26
04, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ:

Հանրապետության ղեկավարն այցելել է Երևանի կոնյակի գործարանի Բերդ քաղաքի մասնաճյուղ, որտեղ Նախագահի ներկայությամբ բացվել է գործարանի հնեցման արտադրամասը: Հաշվի առնելով Հայաստանի սահմանամերձ շրջաններում արդյունաբերության զարգացման կարևորությունը՝ Երևանի կոնյակի գործարանն ընդլայնում է իր արտադրական կարողությունները: Գործարանի պատասխանատուների հավաստմամբ, Բերդի մասնաճյուղի գործարկումից հետո կավելանա նաև աշխատատեղերի թիվը:

Նախագահին ներկայացվել է Բերդ քաղաքում կառուցվող եկեղեցու շինարարական աշխատանքների ընթացքը ևս: Դրանք նախատեսվում է ավարտել 2014թ. առաջին կիսամյակում:

Աշխատանքային այցի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցվել է նաև ՀՀ Նախագահի 30.07.2008թ. կարգադրության միջոցառումների ժամանակացույցով նախատեսված Չինարի-Այգեձոր-Արծվաբերդ-Վերին Կարմիր աղբյուր-Բերդ ավտոճանապարհի վերանորոգման շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Տավուշում Հանրապետության ղեկավարը ծանոթացել է Վարագավանք վանքային համալիրի և դեպի համալիր տանող հանրապետական նշանակության ճանապարհի վերականգնման ծրագրերին ևս: Սերժ Սարգսյանին ներկայացվել է, որ Վարագավանքի վերականգնման աշխատանքներն իրականացվում են պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում: Հուշարձանի վերականգնողական աշխատանքների առաջին փուլի մեկնարկը նախատեսված է 2012թ. մայիսին: Սերժ Սարգսյանին զեկուցվել է նաև Վարագավանք պատմական հուշարձան տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ, ըստ որի նախատեսված շինարարական աշխատանքներն ավարտված են, և Իջևան-Բերդ մայրուղուց մինչև վանական համալիր տանող ճանապարհն ասֆալտապատված է:

Նախագահն այսօր եղել է նաև Վազաշեն համայնքում, ծանոթացել գյուղում իրականացված ծրագրերին: Նշվել է, որ ՀՀ պետական բյուջեի միջոցներով վերականգնվել է Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհի փլուզված հատվածը, ավարտվել են Վազաշենի համայնքային կենտրոնի շինարարական աշխատանքները, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի և համայնքի միջոցներով համայնքը գազաֆիկացվել է, ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվել են ոռոգման ջրանցքների մաքրման և վերանորոգման աշխատանքներ:

Մարզի մեկ այլ՝ Բաղանիս համայնքում Նախագահը ծանոթացել է տարածաշրջանային գյուղատնտեսական ծրագրերին, որոնց շրջանակներում կառուցվել են չորանոցներ, ներդրվել է համայնքի ինքնհոս ոռոգման համակարգ, աշխատանքներ են կատարվել համայնքի գազաֆիկացման ուղղությամբ:

Ակնաղբյուրում Նախագահն այցելել է «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի ծրագրով կառուցվող անասնապահական համալիր, ծանոթացել Ֆրանսիայի Օ-դը-Սեն նահանգի միջոցներով այս համայնքում իրականացվող գյուղատնտեսական ուղղվածության ծրագրերին:

Տավուշի մարզ Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը շարունակվում է: Հանրապետության ղեկավարը վաղը՝ ապրիլի 27-ին, կայցելի Դիլիջան:

← Վերադառնալ