Մամուլի հաղորդագրություններ
Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Էկվադորի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Էկվադորի նորանշանակ դեսպան Պատրիսիո Ալբերտո Չավես Սավալայը (նստավայրը՝ Մոսկվա):
Նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է զարգացնել հարաբերությունները Էկվադորի հետ և հույս է հայտնել, որ երկու երկրների միջև իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի ձևավորումից, գործարարների միջև սերտ կապերի հաստատումից ու տնտեսությունների մասին փոխադարձ տեղեկատվության ապահովումից հետո, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում կարող է ակտիվ համագործակցություն ձևավորվել:
Դեսպան Պատրիսիո Ալբերտո Չավես Սավալայը նշել է, որ Երևանում արդեն հասցրել է հանդիպումներ ունենալ առանձին նախարարությունների, գերատեսչությունների և գիտության ու կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ, քննարկել ընդհանուր հետաքրքրություններն ու փոխգործակցության հնարավորությունները: Նա վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում երկու երկրների նախագահների աջակցությամբ կանի ամեն հնարավորը՝ զարգացնելու և ամրապնդելու Հայաստանի և Էկվադորի միջև կապերը: