Մամուլի հաղորդագրություններ
Սերժ Սարգսյանի ուղերձը ՍՏԾՀ խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստի մասնակիցներին
Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստի մասնակիցներին:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ուրախ եմ ողջունելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստի մասնակիցներին և հյուրերին:
Հայաստանը մեծ նշանակություն է տալիս միջազգային կառույցների` հատկապես ՍԾՏՀ կազմակերպության գործունեությանը և վերջինիս խորհրդարանական ձևաչափի հետագա զարգացմանը` որպես տարածաշրջանային համագործակցության առանցքային մարմին: Դրա վառ ապացույցն է նաև այն, որ Հայաստանը պատրաստակամություն հայտնեց այս նիստը հյուրընկալել անգամ գործող խորհրդարանի վերջին օրերին` չկապելով ՍԾՏՀ ԽՎ բնականոն գործունեությունը ներպետական քաղաքական օրացույցի հետ:
Այսօր խորհրդարանական դիվանագիտությունն իր ուրույն տեղն է գրավում միջպետական հարաբերությունների զարգացման գործում: Հատկապես մեծ է նրա դերը ժողովրդավարական սկզբունքների արմատավորման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ապահովման գործում: Միջխորհրդարանական երկխոսության հաստատումը էական նշանակություն ունի նման արժեքների տարածման և փոխվստահության մթնոլորտի ձևավորման համար: Այդ ամենն, իր հերթին, օգնում է լիարժեք տարածաշրջանային համագործակցության հաստատման շնորհիվ հասնել տևական խաղաղության ու կայունության արմատավորմանը:
Հայաստանը համոզված է, որ միայն տարածաշրջանային համագործակցության ընդլայնմամբ, փակ սահմանների ապաշրջափակմամբ, բազմոլորտ փոխգործակցության խթանմամբ է հնարավոր հասնել փոխվստահության, ինչն էլ հիմք կհանդիսանա խաղաղ և փոխզիջումային ճանապարհով բոլոր վիճելի խնդիրների լուծման համար:
Այս համատեքստում ևս կարևորվում է Սևծովյան Տնտեսական Համագործակցության խորհրդարանական վեհաժողովի դերակատարությունը: Վստահ եմ, որ մեզ համախմբում են միասնական նպատակները՝ ուղղված քաղաքական երկխոսության խորացմանը, առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, մեր ժողովուրդների բարեկեցության ապահովմանը: Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է քայլեր ձեռնարկել այդ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ և ողջունելու է տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն:
Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի երևանյան 39-րդ լիագումար նիստի ընդհանուր քննարկումները նվիրված են ամենաարդիական թեմաներին` կայուն տնտեսական զարգացմանը, էկոլոգիային, բնակչության սոցիալական կարիքների բավարարմանը, մասնավոր բիզնեսին պետական աջակցության ապահովմանը: Ես ավելի քան համոզված եմ, որ հաշվի առնելով պառլամենտարիզմին բնորոշ փոխզիջումային մոտեցումները, դուք կարող եք զգալի դերակատարում ունենալ նշված խնդիրների նկատմամբ ընդհանուր` միևնույն ժամանակ բոլոր անդամ պետությունների շահերը հարգող որոշումներ կայացնելու գործընթացում:
Հաջողություն եմ մաղթում Ձեր աշխատանքներին»: