Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական միության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:
Հանրապետության ղեկավարը ողջունել է հյուրին և գոհունակություն հայտնել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում արձանագրված դինամիկայի կապակցությամբ, որն արտահայտվում է նաև բարձրաստիճան փոխայցելությունների հաճախակիությամբ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի այցը նոր խթան կհանդիսանա ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում:
ԵՄ հանձնակատարը համակարծիք է եղել, որ պարբերական հանդիպումները հնարավորություն են ընձեռում հանգամանորեն քննարկել համագործակցության օրակարգը և հաջորդ՝ ավելի բարձր մակարդակի հասցնել երկկողմ հարաբերությունները: Շտեֆան Ֆյուլեն նշել է, որ մեր երկիր է ժամանել այն հստակ համոզվածությամբ, որ Հայաստանը միանշանակ է տրամադրված ինտեգրման գործընթացում Եվրոպական միությանն ավելի մոտենալու հարցում, և այժմ պետք է քննարկել կարողությունների շրջանակը, որը թույլ կտա բարեփոխումների օրակարգից անցնել կոնկրետ գործողությունների՝ հստակեցնելով, թե ինչպես Եվրոպական հանձնաժողովը կարող է օգտակար լինել այդ հարցում:
Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ է արձանագրվել 2010թ. հուլիսից մեկնարկած Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի, Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման ուղղությամբ բանակցություններում զգալի առաջընթացը, ինչը, զրուցակիցների համոզմամբ, վկայում է հիմնական խնդիրների շուրջ կողմերի մոտեցումների ընդհանրության մասին: