15
03, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կորեայի դեսպան Վի Սոն Լակը

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության դեսպան Վի Սոն Լակը:

Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ իր փորձն ու կարողությունները դեսպան Վի Սոն Լակը լավագույնս կօգտագործի Հայաստանի և Կորեայի միջև հարաբերությունների խորացման գործում:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ հատկապես վերջին տարիներին ակտիվացած հայ-կորեական քաղաքական երկխոսությունը, տարբեր մակարդակի փոխայցելությունները վկայում են հարաբերություններն ամրապնդելու և խորացնելու երկկողմ ցանկության մասին: Կարևորվել է հատկապես միջազգային կառույցներում, առևտրատնտեսական և մշակութային բնագավառներում փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ աշխատանքը:

Կորեայի դեսպանն ուրախությամբ է փաստել, որ մեր երկիր է ժամանել Հայաստանի և Կորեայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի տարում և հանձնառություն ունի շարունակելու և զարգացնելու այն ձեռքբերումները, որոնք բարեկամ երկու երկրներն ունեցել են անցած 20 տարիների ընթացքում:

Դեսպան Վի Սոն Լակի համոզմամբ, հայ-կորեական քաղաքական երկխոսությանը նոր որակ և բովանդակություն կհաղորդի նաև Նախագահ Սերժ Սարգսյանի առաջիկա այցը Կորեայի Հանրապետություն:

← Վերադառնալ