Մամուլի հաղորդագրություններ
Նախագահը հյուրընկալել է 2011-2012 ուսումնական տարվա մեդալակիր շրջանավարտներին, օլիմպիադաներում պարգևների արժանացած դպրոցականներին և «Կենգուրու-2012» մրցույթի մրցանակակիրներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2011-2012 ուսումնական տարվա մեդալակիր շրջանավարտներին, 2012թ. միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգևների արժանացած դպրոցականներին և «Կենգուրու-2012» միջազգային մաթեմատիկական մրցույթի մրցանակակիրներին, ովքեր Նախագահի նստավայրում արդեն ավանդական դարձած այս հանդիպման ժամանակ ստացել են իրենց պարգևները՝ մեդալները, հավաստագրերը և Հանրապետության նախագահի կողմից նվերներ: Նախագահը «Կենգուրու-2012» միջազգային մաթեմատիկական մրցույթի մրցանակակիրներից նվեր է ստացել «Հայկական զարդատառ» գիրքը, որում ներկայացված է հայկական զարդատառերի շուրջ 2500 նմուշ՝ վերցված աշխարհի առավել հեղինակավոր թանգարաններից և գրադարաններից:
Սերժ Սարգսյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին, շնորհավորել բարձր առաջադիմության և ստացած պարգևների կապակցությամբ, հաջողություններ մաղթել դպրոցականներին և արդեն բուհ ընդունված պատանիներին ու աղջիկներին՝ իրենց նպատակներին ու երազանքին հասնելու ճանապարհին: Նախագահն ընդգծել է, որ այդ ճանապարհին ծնողների ու մերձավորների օժանդակությունից բացի, նրանք մշտապես ունենալու են նաև պետության աջակցությունը. «Այս հաջողությունը ձեր լուսավոր ճանապարհի դեռ սկիզբն է, և ես ուզում եմ, որպեսզի դուք այն անցնեք լավատեսությամբ: Ուզում եմ, որպեսզի այդ ճանապարհի խոչընդոտները, իսկ դրանք անկասկած լինելու են, հաղթահարեք լավատեսությամբ և ձեր նվիրումով: Պետք է հասնել նպատակին և հասնել լավ ու բարի գործերով, համառությամբ և գիտելիք ձեռք բերելու մեծ ցանկությամբ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարը հանդիպման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում նշել է, որ դեռևս տարիներ առաջ է հստակ որոշում կայացրել Նախագահի նստավայր հրավիրել բոլոր այն երեխաներին ու երիտասարդներին, ովքեր առանձնանում են ուրիշներից իրենց գիտելիքներով, ովքեր հաղթում են միջազգային մրցույթներում, ովքեր մասնագիտական օլիմպիադաներում նվաճում են մեդալներ, որովհետև, իր խորին համոզմամբ, այդ մարդիկ, այդ թվում՝ նաև հանդիպման մասնակիցները մեր երկրի ապագայի կերտողներն են: Եվ նրանք դա անում են իրենց աշխատասիրության, հաստատակամության շնորհիվ, առանց որևէ մեկին նեղություն պատճառելու:
Սերժ Սարգսյանը կարևորել է, որ ուսման մեջ առաջադիմություն ցուցաբերողները, գիտելիք ունեցողները օրինակ են ծառայում ուրիշների համար: «Ուզում եմ, որպեսզի բոլորս համոզված լինենք, որ չիմանալը ամոթ չէ, բայց ամոթ է իմանալ չցանկանալը, ամոթ է լավ սովորել չցանկանալը: Ես համոզված եմ, սիրելի՛ երիտասարդներ, որ ձեզնով ամենաառաջին հպարտացողները ձեր ծնողներն են լինելու, և այդպես էլ կա, բայց ուզում եմ նաև, որ դուք համոզված լինեք, որ ձեր թիկունքին կանգնած է մի ողջ ժողովուրդ, որ ձեր թիկունքին կանգնած է մի պետություն, որ միգուցե չունի բոլոր հնարավորությունները, բայց տարեցտարի ավելացնում է իր կարողությունները և տարեցտարի անում է հնարավորինը, որպեսզի իր երիտասարդ քաղաքացիները, իր երիտասարդ հայրենակիցներն ստանան առավելագույն օժանդակություն»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահը խոսել է նաև «Լույս» հիմնադրամի մասին, որի միջոցներով չորս տարի առաջ սկսվել է աշխարհի լավագույն բուհերում սովորող հայ երիտասարդներին աջակցության ծրագիրը: Հանրապետության ղեկավարը գոհունակությամբ է նշել, որ հեղինակավոր այդ բուհերում սովորող հայ երիտասարդների թիվը տարեցտարի ավելանում է:
«Ես ուզում եմ առանձնակի շեշտել մեր օլիմպիականների հաջողությունները: Այս տարի մենք ունեցանք միջազգային առարկայական օլիմպիադաներում 10 հաղթող՝ մեդալակիրներ, մրցանակակիրներ, որը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն արդյունքներից է: Եթե հաշվի առնենք, որ դեռ երկու առարկաներից օլիմպիադաներն առջևում են՝ աստղագիտությունը և ինֆորմատիկան, որտեղ հայկական դպրոցը բավականաչափ ուժեղ է, ապա համոզված եմ, որ ընդհանուր առմամբ այս բնագավառում, իրոք, այս տարի ունենալու ենք շատ մեծ հաջողություններ: Օլիմպիականներն իրենց արդյունքով մեկ անգամ ևս հաստատում են, որ արդյունքներ կարելի է գրանցել չբերելով որևէ պատճառաբանություն՝ հաստատակամության հաշվին, իրենց ժամանակը ճիշտ բաշխելու, իրենց երիտասարդ կյանքը ճիշտ կազմակերպելու հաշվին: Սա շատ հստակ է, և ձեր օրինակը, իհարկե, պետք է վարակիչ լինի բոլորի համար: Իմ ցանկությունն է, որպեսզի դուք հաջորդ անգամ այստեղ գաք որպես «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներ, գաք որպես Հայաստանի Հանրապետության նախագահի՝ երիտասարդ գիտնականների համար սահմանված մրցանակակիրներ, հաղթողներ: Ցանկությունս է, որպեսզի ձեր սկսած լուսավոր ճանապարհը շարունակվի:
Ես ուզում եմ, որպեսզի դուք կյանքում լինեք հաջողակ: Ուզում եմ, որպեսզի ձեր սկզբունքները բարձր լինեն: Ուզում եմ, որպեսզի հաստատ համոզված լինեք, որ այդ բարիքը՝ գիտելքը, պետք է օգտագործվի լավ նպատակների համար: Շատ մարդիկ ասում են, որ նպատակին հասնելու համար միջոցները կարևոր չեն, և կարելի է ընտրել ցանկացած միջոց: Սո՛ւտ է, սխա՛լ է: Վատ, անընդունելի միջոցներով չի կարելի հասնել լավ նպատակի, անհնար բան է: Լավ նպատակի հասնելու համար պետք է բարոյական միջոցներ օգտագործել: Անհնար է անօրինականությամբ օրինականություն հաստատել, ուղղակի անհնար է»,-ընդգծել է Հանրապետության նախագահը:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դպրոցականներին և բարձր առաջադիմությամբ բուհ ընդունված պատանիներին ու աղջիկներին՝ իրենց վաստակի համար՝ նշելով, որ հանդիպմանը ներկա փոքրիկ դպրոցականներն անգամ վաստակ ունեն, եթե իրենց հաղթանակով նրանք արդեն Հայաստանի անունը որևէ տեղ հնչեցրել են: Հանրապետության ղեկավարի խոսքով, վաստակ ունեն միջնակարգ դպրոցը գերազանց ավարտած և մյուսների համար օրինակ դարձած բոլոր երիտասարդները, ովքեր այդ վաստակն ավելի նշանակալից են դարձնում այնուհետ օլիմպիադաներում հաղթելով: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ներկաներից շատ-շատերը դեռ հնչեցնելու են մեր պետության անունը շատ ավելի բարձր հարթակներից:
Հանրապետության ղեկավարը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: