29
09, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել առողջապահության ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Ֆարմատեք» ընկերություն՝ դեղամիջոցների արտադրման և ներկրման կազմակերպման աշխատանքներով զբաղվող այս ընկերության զարգացման ծրագրերին ծանոթանալու նպատակով: «Ֆարմատեքի» հիմնական արտադրամասում և լաբորատորիաներում շրջայցի ժամանակ Հանրապետության ղեկավարը ծանոթացել է նաև ընկերության գործունեության պայմաններին, որից հետո խորհրդակցություն է հրավիրել առողջապահության ոլորտում պետական վերահսկողության մեխանիզմների, բուժօգնության մատչելիության ապահովման և դեղորայքային քաղաքականության ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաներին փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Հակոբ Թոփչյանը, «Դեղ արտադրողների և ներմուծողների միության» նախագահ Սամվել Զաքարյանը, ՀՀ առողջապահության նախարարության պատասխանատուներ:

Խորհրդակցության մասնակիցներին Նախագահն առաջարկել է հանգամանորեն խոսել առողջապահության ոլորտում արմատացած խնդիրների մասին: «Ես ուզում եմ հստակ հասկանալ՝ ո՞րն է իրական պատճառը, որ մեր հասարակության դժգոհությունների մի էական մասը բաժին է հասնում հենց այս կարևոր ոլորտին: Մասնագիտացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր բնակչությունը բոլոր ոլորտների մեջ անարդարության դրսևորումներ ամենաշատն արձանագրում է հենց առողջապահության ոլորտում, և անարդարությունների ընկալման մակարդակն այս ոլորտում, ցավոք սրտի, գնալով ավելանում է: Մեր քաղաքացիներն առաջին հերթին բարձրաձայնում են, որ պետպատվերը չի գործում հավուր պատշաճի, արձանագրում են կաշառակերության բարձր մակարդակ, բողոքում են, իրենց բառերով՝ «առանց պատասխանատվության սխալ բուժումից», վատ սպասարկումից, մարդկանց իրավունքների ոտնահարումից, քաշքշուկներից և դեղերի հետ կապված այս ողջ պատմությունից, առկա իրավիճակից: Ես շատ լավ գիտակցում եմ, որ մեր երկրում պրոբլեմներ շատ կան, որ գրեթե չկա մի ոլորտ մեր պետության մեջ, որտեղ պրոբլեմներ չլինեն, և որոնց պատճառով դժգոհություններ չլինեն, բայց առողջապահությունը միակն է, որից բողոքում է մեր բնակչության արդեն մեկ երրորդը: Սա այն պարագայում, երբ մենք ավանդաբար համարում էինք, որ մեր առողջապահական համակարգը լավն է, մեր բժիշկների մասնագիտական ունակությունները շատ բարձր են, որ ուզում ենք տարածաշրջանային առողջապահական կենտրոն դառնալ և այլն: Մեկ երրորդի դժգոհությունն արդեն լուրջ ազդանշան է, որպեսզի մենք արմատական փոփոխություններ մտցնենք այս ոլորտում:

Մենք պիտի կարողանանք բարձրացնել բժշկի դերն ու արժանապատիվ հեղինակությունը մեր հասարակության մեջ, և միաժամանակ հասնենք այն բանին, որ առողջապահական ծառայություններից օգտվող մեր քաղաքացիները բավարարված լինեն բոլոր ծառայություններից և դրանց հասանելիությունից»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարը նշել է նաև, որ կան խնդիրներ, որոնք ամբողջովին կախված չեն միայն առողջապահական ոլորտի պատասխանատուներից, և որպեսզի բոլորը գոհ լինեն, անհրաժեշտ են նաև նյութական մեծ միջոցներ: Սակայն, Նախագահի համոզմամբ, եղած միջոցների արդյունավետ օգտագործումն այս իրավիճակում դառնում է ամենակարևոր հանգամանքը: Ոլորտում, ըստ Սերժ Սարգսյանի, անհրաժեշտ է հասնել էական փոփոխությունների, և դա միանգամայն հնարավոր է:

Նախագահը խոսել է նաև վերջին տարիների առողջապահական ոլորտում իրականացված աշխատանքների մասին. «Վերջին 4-5 տարիների ընթացքում մենք հսկայական աշխատանք ենք տարել և լուրջ արդյունքներ ունենք Հայաստանի ողջ տարածքով մեկ առողջապահական հաստատությունների վերանորոգման, արդիականացման, ժամանակակից սարքավորումներով հագեցնելու գործում: Սա որևէ մեկը չի կարող ժխտել: Բայց մեր բոլոր ջանքերը ջուրը կլցվեն, եթե մեր վերաբերմունքը մնա նույնը, և մենք կտրուկ փոփոխություններ չանենք»,-ասել է Հանրապետության ղեկավարը:

Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը զեկուցել է առողջապահության ոլորտում պետական գնումների գործընթացի և, ընդհանրապես, դեղերի շուկայում տիրող իրավիճակի մասին ս.թ. սեպտեմբերի 19-26-ն ընկած ժամանակահատվածում ծառայության կողմից կատարված ուսումնասիրությունների հիմնական արդյունքները՝ այդ թվում մի շարք ուղղություններով արձանագրված չարաշահումները: Իսկ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացրել է ՀՀ կառավարությունում Նախագահի հրավիրած նախորդ խորհրդակցության ժամանակ արված դիտողություններից հետո նախարարության կողմից առանձնացված՝ առողջապահության ոլորտի առաջնահերթ խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկները:

Ներկայացված փաստերը, առկա խնդիրների պատճառների վերլուծությունը լսելուց և դրանք խորհրդակցության մասնակիցների հետ հանգամանորեն քննարկելուց հետո, Նախագահ Սերժ Սարգսյանն առողջապահության ոլորտում իրավիճակը բացարձակ խայտառակություն է որակել՝ խստորեն քննադատելով ոչ միայն ՀՀ առողջապահության նախարարության, այլ նաև զեկուցված խնդիրների համար պետական մի շարք այլ մարմինների պատասխանատուների անգործությունը:

Խորհրդակցության ավարտին Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին: Հանձնարարվել է նաև ներկայացված առաջարկությունների հիման վրա նախապատրաստել 6-8 ամսվա ընթացքում ոլորտում էական փոփոխություններ նախատեսող ծրագիր և ներկայացնել հաստատման:

 

← Վերադառնալ