30
11, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցի, որից հետո Հանրապետության ղեկավարը եկեղեցու բակում մասնակցել է հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշովի կիսանդրու բացման արարողությանը:

Թբիլիսիում Նախագահը հանդիպում է ունեցել նաև Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, որոնք առավելապես վերաբերել են Վրաստանում հայ համայնքի հոգևոր, մշակութային, կրթական կյանքի կազմակերպմանն ու զարգացմանը, հայրենիքի հետ վիրահայ համայնքի կապերի սերտացմանը, երկու երկրների միջև սահմանային անցակետերի գործունեության բարելավմանն ու այլ խնդիրների:

Պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ այսօր մասնակցել է հայ-վրացական գործարար համաժողովի բացմանը:

Սերժ Սարգսյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին և կարևորել երկու պետությունների գործարար համայնքների ներկայացուցիչների հանդիպումն ու ակտիվ համագործակցությունը՝ հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման և երկու պետությունների զարգացման տեսանկյունից: Նշելով, որ հաճելի է տեսնել վերջին մի քանի տարիներին հարևան Վրաստանի արձանագրած հաջողությունները, Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների տնտեսություններն ինչ-որ չափով նման են միմյանց, այդ թվում՝ բնական ռեսուրսների սակավությամբ, ինչը ենթադրում է, որ պետք է հաջողությունների հասնել ի շնորհիվ լավ կառավարման և մարդկային ներուժի:

Սերժ Սարգսյանը խոսել է Հայաստանի տնտեսության մեջ կատարվող ներդրումների, տնտեսության առաջնահերթ ուղղությունների, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման ընթացքում երկրի տնտեսության մեջ որոշ ոլորտներում արձանագրված դրական ցուցանիշների և դեռևս առկա խնդիրների մասին: «Ես հպարտ եմ, որ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում շատ արագ է զարգանում, և այս տարի մենք ակնկալում ենք այս ոլորտում 25 տոկոսի աճ: Այն, որ այսօր համաշխարհային առաջատար ընկերություններն այդ հանգամանքին ուշադրություն են դարձնում և Հայաստանում ներդրումներ են կատարում, մեզ, իհարկե, ուրախացնում և մեծ հույսեր է ներշնչում»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի խոսքով, եթե ժողովուրդների, հասարակ քաղաքացիների միջև չկան լավ հարաբերություններ, ապա տնտեսական հարաբերությունները պարզապես չեն կարող լավ զարգանալ: Բոլոր մակարդակներում ակտիվ շփումներն օգտակար համարելով՝ Նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ կմեծանան փոխադարձ ներդրումները երկու երկրներում:

Ավարտելով պաշտոնական այցը Վրաստան՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան:

← Վերադառնալ