Մամուլի հաղորդագրություններ
Սերժ Սարգսյանը մասնակցել է «Երեվանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի բացման արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետարանում մասնակցել է «Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի բացման արարողությանը և այդ առիթով Երևանի քաղաքապետի պաշտոնական ընդունելությանը:
Ծրագրի բացման արարողության ժամանակ Հանրապետության ղեկավարը հանդես է եկել ելույթով:
Քաղաքապետարանում Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է նաև «Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի առիթով թողարկված գեղաթերթիկի մարման արարողությանը:
Սերժ Սարգսյանը դիտել է նաև Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակմանը նվիրված «Բուենոս Այրես» խորագրով արխիվային լուսանկարների ցուցահանդեսը: Այնուհետև Հանրապետության ղեկավարը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ծրագրի բացման առիթով Երևան ժամանած հյուրերի հետ միասին քաղաքապետարանից քայլելով գնացել է Հանրապետության հրապարակ, որտեղ դիտել է Երևանի հանրակրթական դպրոցների բազմաթիվ տաղանդավոր երեխաների մասնակցությամբ «ԱմրաԳՐԻ՛Ր քո ապագան» խորագրով կավճանկարչության և գեղանկարչության աշխատանքները:
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը «Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի բացման արարողության ժամանակ
Հարգելի՛ բարեկամներ
Աննախադեպ ու գեղեցիկ տոն է սկիզբ առել հինավուրց հայկական հողում: Մեր ողջ պատմության վկա բիբլիական Արարատ լեռան դիմաց հպարտորեն հառնած և շուրջ 2800-ամյա կենսագրություն ունեցող Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Գրավաճառների միջազգային դաշնության, Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի և Գրադարանային ասոցիացիաների միջազգային դաշնության ընտրությամբ 2012 թվականին հռչակվել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Խորհրդանշական է, որ Հայաստանի 12-րդ մայրաքաղաքը հենց 2012 թվականին դարձավ Գրքի 12-րդ համաշխարհային մայրաքաղաք:
Հինգհարյուրամյա տպագրություն ունեցող ժողովրդի համար սա մեծագույն հպարտություն է, համաշխարհային մշակույթին մատուցած ծառայությունների գնահատական:
Հակոբ Մեղապարտի ջանքերով 1512 թվականին հեռավոր Վենետիկում լույս տեսավ «Ուրբաթագիրքը»-ը, ևս 4 հայերեն տպագիր գրքեր:
Աշխարհի ամենատարբեր քաղաքներում շուրջ երկու հարյուր տարի դեգերումներից հետո, 1771 թվականին հայ տպագրությունը հաստատվեց հայրենիքում, Էջմիածնում հիմնադրվեց Հայաստանում առաջին տպարանը և տպագրվեց առաջին գիրքը` «Գիրք աղօթից, որ կոչի Զբօսարան հոգեւոր»:
Մեր ոսկեղենիկ մայրենիի, գրի և գրչության հանդեպ ակնածալից սերը հայ ժողովրդին ուղեկցել է իր պատմության բոլոր ժամանակներում, նույնիսկ, երբ թվացել է, թե այլևս անհնար է անգամ այդ մասին մտածել: Քանի-քանի անգամ են մեր չքնաղ բնօրրանն ասպատակել բիրտ ու բարբարոս հրոսակները` վայրի մի մոլուցքով փորձելով այրել, ոչնչացնել մեր ժողովրդի` միշտ դեպի լույսը տանող ճանապարհին ստեղծած մատյաններն ու գրքերը, որոնցում մեր միտքն էր, մեր քրիստոնեական հավատը: Բայց ամեն անգամ հայ մարդը ոչ միայն փրկել է դրանց բեկորները, այլև արարչական մի զորությամբ նոր մատյաններ է գրել ու ծաղկել` ներքին այն համոզմամբ, որ անպայման գալու է այդ ամենը գնահատելու և իմաստավորելու ժամանակը:
Հարգելի՛ բարեկամներ
Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առթիվ այստեղ են աշխարհի շուրջ երեսուն երկրներից ժամանած ավելի քան հիսուն բարձրաստիճան հյուրեր, այդ թվում` ՅՈՒՆԵՍԿՕ-ից, Բուենոս-Այրեսից, որ էստաֆետը հանձնում է Երևանին, և Բանգկոկից, որ պետք է ստանձնի այդ իրավունքներն ու պարտականությունները 2013 թվականին:
Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաքի խորհրդանիշը ստանում է Հայոց ցեղասպանության իննսունյոթերորդ տարելիցի նախօրյակին: Սա ևս մեկ հավաստումն է այն բանի, որ անհնար է սպանել ոգին և ժողովրդի հավաքական միտքը: Պակաս խորհրդանշական չէ այն փաստը, որ Երևանն այս էստաֆետն ընդունում է Բուենոս-Այրեսից, որտեղ Մեծ եղեռնից հետո մեր հազարավոր հայրենակիցներ փրկության ափ դուրս եկան:
Հարգելի՛ բարեկամներ
Հիշարժան այս օրերին, նաև ողջ տարվա ընթացքում, մայրաքաղաքում, հանրապետության քաղաքներում և շատ այլ համայնքներում բազմաթիվ մշակութային իրադարձություններ են սպասվում: Դրանք մեկ գլխավոր նպատակ ունեն. ևս մեկ անգամ կարևորել գրքի դերը մեր կյանքում, ևս մեկ անգամ աշխարհի քարտեզին մեր տեղը և էությունը ցույց տալ, կրկին փաստել, որ մենք ոգու ժողովուրդ ենք և գիտենք գնահատել, պահպանել ու հարստացնել ոչ միայն հայոց, այլև համաշխարհային ու համամարդկային հոգևոր մշակութային ժառանգությունը, որ յուրաքանչյուր քաղաքակիրթ ժողովրդի այցեքարտն է, նրա լինելիության գլխավոր նախապայմանը:
Բարի ե՛րթ Գրքի 2012թ. համաշխարհային մայրաքաղաք Երևանին: