28
03, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Սինգապուրի բարձրագույն ղեկավարության հետ

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով երեկ երեկոյան ժամանել է Սինգապուրի Հանրապետություն:

Այսօր Հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել Սինգապուրի բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Թոնի Տան Քեն Յամի, վարչապետ Լի Սյան Լունի հետ, ինչպես նաև մասնակցել է Սինգապուրի բիզնես ֆեդերացիայի անունից ի պատիվ Հայաստանի նախագահի տրված ճաշին, որին ներկա են եղել այդ երկրի խոշոր գործարարներն ու ամենաազդեցիկ կորպորացիաների ղեկավարները:

Սինգապուրի և Հայաստանի նախագահները քննարկել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու, հայ-սինգապուրյան քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու ուղղությամբ հնարավոր քայլերը: Սինգապուրի նախագահ Թոնի Տան Քեն Յամի խոսքով, չնայած երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին քսան տարի առաջ, հայ-սինգապուրյան կապերը գոյություն ունեն 150 տարուց ավելի. հայերն են Սինգապուրում տպագրել առաջին թերթը, հիմնել առաջին քրիստոնեական եկեղեցին: Սերժ Սարգսյանի դիտարկմամբ, Սինգապուրն արագ զարգացած հաջողված պետության լավ օրինակ է բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար: Նախագահները երկուստեք ցանկություն են հայտնել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական այս տարին նշանավորվի նաև որպես Հայաստանի և Սինգապուրի միջև համագործակցության ընդլայնման ու ամրապնդման տարի: Երկու երկրների նախագահները խոսել են կրթության, գիտության, քաղաքացիական ծառայության ոլորտներում համագործակցության, սինգապուրյան փորձը Հայաստանում ներդնելու մասին:

Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունի հետ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպմանն անդրադարձ է եղել հատկապես երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդմանը:

Վարչապետ Լի Սյան Լունի խոսքով, փոքր երկրները միջազգային հարաբերությունների ուղեգիծը չեն որոշում, բայց հետևում են միջազգային կանոններին: Երկրի չափերը, վարչապետի համոզմամբ, զարգացման խոչընդոտ լինել չեն կարող: Այդ իմաստով, ըստ նրա, պատահական չէ, որ երկու երկրներն էլ մասնակցել են Սեուլի միջուկային անվտանգության գագաթնաժողովին:

Հայաստանի նախագահի և Սինգապուրի վարչապետի հանդիպմանը ևս երկուստեք ընդգծվել է Սինգապուրի պատմության ընթացքում հայ համայնքի ունեցած նշանակալի դերակատարումը: Հատկապես հիշելով հայ գործարարների բարի համբավը և Սինգապուրում 19-րդ դարի վերջին առևտրային հարաբերությունները զարգացնելու գործում նրանց ունեցած յուրահատուկ առաքելությունը՝ Լի Սյան Լունը ցանկություն է հայտնել վերականգնված տեսնել հայ-սինգապուրյան տնտեսական սերտ կապերը:

Սինգապուրի «Իստանա» նստավայրում պաշտոնական բանակցությունները եզրափակվել են փաստաթղթերի ստորագրմամբ: Մասնավորապես, ստորագրվել են Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին և Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին:

Պետական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է նաև Սինգապուրի բուսաբանական այգի, որտեղ տեղի է ունեցել այդ երկրի ազգային խորհրդանիշը համարվող ծաղկի՝ «Սինգապուրյան խոլորձի» անվանակոչության արարողությունը: Այսպիսի միջոցառումներ Սինգապուրում տեղի են ունենում ի պատիվ երկրի բարձրաստիճան հյուրերի և անվանի գործիչների: Վերոնշյալ արարողակարգին Հայաստանի նախագահի մասնակցությունը մեկ այլ խորհուրդ ևս ուներ. «Վանդա Միսս Ջոակիմ» անունը կրող խոլորձի տեսակը, որը հայտնի է նաև որպես «Սինգապուրյան խոլորձ» կամ «Ալոհա արքայադստեր խոլորձ», իր անվանումն ստացել է` ի պատիվ Սինգապուրում բնակվող հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմի (Աշխեն Հովակիմյան), ով հայտնաբերել է այս ծաղկատեսակը: Ագնես Ջոակիմը (Աշխեն Հովակիմյան) ծնվել է 1854թ. ապրիլի 7-ին Սինգապուրում` Բարսեղ և Ուրելիա Ջոակիմների (Հովակիմյան) ընտանիքում:

Նախագահ Սերժ Սարգսյանը պատվո հյուրերի գրքում իր գրառման մեջ այս կապակցությամբ նշել է. «Բնության այս հրաշքը` «Վանդա Միսս Ջոակիմ» խոլորձը, իր մեջ ամփոփում է նույնքան ներդաշնակություն և գեղեցկություն, որքան հատուկ է Սինգապուրին և նրա ժողովրդին: Հպարտ եմ, որ Սինգապուրի ազգային ծաղիկը կրում է հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմի անունը: Չէ որ գեղեցիկի հանդեպ իր քնքուշ սիրով Ագնեսը հայերիս անունը առհավետ միահյուսեց Սինգապուրի ժողովրդի պատմությանը: Թող որ այս չքնաղ ծաղիկը նաև հայ-սինգապուրյան բարեկամության հարատևության խորհրդանիշը լինի»:

Հանրապետության ղեկավարը Սինգապուրի ամենաազդեցիկ կորպորացիաների և երկրի խոշոր բիզնես ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկել է Հայաստանում ներդրումներ անելու հեռանկարները: Սինգապուրի գործարար շրջանակների ներկայացուցիչները հետաքրքրվել են հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, առողջապահության, քաղաքաշինության և քաղաքաշինական ծրագրավորման, ՀԷԿ-երի շինարարության, աղբահանության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններով: Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում Սինգապուր կայցելեն նաև հայ գործարարները` բանակցություններն ու մտադրություններն ավելի որոշակի ծրագրերի վերածելու նպատակով:

Սինգապուրի Հանրապետություն Հայաստանի նախագահի պետական այցի առաջին օրվա ավարտին նախատեսված է նաև Նախագահ Սերժ Սարգսյանի պատվին Սինգապուրի նախագահ Թոնի Տան Քեն Յամի անունից պետական ընթրիք:

← Վերադառնալ