28
09, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն՝ ՀՀ դատաիրավական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ դատաիրավական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ վճռաբեկ դատարանի գործունեության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության և ողջամիտ ժամկետում գործերի քննության խնդիրները:

Նշված խնդիրների վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը: Հանրապետության նախագահը հանձնարարել է զեկույցներում ներկայացված առաջարկները լրացուցիչ քննարկման առարկա դարձնել և նախապատրաստել անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթ:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են առաջին ատյանի դատարաններում գործերի` ողջամիտ ժամկետում քննությանը խոչընդոտող մի շարք պատճառներ, ինչպիսիք են մասնավորապես դատարանների ոչ համաչափ ծանրաբեռնվածությունը` կապված տարածքային ընդդատության հետ, ինչպես նաև նույն դատարանի դատավորների միջև գործերի ոչ համաչափ բաշխվածությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանն առանձնակի ուշադրություն է դարձրել նախորդ խորհրդակցությունների ընթացքում բարձրացված խնդիրների լուծման կապակցությամբ տրված հանձնարարականների կատարմանը և դատարանների բնականոն գործունեության ապահովման առումով դրանց կարևորությանը:

«Մեկ անգամ չէ, որ առիթ եմ ունեցել ասելու, որ դատարանների բնականոն գործունեությանը վերաբերող ցանկացած խնդիր պահանջում է լրջագույն վերաբերմունք: Նման հարցերին վերապահումներով մոտեցումները պարզապես անթույլատրելի են և աններելի: Արդարադատության համակարգի արդյունավետությունը չի կարող և չպետք է կախված լինի կոնկրետ անձանցից կամ այդ անձանց թերի ու անբարեխիղճ աշխատանքից:

Մենք ունենք հստակ ուղենիշ` իրավունքի գերակայության և արդարության արմատավորում մեր հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Վստահ եմ, որ այս ճանապարհին եղած յուրաքանչյուր խոչընդոտ հաղթահարելու ենք, և որևէ անտարբերություն կամ ձախողման արդարացում չենք ընդունելու:

Ժամանակն է վերջնականապես հասկանալու, որ այս գործընթացը հետադարձ չունի, և դրան պետք է միայն համընթաց գնալ: Ավելի պարզ ասեմ. ովքեր համընթաց չգնացին, նրանք ապագա չունեն:

Դատարանների ծանրաբեռնվածության և գործերի արագ քննության հարցին մենք անդրադառնում ենք երկրորդ անգամ: Այս հարցին անդրադարձել ենք մեկ տարի առաջ, և այդ ժամանակ բացահայտվել էին այս առումով դատական համակարգում առկա թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ խնդիրներն ու տրվել էին դրանք վերացնելուն ուղղված հստակ հանձնարարականներ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ դատարաններում գործերը չպետք է որակի հաշվին արագ քննվեն և հապճեպ որոշումներ կայացվեն, բայց արհեստական ձգձգումներն ուղղակի անթույլատրելի են:

Խորհրդակցության արդյունքում արձանագրվել է, որ գործերի ողջամիտ ժամկետում քննությանը խոչընդոտող սուբյեկտիվ բնույթ ունեցող պատճառներն ամբողջությամբ չեն վերացվել, և դրանք շարունակում են բացասական ազդեցություն թողնել դատավորների ծանրաբեռնվածության վրա:

Ինչ վերաբերում է օբյեկտիվ խնդիրներին, Նախագահը հանձնարարել է կատարել օրենսդրական փոփոխություններ և մի շարք դատարաններում դատավորների ծանրաբեռնվածության վիճակագրական տվյալների ամփոփման արդյունքներից ելնելով՝ ավելացնել դատավորների քանակը: Պատասխանատու կառույցների ղեկավարներին հանձնարարվել է առավելագույն սեղմ ժամկետներում նաև օրենսդրական բնույթի այլ միջոցներ ձեռնարկել դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար:

 

 

 


 

← Վերադառնալ