Մամուլի հաղորդագրություններ
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Ջերմուկում անցկացվող կանանց «Գրան պրի» շախմատի միջազգային մրցաշարի բացմանը
ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց Ձորի մարզ: Ջերմուկ քաղաքում Սերժ Սարգսյանը կանանց «Գրան պրի» շախմատի միջազգային հեղինակավոր մրցաշարի բացումից առաջ այցելել է քաղաքում կառուցվող նոր հյուրանոց-ջրաբուժարանի շինհրապարակ և «Արմենիա» առողջարանի նոր մասնաշենքի տարածք, ծանոթացել աշխատանքների ընթացքին:
Երեկոյան Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Ջերմուկում անցկացվող կանանց «Գրան պրի» շախմատի միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահը ողջունել է արարողությանը ներկա ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին, մրցաշարին աշխարհի յոթ երկրից մասնակցող 12 ուժեղագույն շախմատիստուհիներին և հյուրերին, գեղեցիկ խաղ և հաջողություն մաղթել մրցաշարին:
Հանրապետության ղեկավարը նշել է, որ շախմատի նկատմամբ մեծ սերը դարձել է Հայաստանի այցեքարտերից մեկը, և այն լայն ճանաչում է բերել Հայաստանին ողջ աշխարհում: Սերժ Սարգսյանի խոսքով, դա իրոք, հպարտանալու առարկա է, որովհետև այդ ճանաչումը մեր ժողովրդի ստեղծագործ տաղանդի արդյունքն է, և այն ձեռք է բերվել հետևողական ու տքնաջան աշխատանքի շնորհիվ: «Մենք այսօր բացում ենք մի մրցաշար, որը կարող է պատիվ բերել աշխարհի ցանկացած երկրի: Ես վստահ եմ, որ այն դառնալու է տոն ոչ միայն Հայաստանի շախմատային հանրության, այլ նաև աշխարհի ողջ շախմատասերների համար: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՖԻԴԵ-ին, անձամբ պարոն Իլյումժինովին՝ արդյունավետ և լավ համագործակցության համար: Այսպիսի համագործակցության արդյունքում է, որ հնարավոր է դառնում անցկացնել շախմատային մեծ մրցաշարեր: Մենք գոհ ենք համագործակցության մակարդակից և ամեն ինչ անում ենք, որպեսզի Հայաստանում շախմատը լայն տարածում գտնի»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ տոնի մասնակիցներին, վստահաբար, Ջերմուկում հավաքել է սերը շախմատի նկատմամբ:
«Հանուն այս գեղեցիկ խաղի մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի այն զարգանա և տարածվի աշխարհով մեկ, մենք էլ՝ որպես Հայաստանի քաղաքացիներ, հպարտանանք ինչպես մեր, այնպես էլ՝ աշխարհի առաջնակարգ բոլոր շախմատիստներով»,-ողջույնի խոսքում նշել է Հանրապետության ղեկավարը:
Ջերմուկում Սերժ Սարգսյանը ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի և մրցաշարի հյուրերի հետ դիտել է նաև «Հայ Արտ» մշակութային կենտրոնի կողմից մրցաշարի առիթով կազմակերպված «Շախմատային Հայաստան» ցուցահանդեսը, ծանոթացել ժամանակակից հայ նկարիչների շախմատային թեմայով աշխատանքներին: