Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ:
Հանրապետության ղեկավարն այցելել է մարզի Ախուրյան համայնք և Գյումրու «Մուշ-2» և «Անի» թաղամասեր, ծանոթացել 1988-ի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանների կառուցման 2008-2012թթ. ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքներին: Ախուրյանում Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել բազմաբնակարան շենքերի կառուցման շինհրապարակում, բնակապահովման և ախուրյանցիներին հուզող այլ հիմնախնդիրների շուրջ զրուցել համայնքի բնակիչների հետ:
Ախուրյան համայնքում կառուցվող 3 բազմաբնակարան շենքերով բնակելի համալիրի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2011թ. մայիսին, ներկայում կատարվում են շենքերի երկաթբետոնե կոնստրուկցիաների կառուցման աշխատանքները:
Գյումրիում Հանրապետության ղեկավարը «Մուշ-2» և «Անի» թաղամասերում այցելել է կառուցվող շենքերի տիպային բնակարաններ, ծանոթացել բնակպայմաններին և իրականացված աշխատանքի ընթացքին ու որակին:
Նախագահին զեկուցել են, որ Գյումրիում «Գլենդել Հիլզ» ընկերության կողմից իրականացվող բնակարանաշինությունն ավարտական փուլին է մոտենում: Ներկայում ընթանում են բնակարանների ներքին հարդարման և թաղամասերում արտաքին բարեկարգման աշխատանքները: Բոլոր շենքերը չորս հարկանի մոնոլիտ կառույցներ են, քաղաքաշինության ժամանակակից չափանիշներին համապատասխան, առնվազն 9 բալ սեյսմակայունության: Ամբողջ շինհրապարակն ընդգրկում է մոտ 11 հա հողատարածք. «Մուշ 2»-ում՝ 138 800 քմ և «Անի» թաղամասում՝ 19 000 քմ կառուցապատման մակերեսով:
Թաղամասերը շահագործման կհանձնվեն համապատասխան ենթակառուցվածքներով՝ ջրամատակարարման-ջրահեռացման, գազիֆիկացման, էլեկտրամատակարարման, փողոցային լուսավորության համակարգերով, ճանապարհներով: Իսկ բնակարանները շահագործման պատրաստ կլինեն ներքին հարդարմամբ և սանիտարական տեխնիկայով:
Շրջայցի ընթացքում Նախագահին ներկայացվել է նաև Գյումրու «Մուշ-2» թաղամասում 1080 աշակերտական տեղով դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների ընթացքը: Այստեղ նախատեսված է կառուցել չորս մասնաշենքից բաղկացած 2-ից 3 հարկանի դպրոց: Կառույցի շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված 2012 թ. օգոստոսին:
Հանրապետության ղեկավարն այցելել է նաև Գյումրու բժշկական կենտրոն, շրջայց կատարել կառուցվող հիվանդանոցում:
Առողջապահական այս հաստատությունը կառուցվում է՝ նկատի առնելով Գյումրու բժշկական ծառայությունների հետագա օպտիմալացման բնակչությանն առավել մատչելի, արդյունավետ, բարձրորակ և ժամանակակից համալիր բժշկական ծառայություններ մատուցելու անհրաժեշտությունը: Այդ նպատակով ՀՀ կառավարության 2006թ. որոշմամբ նախատեսվել էր միավորել Շիրակի մարզային, Սամարիթեր, Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցների ծառայությունները` Գյումրի քաղաքում ստեղծելով մեծահասակների մեկ բազմապրոֆիլ հիվանդանոց:
Բժշկական կենտրոնի շինարարությունը մեկնարկել է 2010թ. սեպտեմբերին և նախատեսվում է ավարտել 2012թ. մայիսի վերջին: Նորակառույց շինությունը միաձույլ հիմնակմախքով, բարձր սեյսմակայունությամբ, ժամանակակից հիվանդանոցաշինության միջազգային չափանիշներին համապատասխանող կառույց է: Այն շահագործման հանձնելուց հետո Գյումրի քաղաքում կգործի արդի բազմապրոֆիլ բժշկական կենտրոն` լայն ախտորոշիչ հնարավորություններով, ժամանակակից կահավորմամբ, վիրասրահներով, անհետաձգելի և ինտենսիվ բուժման բաժանմունքներով, մեկ, երկու և երեք տեղանոց հարմարավետ հիվանդասենյակներով, ինչպես նաև մայրաքաղաքի առաջատար կլինիկաների հետ հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվությունների իրականացման հնարավորությամբ:
Շիրակի մարզ աշխատանքային այցի շրջանակում Նախագահն այցելել է նաև հարևանությամբ գտնվող Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց, շրջել բուժհաստատությունում, ծանոթացել աշխատանքային պայմաններին ու առկա խնդիրներին:
Նկատի առնելով, որ այսօր առողջապահության բնագավառի աշխատակցուհիների համար կրկնակի տոն է, քանի որ Ապրիլի 7-ը՝ Մայրության և գեղեցկության տոնը համընկնում է Առողջապահության համաշխարհային օրվա հետ, Նախագահ Սերժ Սարգսյանը Ավստրիական մանկակական հիվանդանոցի բուժանձնակազմի և հիվանդանոցում բուժվող երեխաներին խնամող մայրերի հետ հանդիպման ժամանակ ջերմորեն շնորհավորել է նրանց տոնի կապակցությամբ և ի դեմս նրանց՝ հանրապետության բոլոր կանանց ու մայրերին, մաղթել՝ առողջություն, անձնական երջանկություն և անսահման սեր: Սերժ Սարգսյանը նշել է, որ մեծ գյումրեցի Հովհաննես Շիրազը իր «Հուշարձան մայրիկիս» գրքով անմահացրել է սերը ծնողի նկատմամբ, և նրա օրինակով յուրաքանչյուրը պետք է արժանի լինի իր ծնողներին, կանանց ու քույրերին, ցանկացած մեծ գործ կատարելիս անպայման հաշվի առնի, թե արվածի մասին ինչ կարծիք կարող են նրանք կազմել:
«Մայրության և գեղեցկության տոնն անչափ լուսավոր, գեղեցիկ ու հիանալի, բոլորիս համար հոգեհարազատ տոն է, քանի որ միավորում է մայրությունն ու գեղեցկությունը: Այս տոնը նաև ցույց է տալիս, որ մեր պատկերացմամբ մայրությունը՝ հենց իսկական գեղեցկությունն է: Շնորհավորում եմ մեր բոլոր մայրերին, քույրերին և դուստրերին տոնի առթիվ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահը բարձր է գնահատել Ավստրիական մանկակական հիվանդանոցի բուժանձնակազմի աշխատանքը, ովքեր տարեկան 16000 երեխայի օգնում են վերականգնել առողջությունը: Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ շրջայցի ժամանակ բարձրացված խնդիրները հնարավորին կարճ ժամկետում կլուծվեն, որպեսզի հիվանդանոցն ամբողջությամբ լինի բարեկարգ, ունենա բարձրակարգ մասնագետներ և հագեցած լինի ժամանակակից սարքավորումներով: Այդ ուղղությամբ Հանրապետության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:
Գյումրու Ավստրիական մանկակական հիվանդանոցը Շիրակի մարզի միակ բազմապրոֆիլ առողջապահական հաստատությունն է, որը կառուցվել է 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո Ավստրիայի կառավարության առաջարկությամբ և իրականացնում է երեխաների և դեռահասների ստացիոնար, ինչպես նաև ամբուլատոր բուժում բոլոր պրոֆիլներով:
2008թ. ՀՀ կառավարության որոշմամբ Շիրակի մարզում առողջապահական համակարգի օպտիմիզացիայի ծրագրի շրջանակներում նախատեսվում է «Ավստրիական մանկական հիվանդանոցը» վերակազմավորել «Ավստրիական մոր և մանկան կենտրոն»-ի, որը ենթադրում է հիվանդանոցում ծավալել նաև ծննդօգնություն և գինեկոլոգիական ծառայություններ:
Աշխատանքային այցի ավարտին Շիրակի մարզպետարանում Նախագահ Սերժ Սարգսյանն այցի արդյունքներով անցկացրել է խորհրդակցություն և համապատասխան հանձնարարականներ տվել պատասխանատուներին:
Նախագահը հանձնարարել է Կառավարությանը և «Գլենդել Հիլզ» ընկերությանը` Փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարարի և Ֆինանսների նախարարի զեկույցների հիման վրա բնակարանաշինության արդեն հաստատված ծավալներից բացի, սկսել նոր բնակարանների և բնակելի տների կառուցում գյուղական 15 նոր համայնքում և Գյումրիում, Ախուրյանում, Սպիտակում ու Վանաձորում:
Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ բնակարանների ապագա սեփականատերերը վիճակահանությունից հետո կառուցապատողների հետ միասին պետք է մասնակցեն իրենց բնակարանների ներքին հարդարման տարրերին վերաբերող խնդիրների լուծմանը: Սերժ Սարգսյանը հանձնարարել է նաև Գյումրու վերոնշյալ թաղամասերն ամբողջովին բարեկարգված, կանաչապատված, արտաքին հարդարմամբ և անհրաժեշտ բոլոր կոմունիկացիաներով, դպրոցի հետ միասին շահագործման հանձնել ս.թ. օգոստոսին: Նախագահի մեկ այլ հանձնարարությամբ, Կառավարությունը կքննարկի «Մուշ-2» թաղամասը Բուլվարային թաղամասին միացնող ճանապարհի կառուցման խնդիրը: