08
06, 2012

Նախագահը հանդիպումներ է ունեցել Վիետնամի վարչապետի, Կոմունիստական կուսակցության Գլխավոր քարտուղարի և ԱԺ նախագահի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիետնամ կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել վարչապետ Նգույեն Տան Զունգի, Կոմունիստական կուսակցության Գլխավոր քարտուղար Նգույեն Ֆու Չոնգի և Ազգային Ժողովի նախագահ Նգույեն Շին Հունգի հետ:

Հանդիպումների ժամանակ բարձր են գնահատվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Վիետնամի նախագահ Չիոնգ Տան Շանգի բանակցությունների արդյունքները, կարևորվել են ստորագրված փաստաթղթերը: Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ Հայաստանի նախագահի պաշտոնական այցը նոր խթան կհանդիսանա երկկողմ կապերի ամրապնդման համար՝ հայ-վիետնամական հարաբերությունները բարձրացնելով որակական նոր մակարդակի:

Հանդիպումների ժամանակ կողմերն ընդգծել են, որ չնայած Հայաստանի և Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 20 տարի առաջ, սակայն երկու բարեկամ ժողովուրդները միմյանց հետ շփվել են շատ ավելի վաղուց:

Վիետնամի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը քննարկել է տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Վիետնամի կողմից միջկառավարական հանձնաժողովների ստեղծումը: Կարևորվել է նաև երկու երկրների շուկաների հնարավորությունների և պահանջարկի մասին տեղեկացվածության բարձրացման, Հայաստանի և Վիետնամի միջև առկա տնտեսական ներուժի լիարժեք օգտագործման նպատակով գործարար համաժողովների, ցուցահանդեսների անցկացումն ու գործարարների միջև շփումների խթանումը:

Նկատի առնելով, որ և՛ Հայաստանը, և՛ Վիետնամը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ են ու տնտեսական քաղաքականության մեջ առաջնորդվում են ընդհանուր շատ կանոններով՝ Նախագահ Սարգսյանը և Վիետնամի վարչապետն անդրադարձել են երկու երկրների հետաքրքրությունների շրջանակում փոխգործակցության զարգացմանն ու հայ-վիետնամական առևտրատնտեսական կապերի ամրապնդման հնարավորություններին:

Վարչապետ Նգույեն Տան Զունգը վստահեցրել է, որ Վիետնամի կառավարությունը կանի հնարավորը՝ կյանքի կոչելու Հայաստանի և Վիետնամի նախագահների բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Վիետնամի Կոմունիստական կուսակցության Գլխավոր քարտուղար Նգույեն Ֆու Չոնգի հետ հանդիպմանը քննարկվել են ինչպես երկու երկրների միջև տարբեր մակարդակներում հարաբերությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի և Վիետնամի իշխող կուսակցությունների միջև համագործակցության ձևավորման հետ կապված հարցեր:

Վիետնամի Ազգային Ժողովի նախագահ Նգույեն Շին Հունգի հետ Նախագահ Սերժ Սարգսյանը քննարկել է հայ-վիետնամական միջխորհրդարանական կապերի ստեղծման և ամրապնդման, այդ նպատակով երկու երկրների խորհրդարաններում պատգամավորական բարեկամական խմբերի ստեղծման հնարավորությունները:

Նգույեն Շին Հունգը Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել է ս.թ. մայիսի 6-ին Հայաստանում ԱԺ ընտրությունների հաջող անցկացման և Նախագահի գլխավորած կուսակցության հաղթանակի կապակցությամբ, մաղթել հաջողություններ:

Օրվա ավարտին ի պատիվ Հայաստանի նախագահի՝ Վիետնամի նախագահ Չիոնգ Տան Շանգի անունից տրվել է պաշտոնական ընթրիք:

Ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Այսօր ուշ երեկոյան Նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երևան:

← Վերադառնալ