26
11, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի և Տավուշի մարզեր

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի և Տավուշի մարզեր:

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում Նախագահն այցելել է «Արաբկիր» բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ) Գեղարքունիքի մարզի Գավառի մասնաճյուղ` Երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոն (ԵԶՎԿ): Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել բժշկական կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին և մատուցվող ծառայության որակին:

Մարզերում բնակվող հատուկ կարիքներով երեխաների վաղ հայտնաբերումը, զարգացման գնահատումը, նրանց վերականգնողական բուժումն առավել հասանելի դարձնելու նպատակով` «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ն, ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ, 2003թ. նախաձեռնել է մարզերում Երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոնների հիմնումը: Հանրապետության ղեկավարին ներկայացվել է, որ 2008թ-ից գործող Գավառի ԵԶՎԿ-ն իր չափերով փոքր էր և հնարավորություն չուներ սպասարկելու տարածաշրջանի բոլոր երեխաներին, որի համար էլ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ն 2010-2011թթ. տարբեր կազմակերպությունների և հովանավորների աջակցությամբ այս քաղաքում կառուցել և կահավորել է մեկ այլ՝ ավելի մեծ և հարմարավետ կենտրոն: Այն վերականգնողական ծառայություններ և մասնագիտական խնամք է տրամադրում Գեղարքունիքի մարզում բնակվող ֆիզիկական, մտավոր, լսողական, խոսքի, հաղորդակցման և այլ զարգացման խնդիրներով երեխաներին: Կենտրոնը հնարավորություն ունի տարեկան սպասարկելու մինչև 200 երեխա՝ իրականացնելով ավելի քան 15000 այցելություն: Նշվել է, որ նախկին ԵԶՎԿ շենքը գործելու է որպես երեխաների զարգացմանը և հաշմանդամության կանխարգելմանն ուղղված տեղեկատվական և ուսումնական ծրագրերի «Ռեսուրս» կենտրոն:

Գավառ քաղաքում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաև Գավառի բժշկական կենտրոնի բացմանը, որտեղ Նախագահին ներկայացվել են կենտրոնում իրականացված օպտիմալացման և ներդրումային ծրագրերը, առողջապահական այս հաստատության հնարավորությունները:

Նշվել է, որ Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Գավառի բժշկական կենտրոնը կազմավորվել է Գավառի հիվանդանոցի և ծննդատան միաձուլման արդյունքում: Ընդհանուր առմամբ վերանորոգվել և կառուցվել է շուրջ 3835 քմ մակերեսով տարածք, մասնավորապես` իրականացվել է բժշկական կենտրոնի մասնաշենքի ամբողջական հիմնանորոգում: Սկսվել են նաև դիարանի շենքի կառուցման և ինֆեկցիոն մասնաշենքի հիմնանորոգման շինարարական աշխատանքները:

Ծրագրի շրջանակներում հիվանդանոցը հագեցվել է արդի բժշկական սարքավորումներով՝ նախատեսված ընդունարանի, ինտենսիվ բուժման, ախտորոշիչ բաժանմունքների և վիրասրահների համար, կահավորվել՝ նոր բժշկական և կենցաղային կահույքով:

Առողջապահական այս հաստատությունն ունի նաև մայրաքաղաքի առաջատար կլինիկաների հետ հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվությունների իրականացման հնարավորություն:

Գեղարքունիքի մարզից Նախագահը մեկնել է Տավուշի մարզ: Դիլիջան քաղաքում Սերժ Սարգսյանն այցելել է վերջերս շահագործման հանձնված «Բեսթ Վեսթերն Փարադայս» հյուրանոց, ծանոթացել ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված հյուրանոցի պայմաններին, կատարված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին:

Հանրապետության ղեկավարին ներկայացվել է, որ Դիլիջանի «Բեսթ Վեսթերն Փարադայս» հյուրանոցի շենքի հիմնանորոգումը տևել է շուրջ 4 տարի, որի արդյունքում՝ վերակառուցման և տեխնիկական վերազինման համար ներդրվել է 7 մլն ԱՄՆ դոլար: Նշվել է, որ սպասարկման որակի միջազգային չափանիշներին համապատասխանության առումով, օտարերկրյա փորձագետներն ու որակի երաշխիքի գնահատողները, հետազոտելով և մասնագիտական վերահսկողություն իրականացնելով հյուրանոցի ընթացիկ գործունեության նկատմամբ, որոշում են կայացրել միջազգային չափանիշներին հյուրանոցի տեխնիկապես և մատուցվող ծառայությունների որակի համապատասխանության վերաբերյալ՝ շնորհելով լիիրավ անդամակցություն Բեսթ Վեսթերնի մեծ ընտանիքին` Դիլիջանի «Բեսթ Վեսթերն Փարադայս» հյուրանոց անվանմամբ: Բեսթ Վեսթերնն աշխարհի խոշորագույն հյուրանոցային ցանց է, որը գործում է ավելի քան 80 երկրում՝ ընդգրկելով 4000-ից ավելի հյուրանոց:

Հյուրանցային համալիրի աշխատակազմի 90%-ից ավելին համալրված է տեղական աշխատուժով, ովքեր մշտապես անցնում են միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան որակավորման դասընթացներ:

Դիլիջանում Հանրապետության ղեկավարը այցելել է նաև ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն»-ի շինհրապարակ, որտեղ Նախագահին ներկայացվել են մինչ այժմ կատարված աշխատանքները, շինարարության ընթացքն ու նախագծերը:

Նշվել է, որ «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն»-ի կառուցման հիմնական նպատակն է՝ ստեղծել ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական լուծումներով հագեցված ինստիտուտ, որտեղ կիրականացվեն միջազգային չափանիշներին համապատասխանող, տնտեսագիտության և ֆինանսների բնագավառներին առնչվող տարածաշրջանային և միջազգային կոնֆերանսներ, ուսումնական ծրագրեր` վերապատրաստվելու հնարավորություն ընձեռելով ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցներին: Կենտրոնում անհրաժեշտ պայմաններ կլինեն նաև տնտեսագիտության և ֆինանսների բնագավառում բազմակողմանի ուսումնահետազոտական աշխատանքների իրականացման համար: Նախատեսվում է նոր՝ ժամանակակից շտեմարանների կառուցման ուղղությամբ ևս աշխատանք իրականացնել, ինչը Հայաստանի տնտեսության վերաբերյալ կիրառական աշխատանքների իրականացման գործում հայաստանյան և միջազգային հետազոտողների համար լրացուցիչ խթան կհանդիսանա:

Կենտրոնում տարածքներ կհատկացվեն առևտրային բանկերի, ԱրՔա պրոցեսինգային կենտրոնի, ԱՔՌԱ-վարկային և ԱՊՊԱ-բյուրոների համար՝ վերջիններիս կողմից պահուստային տվյալների շտեմարանների ստեղծման հնարավորությամբ:

Կենտրոնի տարածքում կգործի նաև տարածքային դրամարկղային կենտրոն, որի միջոցով կսպասարկվեն տարածաշրջանի ֆինանսական կազմակերպությունները:

Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 29 000քմ: Համալիրը բաղկացած է երկու մասնաշենքից` գլխավոր և տեխնիկական: Կենտրոնի բացումը նախատեսված է 2013 թվականի հունվար ամսին:

«Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն»-ում աշխատող ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցների համար կառուցվում է նաև բազմաբնակարան բնակելի շենք՝ 64 ծառայողական բնակարանով՝ 6290քմ ընդհանուր բնակելի տարածքով: Շենքի առաջին հարկում նախագծված են մանկապարտեզ և առևտրային տարածքներ, որոնցից կկարողանան օգտվել Դիլիջան քաղաքի բնակիչները ևս:

ՀՀ կենտրոնական բանկի կողմից վերակառուցվում է Դիլիջանի նախկին գրադարանի շենքը ևս, որտեղ նախատեսվում է ստեղծել ժամանակակից «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոն՝ 1263,8 քմ ընդհանուր մակերեսով:



***



Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Գավառի բժշկական նորաբաց կենտրոնում Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին:

Պարո՛ն Նախագահ, ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները Գավառի նորաբաց բժշկական կենտրոնից:

Բնականաբար, տպավորություններս շատ լավն են: Ինքներդ տեսաք, թե ինչ պայմաններ են ստեղծվել և լսեցիք, որ սա յոթերորդ բժշկական կենտրոնն է, որ բացում ենք վերջին երկու տարիների ընթացքում: Հաջորդ տարի շահագործման կհանձնենք Գյումրիի ամենամեծ կենտրոնը և կսկսենք ևս վեց կենտրոնների շինարարություն: Գիտե՞ք, և՛ բժիշկների, և՛ պարզ մարդկանց հետ հանդիպման ժամանակ բոլորն էլ հասկանում են այսպիսի կենտրոնների առկայության կարևորությունը: Բնականաբար, խնդիրը ոչ միայն ժամանակի մեջ է, այլ այստեղ նաև հասանելիության ու հարմարավետության հարց է: Բնականաբար, գավառցին եթե պարտադրված է բուժվել, հիվանդանոցում պառկել, նրա համար շատ ավելի ցանկալի կլինի այսպիսի միջավայրում լինել, քան գնալ մայրաքաղաք: Հատկապես որ բժիշկները ևս պարտադրված են իրենց մասնագիտական որակավորումը բարձրացնելու, որովհետև առանց մասնագիտական ունակությունների անհնար է ժամանակակից սարքավորումներն օգտագործել: Սա տարածքների համաչափ զարգացման մեր ծրագրի մի մասն է, կարևոր բաղկացուցիչն է, բայց, իհարկե, միայն առողջապահության բնագավառով չենք սահմանափակվելու: Կարծում եմ, որ բոլորս մի կողմից պետք է ուրախ լինենք, մյուս կողմից՝ ակնկալիքներն ավելի շատ պետք է լինեն: Մենք բոլոր ծառայությունները պետք է մոտեցնենք մարդկանց, դարձնենք ավելի հասանելի, ավելի որակյալ: Շատ լավ տպավորություններ ունեմ: Օրինակ, բժիշկներն ասում են, միգուցե մի քիչ չափազանցնում են, բայց ասում են, որ այստեղ կան այնպիսի սարքավորումներ, որ Երևանի շատ հիվանդանոցներում չկան: Սա, իսկապես, ուրախալի է:

Քիչ առաջ եղանք նաև մեկ այլ բժշկական կենտրոնում, որտեղ իրենց առողջությունն են վերականգնում երեխաները: Արաբկիր առողջապահական կենտրոնի հետ միասին պետություն-մասնավոր համագործակցության մի գեղեցիկ ծրագիր է իրականացվում, որով խրոնիկ հիվանդություններ, մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաները վերականգնում են իրենց առողջությունը: Սա նրա համար եմ նաև շեշտում, որ, գիտե՛ք, մեկ շաբաթ հետո նշվելու է հաշմանդամների միջազգային օրը, և սա շատ լավ ազդակ է մեր հանրությանը՝ կարևորելու հաշմանդամների նկատմամբ վերաբերմունքը:

Պարո՛ն Նախագահ, եթե թույլ կտաք՝ մի հարց այլ թեմայի շուրջ. վերջերս սահմանում կրկին անհանգիստ է: Կխնդրեի Ձեր մեկնաբանությունները:

Քանի դեռ խնդիրը չի լուծվել, սահմանում միշտ անհանգիստ է լինելու: Բայց մեր ցանկությունն է, որպեսզի այդ անհանգիստ վիճակը մարդկային զոհերի պատճառ չդառնա: Գիտեք, որ վերջին մի քանի օրվա ընթացքում երկու զինվորի կորուստ ունեցանք, և մեր զինվորների մահը, այդ երկու զինվորի կորստի մեղքն ամբողջությամբ ընկնում է Ադրբեջանի իշխանությունների վրա: Եվ նաև նրանց բանակի հետագա կորուստների պատասխանատուներն էլ են իրենք, որովհետև մեզ համար մեր զինվորի կյանքը չափազանց թանկ արժե: Եթե նրանց համար իրենց զինվորի կյանքը ոչինչ չարժե, ապա մեզ համար, իրոք, շատ թանկ արժե: Սա բոլորը պետք է լավ հիշեն: Կարծում եմ, որ գնալով այս անհանգիստ վիճակը կմեղմվի:

Ինչո՞ւ, ինչի՞ վրա է հիմնված այդ համոզմունքը:

Ինչո՞ւ, որովհետև դա մեր ցանկությունն է, որովհետև տրամաբանությունը դա է հուշում, որովհետև մարդկային բանականությունը դա է պահանջում: Ամեն ինչ լավ է լինելու: Մի՛ կասկածեք: Գիտե՛ք, որպեսզի որևէ խնդիր լուծվի, մենք պետք է ցանկություն ունենանք ու նաև պետք է համոզմունք ունենանք: Եթե չունեցանք համոզմունք, եթե նպատակ չունեցանք, ապա ոչ մի բան չենք կարողանալու անել:

Պարո՛ն Նախագահ, մեկ հարց ներքաղաքական թեմայով. օրերս «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարություն արեց՝ հրապարակավ դիմելով Ձեզ ազատ, արդար ընտրությունների առաջարկություններով: Կուզենայի իմանալ Ձեր արձագանքը:

Ցավոք, այդ հայտարարությունն արված է ոչ թե սրտի ցավով և ոչ թե նպատակ ունենալով բարելավելու մեր քաղաքական գործընթացները, կոնկրետ՝ ընտրությունների կազմակերպումը, այլ ուղղակի նպատակ ունի վարկաբեկելու սկսված գործընթացը:

Ինչպես գիտեք, մենք թափ ենք հավաքում, և մեր նպատակն է անցկացնել շատ լավ ընտրություններ: Այստեղ ուզում եմ շեշտել, որ վերջին երկու ընտրությունները՝ և՛ նախագահական, և՛ խորհրդարանական, միջազգային դիտորդների կողմից գնահատվեցին որպես միջազգային չափանիշներին հիմնականում համապատասխանող ընտրություններ: Եվ մեր նպատակն է, որպեսզի այդ «հիմնականում» բառը հանվի: Այսինքն, դառնա միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ, և հենց այդ պատճառով էլ բազմաթիվ փոփոխություններ մտցրեցինք ընտրական օրենսգրքում, որոնք արժանացան մեր եվրոպական գործընկերների, մեր մյուս գործընկերների հավանությանը: Այսինքն, մենք ոչ միայն նպատակ ունենք, այլ նաև կոնկրետ գործողություններ ենք կատարում:

Կարծում եմ, որ այդ հայտարարության նպատակն ուղղակի սևացնելն ու այդ գործընթացը վնասելն է: Բայց կարծում եմ, որ մեզ ոչինչ չի խանգարելու: Մենք հաստատուն քայլերով առաջ ենք շարժվելու և ոչ միայն ընտրություններն ենք անցկացնելու լավագույն ձևով, այլ բոլոր քաղաքական գործընթացները՝ հանդարտ, հանգիստ, առանց աղմուկի, առանց ուշադրություն դարձնելու չարությամբ լցված մարդկանց, չասեմ գնահատականին, որովհետև իրենք իրավունք չունեն գնահատական տալու, այլ՝ իրենց կարծիքին: Հաշվի չառնելով նրանց թույնը, հաշվի չառնելով նրանց վատ նպատակը՝ մենք փորձելու ենք ամեն ինչ բարելավել, և կարծում եմ, որ բոլորը հնարավորություն կունենան, այսօր էլ ունեն, դրանում համոզվելու:

Ամեն ինչ նորմալ է լինելու: Չնայած այդ ամենին, գիտե՛ք, մենք երեկ պատասխանեցինք պարոն Հովհաննիսյանի նամակին և մեր կարծիքը հրապարակեցինք:

← Վերադառնալ