Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Սինգապուրի Հանրապետություն
Ի պատիվ պետական այցով Սինգապուրի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Սինգապուրի նախագահ Թոնի Տան Քեն Յամի անունից այսօր տրվել է պետական ընթրիք: Իր բաժակաճառում Նախագահ Սարգսյանը նախ երախտագիտություն է հայտնել Սինգապուրի նախագահին և երկրի իշխանություններին ջերմ հյուրընկալության համար, ապա անդրադարձել հայ-սինգապուրյան հարաբերությունների ավանդաշատ պատմությանը, ներկային և խոստումնալից հեռանկարին: Նախագահ Սարգսյանը խոսել է նաև երկու ժողովուրդների բարեկամական կապերի մասին, որոնք խոր արմատներ ունեն:
«Չնայած սակավությանը, հայերն իրենց արժանի ներդրումն են ունեցել Սինգապուրի հասարակական և տնտեսական կյանքի ամենատարբեր ոլորտներում, ինչը, իմ որակմամբ, նաև ձեր ժողովրդից ներազդվելու արդյունք է: Չէ՞ որ փոքր քանակն ու բարձր որակը մեծապես ներհատուկ է Սինգապուրի տաղանդաշատ ժողովրդին:
Խորապես շնորհակալ ենք Սինգապուրի կառավարությանը հայ համայնքի, ինչպես նաև իր տարածքում գտնվող հայկական պատմական ժառանգության հանդեպ ցուցաբերվող ուշադրության համար: Կարծում եմ, որ այսօր էլ Սինգապուրում գոյություն ունեցող ոչ մեծ հայ համայնքը իր դրական ներգրավվածությամբ երկրի տնտեսական, քաղաքացիական և մշակութային կյանքում, նպաստում է հայ-սինգապուրյան հարաբերությունների կառուցման գործին:
Հայ համայնքի գործոնը լավագույնս վկայում է այն մասին, որ Սինգապուրում բազմամշակութային հասարակությունը կայացել է: Ինչպես նաև վկայում է այն մասին, որ Սինգապուրի քաղաքացին ոչ թե գնահատվում է ըստ էթնիկ կամ կրոնական պատկանելության, այլ ըստ օրինապաշտության, կրթվածության, շնորհալիության և աշխատասիրության:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Խոսեցի հայ-սինգապուրյան պատմական առնչությունների մասին, հայ համայնքի մասին, մեր ժողովուդներին միացնող արժեքների ու հատկանիշների մասին: Սակայն անկեղծորեն ասեմ՝ մեր հավակնություններն այսօր շատ ավելին են: Եվ կարծում եմ՝ վերոնշյալ բոլոր հանգամանքները կարծր հիմք են ստեղծել որակական նոր մակարդակի`միջպետական հարաբերությունների զարգացման համար:
Հայ-սինգապուրյան հարաբերություններում որակական նոր փուլ ազդարարեց 2009թ. Սինգապուրի հիմնադիր վարչապետ պրն. Լի Կուան Յուի այցը Հայաստան: Հայաստանը խորապես տպավորված է Սինգապուրի քաղաքական, տնտեսական և հասարակական առաջընթացով: Տնտեսական բարեկեցություն և սոցիալական արդարություն ապահովող ազգային մոդելի ստեղծման առումով Հայաստանը բազմաթիվ դասեր ունի քաղելու սինգապուրյան փորձից: Այս կապակցությամբ թույլ տվեք հիշատակել պարոն Լի Կուան Յուի Երևանում տված իմաստուն խորհուրդը, որը շատ վառ է մնացել իմ հիշողության մեջ. «Դուք պետք է կրթեք մարդկանց, ստիպեք ապրել և մտածել առաջին կարգի աշխարհի քաղաքացու պես: Ձեր հայացքն ուղղեք դեպի Եվրոպա, Ամերիկա և ես կասեի` դեպի Արևելյան Ասիա»: Մի՞թե կարող էի չհետևել այս բյուրեղյա խորհրդին»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ընդգծելով, որ երկու երկրների պատմության մեջ Հայաստանի նախագահի ներկայիս պետական այցն առաջինն է նախագահական մակարդակով, որը հավաստում է Հայաստան-Սինգապուր միջպետական հարաբերությունների հասունության որոշակի հանգրվանի հասնելու մասին, Սերժ Սարգսյանը նշել է, որ տպավորված է Սինգապուրի նվաճումներով, Նախագահ Թոնի Տանի և Վարչապետ Լիի հետ իր ունեցած հանդիպումներով:
«Այս տարի մենք տոնում ենք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը: Կարծում եմ սա մեզ պարտավորեցնում է, որ երկուստեք անենք հնարավորը, որպեսզի մեր ժողովուրդներն ավելի լավ ճանաչեն միմյանց և մեր հարաբերությունները որակական վերընթաց զարգացում ապրեն»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը: