Մամուլի հաղորդագրություններ
Նախագահը հրավիրել է խորհրդակցություն դատաիրավական համակարգի խնդիրների և բարեփոխումների վերաբերյալ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն դատաիրավական համակարգի խնդիրների և բարեփոխումների վերաբերյալ:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը:
Հանրապետության նախագահն ընդգծել է, որ ինչպես նախկինում է առիթ ունեցել ասելու, դատաիրավական համակարգի բարեփոխումների գործընթացը մշտապես լինելու է իր անմիջական ուշադրության ներքո, և ինքն անձամբ է մասնակցելու դրա իրականացման բոլոր փուլերին: Սերժ Սարգսյանի խոսքով, խորհրդակցության բոլոր մասնակիցները և նրանց ղեկավարած համակարգերի աշխատակիցները պետք է հասկանան, որ բարեփոխումը միայն դատական կամ իրավական համակարգի խնդիր չէ, այլ՝ պետական բոլոր կառույցների աշխատանքները ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու խնդիր:
Օրակարգի հարցերի շրջանակում խորհրդակցության մասնակիցներն իրենց տեսակետները, դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացրել ՀՀ դատաիրավական բարեփոխումների ծրագրի նախագծի վերաբերյալ: Դրանց հիման վրա նախագծում համապատասխան լրացումներ կատարելուց հետո, ՀՀ նախագահի կարգադրությամբ դատաիրավական բարեփոխումների 2012-2016թթ. միջոցառումների ծրագիրը կհաստատվի:
Սերժ Սարգսյանը ծրագրի հիմնական նպատակների թվում շեշտադրել է դատական իշխանության լիարժեք անկախության ապահովման խնդիրը: Խորհրդակցության ընթացքում նշվել է նաև, որ քննարկվող ծրագրի նախագծի միջոցառումները հիմնականում ունեն հակակոռուպցիոն ուղղվածություն, և դրանց իրականացման արդյունքում լուրջ նախադրյալներ կստեղծվեն կոռուպցիոն երևույթների դեմ պայքարելու համար:
Քննարկման մասնակիցների համոզմամբ, ներկայացված նախագծի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ դրանում նախատեսված են ցուցանիշներ, որոնք չափելի են դարձնում կատարված աշխատանքը և նախատեսված միջոցառումների արդյունավետությունը: Կարևորվել են նաև քրեական, քաղաքացիական և վարչական գործերի արդյունավետ և թափանցիկ քննության ընթացակարգերի սահմանումը, դատաիրավական համակարգը որակյալ կադրերով համալրումը:
Օրակարգի հարցերի թվում զեկուցվել են ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների բաց նամակում արծարծված խնդիրները: Խորհրդակցության մասնակիցները քննարկել են նաև ՀՀ քրեադատավարական օրենսգրքի նախագծի արդի վիճակի, Արդարադատության ակադեմիայի մասին օրենքի նախագծի, զինվորական հանցագործությունների վերաբերյալ քրեական քաղաքականության վերաբերյալ հարցեր:
Խորհրդակցության ավարտին Հանրապետության նախագահը մի շարք հարցերի վերաբերյալ հանձնարարականներ է տվել պատասխանատուներին: