Մամուլի հաղորդագրություններ
Սերժ Սարգսյանը մասնակցել է հայատառ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է հայատառ գրատպության 500-ամյակին նվիրված «Վարք հավերժության» քանդակի բացման արարողությանը: Քանդակը բացվել է մայրաքաղաքի Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկին հարակից տարածքում: Հեղինակն է ֆրանսաբնակ քանդակագործ Դավիթ Երևանցին: Քանդակը խորհրդանշում է Մատենադարանի ամենամեծ ձեռագիրը` «Մշո ճառընտիրը» փրկելու պատմությունը:
Հանրապետության ղեկավարն այսօր մասնակցել է նաև հայատառ գրատպության 500-ամյակին նվիրված մեկ այլ միջոցառման՝ Հայաստանի պատմության թանգարանում «Գրի հավերժությունը» խորագրով ցուցահանդեսի բացմանը: Այստեղ մեկ միասնական ցուցադրությամբ հանդես են եկել չորս խոշոր թանգարաններ՝ Հայաստանի պատմության թանգարանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի թանգարանը, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանը և Հայաստանի ազգային գրադարանը՝ ներկայացնելով հայ գրավոր մշակույթի հարուստ կենսագության լավագույն ու ամենաարժեքավոր ցուցանմուշները:
Հայաստանի ազգային պատկերասրահում Նախագահ Սերժ Սարգսյանը դիտել է նաև ժամանակակից նկարչուհի Արևիկ Պետրոսյանի «Հետադարձ հայացք» եռանկարը, որը նկարչուհին ստեղծել է հատուկ հայատառ գրատպության 500-ամյա հոբելյանի առիթով: