Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Ճապոնիա
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Ճապոնիա:
Սենդայ քաղաքում Նախագահն այցելել է «Յուրիագե-Հիյորիյամա» հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել 2011թ. Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհվածների հիշատակին: Սերժ Սարգսյանը ծանոթացել է աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ կատարված աշխատանքներին, ապա այցելել ցունամիից տուժածների ժամանակավոր կացարանները ներառող համայնք և Նատորիի վերականգնողական կենտրոնում հանդիպել բնակիչների հետ:
Նախագահն իր և պատվիրակության անունից ողջունել է աղետից տուժած Սենդայի բնակիչներին և նրանց փոխանցել հայ ժողովրդի համակրանքը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մոտ մեկ տարի առաջ Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի լուրից Հայաստանում ցնցված էին և ուշի-ուշով հետևում ու աղոթում էին Ճապոնիայի ժողովրդի համար: «Այդ ժամանակ Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգեհանգստյան պատարագ մատուցվեց: Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթքներին միացան հազարավոր հայեր և աղոթեցին բոլոր զոհերի հիշատակի համար:
Մենք գիտակցում և ընկալում էինք բնության այդ արհավիրքի ողջ ծանրությունը: Դուք բազմաթիվ հարազատներ ու մտերիմներ եք կորցրել, և ես գլուխ եմ խոնարհում նրանց հիշատակի առջև»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա նշել է, որ երախտապարտ հայ ժողովուրդը չի մոռացել բարեկամ Ճապոնիայի օգնությունն ու ջերմ վերաբերմունքը, երբ 1988թ. Հայաստանն էր մեծ դժվարությունների միջով անցնում՝ միաժամանակ հաղթահարելով ավերիչ երկրաշարժի հետևանքները: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ պատմության ընթացքում մեծ արհավիրքների դիմակայած ճապոնացիներն այս դժվարությունն էլ կհաղթահարեն և Ճապոնիայի կառավարությունը ժողովրդի հետ միասին կկարողանա լիովին վերացնել աղետի հետևանքները:
«Ճապոնիայի ժողովուրդն այս փորձությունից ավելի կոփված է դուրս գալու: Ցանկանում եմ, որ բոլորն ունենան իրենց տանիքը, տներում մանկան ճիչ լսվի, ընտանիքները լցվեն ջերմությամբ ու խաղաղությամբ»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Սենդայում Հանրապետության ղեկավարին ներկայացրել են նաև ցունամիի հետևանքով ավերված օդանավակայանում իրականացված վերականգնողական աշխատանքները:
Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև Սենդայից մեկնել է Տոկիո, որտեղ վաղը՝ հունիսի 6-ին, կմեկնարկեն Հանրապետության ղեկավարի հանդիպումները Ճապոնիայի բարձրագույն ղեկավարության հետ: