Մամուլի հաղորդագրություններ
Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Գարկունին
ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է 2012թ. ՀՀ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Գարկունին և առաքելության շտաբի ղեկավար, ԱՊՀ գործկոմի բաժնի ղեկավար Եվգենի Սլոբոդային:
Սերժ Սարգսյանը ողջունել է ներկայանալի կազմով Հայաստանում երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող Համագործակցության անդամ պետությունների դիտորդներին և վստահություն հայտնել, որ արդյունավետ աշխատանք կիրականացնեն:
«Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի մեր երկրում լավ ընտրություններ անցնեն՝ ազատ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, որպեսզի դրանց արդյունքները վստահություն ներշնչեն ինչպես մեր ժողովրդին, այնպես էլ մեր գործընկերներին: Մեզ համար դա շատ կարևոր է»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Դիտորդական առաքելության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանում գտնվող ԱՊՀ 173 դիտորդները, ովքեր աշխարհագրական տեսանկյունից ներառում են Համագործակցության անդամ գրեթե բոլոր երկրները, մեծ կարևորություն են տալիս ս.թ. մայիսի 6-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին, ինչը, նրա համոզմամբ, Հայաստանի և նրա նախագահի քաղաքականության նկատմամբ մեծ հարգանքի վկայությունն է:
Վլադիմիր Գարկունը բարձր է գնահատել ընտրություններին ընդառաջ ՀՀ ԿԸՀ-ի աշխատանքը, նշել է, որ ՀՀ ընտրական օրենսգիրքը լուրջ և կարևոր բարեփոխումների է ենթարկվել, նախընտրական քարոզչության իրենց մոնիթորինգի արդյունքներով մինչ այժմ արձանագրվել է հանգիստ, հավասարակշռված ընթացք, ԶԼՄ-երի աշխատանքը ևս այդ առումով դրական է համարել: