18
09, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Միացյալ Թագավորության ԱԳՆ Եվրոպական հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգտոնին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության ԱԳՆ Եվրոպական հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգտոնին:

Քննարկվել են հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգին և հեռանկարին վերաբերող հարցեր: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանը և այդ համատեքստում՝ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվացմանը: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նախարար Դեյվիդ Լիդինգտոնի այցը կարևոր ազդակ կլինի երկկողմ կապերի ամրապնդման և համագործակցության խորացման գործում: Հանդիպմանը երկուստեք կարևորվել է հատկապես առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, ներդրումների խթանումը:

Նախագահ Սերժ Սարգսյանը և նախարար Դեյվիդ Լիդինգտոնը Հայաստանի և Մեծ Բրիտանիայի համագործակցությունը կարևորել են նաև Եվրոպական միության հետ հարաբերությունների համատեքստում: Հանրապետության ղեկավարը գոհունակությամբ է նշել Ասոցացման համաձայնագրի, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման, մարդկանց տեղեշարժի դյուրացման և մի շարք այլ ուղղություններով ԵՄ-ի հետ մեր երկրի բանակցություններում զգալի առաջընթացը:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, առկա մտահոգություններին: ՄԹ ԱԳՆ Եվրոպական հարցերով պետնախարարը ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործի հետ կապված նշել է, որ իր երկիրը համակարծիք է ԵԱՀԿ Մինսկի խմբի, Եվրամիության և Եվրոպական խորհրդարանի հետ, որ մարդասպանին փառաբանելու ցանկացած քայլ անընդունելի է և դատապարտելի:
 

← Վերադառնալ