Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությունում հրավիրել է խորհրդակցություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարությունում հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները՝ վարչապետի գլխավորությամբ, ՀՀ նախագահի և կառավարության աշխատակազմերի ղեկավարները, ՀՀ գլխավոր դատախազը, Երևանի քաղաքապետը, ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների ղեկավարները և ՀՀ ԳԱԱ նախագահը:
Նախագահ Սերժ Սարգսյանի բացման խոսքը կառավարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ
***
Հանրապետության նախագահի ներածական խոսքից հետո, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը ներկայացրել է գնումների գործընթացի իրականացման վերաբերյալ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ուսումնասիրության հիմնական արդյունքներն ու եզրակացությունները: Զեկույցում հանգամանորեն ներկայացվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո ապակենտրոնացված գնումների գործընթացում առկա համակարգային և կազմակերպչական բնույթի խնդիրները: ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության եզրակացությամբ՝ գնումների համակարգում մասնակիցների կողմից թույլ են տրվում մի շարք երևույթներ, որոնք տարբերվում են գնումների մասին օրենսդրությամբ սահմանված պահանջներից և սկզբունքներից: Լիազոր մարմինները լիարժեքորեն չեն իրականացնում իրենց պարտականությունները, իսկ պատվիրատուները բացի իրենց պարտականությունները լիարժեքորեն չկատարելուց, օգտվելով ենթաօրենսդրական բացերից, որոշ դեպքերում գործում են կամայականության դաշտում՝ չապահովելով մրցակցային, արդյունավետ և թափանցիկ գնման ընթացակարգեր:
Նախագահն իր խիստ դժգոհությունն է արտահայտել բարձրացված խնդրում բոլոր պատասխանատուների աշխատանքից, ընդգծելով, որ արձանագրված երևույթները ինչպես պատասխանատուների կողմից ժամանակին արդյունավետ կանոնակարգերի ներդրման հարցում թերացման, այնպես էլ գնումների գործընթացում պատվիրատու գերատեսչությունների անբարեխիղճ վերաբերմունքի արդյունքն են: Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ գնումների ընթացակարգն օրենքով ապակենտրոնացվել է, որպեսզի տվյալ նախարարը կամ գերատեսչության ղեկավարը պատասխանատվություն վերցնի իր վրա, որպեսզի պետությունն արդյունավետ, այսինքն՝ ցածր գնով և լավորակ ապրանք ու ծառայություն գնի, այլ ոչ թե՝ հակառակը:
Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է հանդիպման մասնակիցներին՝ յուրաքանչյուրն իր նախարարությունում, գերատեսչությունում խորհրդակցություններ հրավիրի և աշխատակիցներին հստակ բացատրի, որ նման թերացումների դեպքում այլևս զուտ աշխատանքից ազատելը կամ կշտամբելը բավարար չի լինելու: «Եվ առաջին հերթին հենց ձեզնից եմ ակնկալելու նախաձեռնություններ»,-դիմելով ներկաներին՝ ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարը նշել է, որ բազմաթիվ ոլորտներում՝ քաղաքաշինություն, տրանսպորտ և կապ, պաշտպանություն, առողջապահություն ու հատկապես դեղերի շուկայի վերահսկողություն և այլն, խնդիրներ կան կապված և՛ գնումների, և՛ պետական բյուջեն արդյունավետ տնօրինելու հետ: Նա խստորեն հանձնարարել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը և Գլխավոր դատախազությանը՝ լրջորեն զբաղվել այս խնդիրներով: «Ես ցանկանում եմ, որպեսզի բոլորդ ոչ ձևական, այլ իրականում դառնաք մեր դաշնակիցներից մեկն այս հարցում և շահագրգիռ լինեք բարձրացված խնդիրների լուծման հարցում»,-խորհրդակցության մասնակիցներին ասել է Սերժ Սարգսյանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահեցրել է Հանրապետության նախագահին, որ խորհրդակցության ժամանակ բարձրացված հարցերը կառավարությունում հանգամանորեն կքննարկվեն, և Նախագահին կներկայացվի նշված խնդիրների լուծման միջոցառումների ժամանակացույց: «Այն բոլոր գնահատականները, որ Դուք տվեցիք, պարո՛ն Նախագահ, սթափեցնող են և պարտադրում են մեզ բոլորիս՝ էական փոփոխություններ կատարել մեր աշխատանքներում, և մենք այդ ամենն անպայման կիրականացնենք»,-ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: