների տարբեր օլիմպիադաների ու մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ և տաղանդ, ինչպես նաև ներգրավված են հասարակական ծրագրերում:
Հաղթողների համար սահմանվել են` «գլխավոր մրցանակ», «լավագույն ասպիրանտ», «լավագույն մագիստրանտ», «լավագույն բակալավր», «լավագույն սփյուռքահայ մասնակից», «լավագույն ուսանողուհի», «լավագույն աշակերտ» անվանակարգերն ու մրցանակները: Մրցանակաբաշխության գործընթացն իրականացվում է ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատված կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի կողմից: Թեկնածուներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրությունը և առաջադրումը կատարվում է «Սինոփսիս Արմենիա» ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի համաձայն: Յուրաքանչյուր անվանակարգի համար շնորհվող դրամական պարգևները հատկացվում են «Սինոփսիս Արմենիա» ընկերության կողմից:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բարձր առաջադիմություն ցուցաբերած և Նախագահի 2012թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին ու աշակերտներին, մաղթել նոր հաջողություններ:
«Հարգելի՛ երիտասարդներ,
Այսօր դուք այստեղ եք, և մենք ձեզ գովաբանում ենք ձեր գիտելիքների, ձեր կրթության շնորհիվ: Ինքներդ էլ շատ լավ հասկանում եք կրթության դերը ներկա աշխարհում: Այսօր դա բոլորն են հասկանում: Պատահական չէ, որ այս ոլորտի զարգացմանը մենք առաջնային նշանակություն ենք տալիս: Մենք պետք է կարողանանք հասնել ոչ միայն ժամանակակից չափանիշներին համապատասխանող կրթության, այլև այն հասանելի դարձնենք բոլորին: Մենք մեզ երբեք չենք կարող ներել, եթե պարզվի, որ ապագա հանճարն այդպիսին չի դարձել սոսկ այն պատճառով, որ հնարավորություն չի ունեցել կրթություն ստանալու:
Մենք դեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակ խոստացել էինք կրթությունը դարձնել հնարավորինս մատչելի: Այստեղ է նաև կրթության նախարարը: Մենք արդեն պայմանավորվել ենք արագ մշակել մեխանիզմներ, որոնք թույլ կտան բոլոր այն ուսանողներին, ովքեր ցանկանում են ուսումը շարունակել բուհերում, բայց բավականաչափ վճարունակ չեն, խնդիրներ չունենալ: Մեր համոզմունքն է՝ Հայաստանում չի կարող լինել գեթ մեկ լավ սովորող երիտասարդ, ով ուսման վարձի պատճառով չկարողանա շարունակել ուսումը: Սա ես համարում եմ սկզբունքային հարց, և այդ հարցը մենք հիմա լուծում ենք արմատապես: Շեշտում եմ. ոչ մի լավ սովորող երեխա դուրս չի մնալու ուսման գործընթացից իր սոցիալական վիճակի պատճառով: Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն էլ մե՛ր երեխաներն են, և ուսման իրավունքի իրականացման հարցերում ունենալու են հավասար հնարավորություններ: Ավելին՝ մենք սրանով (և ոչ միայն սրանով) ապահովելու ենք կրթական գործընթացի շարունակականություն: Ե՛վ միջին մասնագիտական, և՛ բարձրագույն որակյալ կրթությունը հասու է լինելու բոլորին՝ առանց բացառության:
Մենք կրթության նախարարի հետ պայմանավորվել ենք նաև աշխատել 12-ամյա կրթությունը պարտադիր դարձնելու ուղղությամբ: 12-ամյա պարտադիր և անվճար հանրակրթությունը և մասնագիտական կրթությունը պիտի դառնան մեր կյանքի նորմը: Սա համարում եմ մեր ժամանակի հրամայականը և մեր կրթական ոլորտի բարեփոխումների կարևոր բաղադրիչը: Ասվածը լոկ ցանկություն չէ, այլ արդեն կառավարության գործունեության ծրագրի մաս, որ իրականացվելու է հետևողականորեն:
Սիրելի՛ պարգևատրվածներ,
Կրկին շնորհավորում եմ ձեզ այս պարգևների առթիվ, որոնք միգուցե ձեր կյանքում առաջինն են: Ամենամեծ հաջողություններն էլ սկսվում են առաջին քայլով, և ես մաղթում եմ, որ սրանով ձեր առջև նոր՝ ավելի լայն դռներ բացվեն: Շնորհավորում եմ և շնորհակալ եմ ձեզ ձեր աշխատանքի, ձեր ջանքերի, ձեր եռանդի համար»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարը խոսել է նաև ժամանակակից միջոցներով և հմտություններով զինված տեղեկատվական հասարակություն ձևավորելու ճանապարհին բոլոր ժողովուրդներին և ազգերին նետված մեր դարաշրջանի մարտահրավերների մասին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այստեղ մեր հավակնությունները պետք է լինեն ավելի մեծ և ընդգրկուն:
Նախագահի համոզմամբ, այս ոլորտում Հայաստանի ժողովրդի և ողջ հայության մրցունակության բարձրացման լուրջ ներուժ և լայն հնարավորություններ կան, որոնք դեռ պետք է բացահայտվեն և իրագործվեն: Այս տեսանկյունից Սերժ Սարգսյանը կարևորել է այն աշխատանքը, որ կատարվում է հատկապես պատանիների և երիտասարդների համար: