15
12, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Վենետիկի քաղաքապետարան

album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Վենետիկի քաղաքապետարան: Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել Երևանը և Վենետիկը քույր քաղաքներ հռչակելու գործընթացն սկսելու վերաբերյալ երկու քաղաքների միջև համաձայնագրի ստորագրման արարողությանը: Փաստաթուղթն ստորագրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Վենետիկի քաղաքապետ Ջորջո Օրսոնին:

Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ քաղաքապետ Ջորջո Օրսոնիին, Վենետիկը և Երևանը քույր քաղաքներ հռչակելու գործում ցուցաբերած պատրաստակամության և ջերմ ընդունելության համար: Տարոն Մարգարյանը նշել է, որ երկու քաղաքները պատմական և մշակութային հարուստ անցյալ ունեն և համագործակցության լավ ապագա: Նա վստահություն է հայտնել, որ քույր քաղաքների միջև փոխգործակցությունն ավելի արդյունավետ կլինի՝ ներառելով համաձայնագրում նշված բոլոր ոլորտները: Տարոն Մարգարյանը Վենետիկի քաղաքապետին հրավիրել է Երևան՝ 2012 թվականի ապրիլի 23-ին մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարություններին, իսկ հոկտեմբերին՝ իր գլխավորած պատվիրակությամբ ներկա գտնվելու Երևանի 2794-րդ տարեդարձին:

Վենետիկի քաղաքապետ Ջորջո Օրսոնին նշել է, որ Վենետիկը մեծագույն հաճույքով է քույրացման համաձայնագիր կնքում Հայաստանի մայրաքաղաք Երևանի հետ: Նրա խոսքով, այս փաստաթղթի ստորագրումը երկու երկրների հասարակությունների համար կարևորագույն իրադարձություն է, որ նշանավորում է մի նոր հարթություն՝ Վենետիկը հայ ժողովրդին կապող ավելի քան 16 դար ձգվող ճանապարհին: Քաղաքապետ Օրսոնին ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունները պատմության ընթացքում ամրապնդվել ու հարստացվել են նորանոր ձեռքբերումներով ոչ միայն Վենետիկի և Մխիթարյան միաբանության, այլ նաև Վենետիկի և հայկական պետության ու աշխարհով մեկ սփռված ստվար և գործուն հայկական համայնքի միջև: Քաղաքապետի խոսքով, հայ ժողովուրդը Վենետիկի պատմության մի մասն է՝ սկսած ակունքներից և մշտապես նպաստել է քաղաքի տնտեսական, մշակութային ու հոգևոր զարգացմանը:

Ջորջո Օրսոնին հատկանշական է համարել, որ նախորդ օրը քաղաքային խորհուրդը երկու քաղաքների քույրացման համաձայնագրի կնքման շուրջ քննարկումների ժամանակ զարմանք է հայտնել, թե ինչո՞ւ այս տասնամյակների ընթացքում Վենետիկը հայ ժողովրդի մայրաքաղաքի հետ քույրացման համաձայնագիր չի կնքել:

Համաձայնագրի ստորագրումից հետո, Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Երևանի և Վենետիկի քաղաքապետներին, նաև շնորհակալություն հայտնել Վենետիկի քաղաքային խորհրդին՝ փաստաթղթի անհրաժեշտությունը և կարևորությունը նման ձևով ընդգծելու համար: Հանրապետության ղեկավարի խոսքով, դա ևս մեկ անգամ փաստում է, որ երկու ժողովուրդները միմյանց համար օտար չեն, և պետք է շարունակել դարերի պատմություն ունեցող մեր նախնիներից ժառանգած բարեկամական հարաբերությունները՝ դրանք հասցնելով ավելի բարձր մակարդակի:

Ավարտելով աշխատանքային այցը Իտալիայի Հանրապետություն և Վատիկան՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր վերադարձել է Երևան:

← Վերադառնալ