17
07, 2012

Սերժ Սարգսյանն ընդունել է Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, բնապահպանական կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհին:

Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը շարունակում է զարգանալ փոխվստահության մթնոլորտում, և այսօր երկկողմ հարաբերությունների օրակարգում գտնվող խոշոր նախագծերի իրականացումը ժամանակի հրամայականն է, որը բխում է երկու պետությունների փոխադարձ շահերից:

Հանդիպմանը կարևորվել է փոխգործակցությունը ԻԻՀ բնապահպանական կազմակերպության և Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջև՝ նկատի առնելով բնապահպանական խնդիրների բացահայտման, ուսումնասիրման և լուծման ուղղությամբ համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Բնապահպանական խնդիրների լուծումը, կողմերի համոզմամբ, կարևոր է տարածաշրջանի բոլոր երկրների համար, որոնք պարտավոր են նաև սահմանամերձ հատվածներում արդյունավետ օգտագործել ջրային ռեսուրսները, պայքարել ջրի և շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ, հետևել բնապահպանական կանոններին:

ՀՀ նախագահը և ԻԻՀ փոխնախագահը խոսել են Արաքս գետի ջրի օգտագործման և համատեղ մոնիտորինգի իրականացման, Հայաստանի և Իրանի սահմանամերձ տարածքում «Խաղաղության այգի» համատեղ պահպանվող տարածքի ստեղծման գաղափարի իրականացման և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:

← Վերադառնալ