28
09, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալել է աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում մեր երկիր ժամանած աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինին:

Նախագահը ողջունել է տաղանդաշատ արվեստագետին և ընդգծել, որ Հայաստանում նրան ընդունում են որպես անկեղծ և մեծ բարեկամի, ով 1988-ի ավերիչ երկրաշարժից ի վեր մեր ժողովրդի կողքին է: Հայ ժողովուրդը, Հանրապետության ղեկավարի խոսքով, երախտապարտ է իր բոլոր բարեկամներին, այդ թվում՝ Եվգենի Կիսինին և մշտապես ուրախ է հյուրընկալել նրանց Հայաստանում:

Սերժ Սարգսյանը նշել է, որ տաղանդավոր մարդիկ նաև մեծ ավանդ են ունենում ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում: Ի նշան հայ ժողովրդի երախտագիտության, Հանրապետության նախագահը Եվգենի Կիսինին պարգևատրել է Պատվո շքանշանով՝ հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման, ինչպես նաև Հայաստանում 1988թ. տեղի ունեցած աղետալի երկրաշարժից տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Եվգենի Կիսինը շնորհակալություն է հայտնել Նախագահին՝ բարձր պարգևի և ջերմ խոսքերի համար: Նա նաև շնորհակալություն է հայտնել «Երևանյան հեռանկարներ» փառատոնի կազմակերպիչներին ու աջակիցներին՝ ընդգծելով, որ աշխարհի հեղինակավոր մենակատարների և նվագախմբերի ունկնդրած երևանյան հանդիսատեսը, իրոք, արժանի է լավագույն երաժշտության:
 

← Վերադառնալ