Մամուլի հաղորդագրություններ
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ՀՀ ՃՈ Երեվանի հաշվառման-քննական բաժնի բացման արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի բացման արարողությանը: Հանրապետության ղեկավարը ծանոթացել է այդ նոր ստորաբաժանման գործունեությանն ու տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման, վարորդական վկայականների հատկացման գործընթացի բարեփոխումների ուղղությամբ իրականացված աշխատանքներին, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակին: Նախագահին ներկայացվել է, որ Երևանի հաշվառման-քննական բաժինը միավորում է Ճանապարհային ոստիկանության Երևանի թիվ 1, թիվ 2 և թիվ 3 հաշվառման-քննական բաժանմունքները՝ կազմելով մեկ ստորաբաժանում: Ոստիկանության գործունեության ոլորտում բարեփոխումների ծրագրի համաձայն, նորակառույց վարչական շենքում գործող այդ բաժինը՝ իր արդիականացված ծառայություններով և քննական ավտոդրոմով քաղաքացիներին կսպասարկի ս.թ. ապրիլի 3-ից:
Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել նորակառույց շենքում, ծանոթացել տրանսպորտային միջոցների զննության կայանի աշխատանքին, հաշվառման-քննական բաժնի վարորդական վկայականների հատկացման և տրանսպորտային միջոցների գրանցման ու հաշվառման գործընթացներին, դիտել քննական ավտոդրոմը:
Նախագահին զեկուցվել է, որ տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման և վարորդական վկայականների հատկացման պարզեցված նոր ընթացակարգերի գործարկմամբ զգալիորեն կկրճատվի այդ աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամանակը: Մասնավորապես, հաշվառման և գրանցման համար ներկայիս 1-2 ժամվա փոխարեն այն կտևի 30-35 րոպե: Արդյունքում՝ էապես կնվազեն նաև առաջացող հերթերը, կբարելավվի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը:
Վերոնշյալ բարեփոխումների իրականացման համար ընդհանուր առմամբ ներդրվել է շուրջ 1 մլրդ 400 մլն դրամ՝ ՀՀ ոստիկանության արտաբյուջետային միջոցների հաշվին:
***
Լրացուցիչ տեղեկություններ
Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական նոր ստորաբաժանման ստեղծմամբ և տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման ու վարորդական վկայականների հատկացման գործընթացի բարեփոխումների շրջանակում, մասնավորապես՝
1. նախատեսվում է տրանսպորտային միջոցների գրանցումը, հաշվառումը և վարորդական վկայականների հատկացումն իրականացնել հոսքագծի եղանակով` առանց գրավոր դիմում ներկայացնելու,
2. տրանսպորտային միջոցի գրանցումից և հաշվառումից հանելու առանձին գործընթաց այլևս չի իրականացվելու, փոխարենը նոր սեփականատիրոջ անվամբ գրանցման հետ միաժամանակ տրանսպորտային միջոցը հանվելու է նախկին սեփականատիրոջ անվամբ գրանցումից և հաշվառումից,
3. հանվել է տրանսպորտային միջոցի գրանցումը և հաշվառումը սեփականատիրոջ հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանումում իրականացնելու պարտադիր պահանջը, և ցանկացած ստորաբաժանումում հնարավոր կլինի իրականացնել ցանկացած վայրում հաշվառված անձի տրանսպորտային միջոցի գրանցում և հաշվառում, ինչի արդյունքում` վերանում է տարանցիկ համարանիշերի համար սահմանված 3.000 դրամ տուրք վճարելու անհրաժեշտությունը,
4. հանվել է տրանսպորտային միջոցի օտարման կապակցությամբ գրանցման և հաշվառման գործողություն կատարելու ժամանակ նախկին սեփականատիրոջ կողմից ապահովագրական (ԱՊՊԱ) պայմանագիր կնքած լինելու հանգամանքը պարզելու և որպես դրա հետևանք` ապահովագրական պայմանագիր չունենալու դեպքում վարչական վարույթ իրականացնելու պարտականությունը,
5. որևէ կարգի վարորդական վկայական ունեցող անձը նոր կարգ ստանալու համար այլևս չի հանձնի տեսական քննությունը, և վարորդական վկայականը կստանա միայն գործնական քննության արդյունքների հիման վրա, ինչի արդյունքում վերանում է տեսական քննության համար սահմանված 3.000 դրամ տուրք վճարելու անհրաժեշտությունը, ավելին` վարորդական վկայական ստանալու գործնական քննությունը, ներկայիս երկու փուլի (ավտոդրոմում և ճանապարհային երթևեկության իրական պայմաններում) փոխարեն, անցկացվելու է մեկ փուլով (միայն ավտոդրոմում),
6. տրանսպորտային միջոցի գրանցման, հաշվառման և վարորդական վկայական ստանալու բոլոր գործերը և մատյանները վարվելու են էլեկտրոնային եղանակով` հաշվառման շտեմարանների տեսքով, իսկ տրանսպորտային միջոցի օտարման հասարակ գրավոր պայմանագիրը կազմվելու է ավտոմատ` համակարգ մուտքագրված տվյալների հիման վրա,
7. փոխվել է տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հատկացման աճուրդային կարգը, և այդ համարանիշերը հատկացվելու են սահմանված գնի վճարման դիմաց, այսինքն տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակ սեփականատերը հնարավորություն կունենա ընտրել ցանկացած ազատ համարանիշ, և տրանսպորտային միջոցը նույն պահին կհաշվառվի այդ համարանիշով (Երևանի հաշվառման-քննական բաժնում վճարովի համարանիշերի պատրաստումը ևս իրականացվելու է տեղում),
8. տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը և վարորդական վկայականը կտրվի տեղում` անմիջապես գործողությունը կատարելուց հետո: