09
11, 2011

Սերժ Սարգսյանը մասնակցել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության համագումարին

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության (ՀԱԳ(Գ)Մ) համագումարին:

Հանրապետության ղեկավարը համագումարում հանդես է եկել մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով:



***



ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում

Հարգելի՛ գործարարներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ողջունում եմ ձեզ, և ուրախ եմ մասնակցելու Հայաստանի գործարարների և արդյունաբերողների հերթական համագումարին: Սա, շատ լավ առիթ է ամփոփելու և գնահատելու արածը: Սակայն առավել կարևոր են ապագա ծրագրերի քննարկումները, ապագա մեր խնդիրների ճիշտ ձևակերպումները:

«Ինչպե՞ս օգտագործել մեր ունեցածը` կարողությունները, գիտելիքները և փորձառությունը» հարցի պատասխանի որոնումները միշտ եղել են, կան ու դեռ մնալու են մեր իրականության մեջ: Այս հարցի պատասխանը անհրաժեշտ է առաջընթացի համար, որպեսզի իրագործվեն մեր ազգային իղձերը, գտնվեն և հաստատվեն մեր ուրույն տեղն ու դերը զարգացած համաշխարհային հանրության մեջ: Մեր նպատակը կազմակերպված և իր ուժերին վստահ հասարակության կայացումն է, որի կենտրոնում մարդն է: Մենք պետք է դառնանք հասարակություն, որը լավագույն պայմաններ է ստեղծում յուրաքանչյուր անհատի ստեղծագործական կարողությունները բացահայտելու համար: Սա մնայուն նպատակ է, որովհետև մեր ամեն մի ձեռքբերում նոր պահանջներ է առաջադրելու: Դա բնական է և հենց դա է առաջընթացի քարշիչ ուժը:

Ինչպե՞ս ավելի արագացնել մեր շարժումն այդ նպատակի իրագործման ուղղությամբ` ավելի մեծ քայլերով մարդկանց համար ապահովելով արժանապատիվ ու բարեկեցիկ կյանք, ինքնադրսևորման լիակատար ազատություն: Այս գործում բոլոր կարող ուժերի ներդրումը կարևոր է, յուրաքանչյուրի դերը` բացառիկ: Գործարարին է վերապահված ռեսուրսները համախմբելու և նոր արժեք ստեղծելու առաքելությունը: Գործարարը ներդնում է իր տաղանդը, հմտությունները, կապիտալը, դիմում է ռիսկի` ստեղծելով աշխատատեղեր, զբաղվածություն և եկամուտներ: Եվ վերջապես` ձեր համայնքին է նաև վերապահված համապատասխան ավանդույթների ձևավորման, ամրապնդման և գործարարության նոր մշակույթի կայացման խնդիրը:

Մեր երկրի աշխարհագրական առանձնահատկություններն ինչ-որ տեղ օբյեկտիվորեն կաշկանդում են գործարարության զարգացումը և գործունեության բազմազանությունը: Սովորաբար փոքր ներքին շուկաները սահմանափակում են արտադրության և մատակարարման համար պահանջվող նվազագույն ծավալները և նվազեցնում տնտեսական արդյունավետությունը: Սա իրողություն է, սակայն մենք դրանից և նման այլ խոչընդոտներից թևաթափ լինելու իրավունք չունենք: Հայկական արտադրանքի և ձեռնարկությունների ընդլայնումն ու զարգացումը պետք է կարողանանք մղել ոչ միայն ներքին, այլ արտաքին, այսինքն` համաշխարհային շուկայի ուղղությամբ:

Արտաքին շուկաներն անսահման մեծ են, ուստի և պետք է լինեն մեր տնտեսական աճի ու զարգացման մշտական թիրախը: Ճիշտ է` արտահանումը նաև պահանջում է բարդ, ծավալուն արժեքաստեղծ շղթա պարունակող արդիական արտադրությունների կազմակերպում: Մեզ համար կարևոր են նոր գիտելիքներ և կարողություններ ունեցող մարդիկ, իհարկե կպահանջվեն նոր որակավորման աշխատուժ, տեխնոլոգիաներ և, անշուշտ, ներդրումներ:

Մասնավոր շուկայական ձեռնարկատիրությունը, ի վերջո, Հայաստանում համեմատաբար նոր երևույթ է: Նոր են նաև ձեռնարկատիրության և առևտրի համար անհրաժեշտ ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայություններ մատուցող արդի հաստատությունները, համակարգերն ու ենթակառուցվածքները: Մենք չպետք է հետ մնանք նորարարության սլացիկ ընթացքից: Գործարար ծրագրերն ու նախաձեռնությունները հաճախ ունեն ավանդական և իներցիոն բնույթ, առանձին դեպքերում կրկնում են միմյանց: Մենք պետք է խուսափենք նման իներտությունից, արտադրանքը միայն ավանդական շուկաներում սպառելու գայթակղությունից: Նոր շուկաներ և արտադրատեսակներ բացահայտելու գործում երկչոտությունը կարող է կործանարար լինել:

Հարգելի՛ գործարարներ,

Այսօր կայուն տնտեսական աճի և զարգացման հիմնախնդիրներն առաջնահերթ են գրեթե բոլոր երկրների օրակարգում: Զարգացող շատ երկրներում բարեկեցության ընդլայնմանն ուղղված ջանքերը ցանկալի առաջընթաց չեն ապահովում: Մինչդեռ որոշ հասարակություններ նույն պայմաններում կարողանում են ապահովել հարստության և բարեկեցության բարձր ու երկարաժամկետ կայուն մակարդակ:

Աշխարհը փոխվում է մեր աչքի առջև, և դա շատ հեշտ է տեսնել: Փոխվում են տնտեսության հենքային գործընթացները, որոնք համապատասխանաբար բերում են տնտեսական հարաբերությունների փոփոխման: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, դրա հետևանքների դրսևորումներն ընդգծում են աշխարհում առկա խորքային խնդիրները:

Մենք աշխարհի մի մասն ենք և կրում ենք գլոբալ զարգացումների հետևանքները: Ուստի դրանց պետք է համարժեքորեն արձագանքենք` հընթացս ուղղելով մեր ուղեգիծը: Հաջողակ կարող են լինել միայն այն երկրները, որոնք կկարողանան միավորել իրենց ազգային ներուժը, կդնեն զարգացման բարձր նշաձողեր և հետևողականորեն կաշխատեն դրանց հասնելու ուղղությամբ: Որքան էլ կարևոր լինեն բնական հանածոների պաշարները` արդի աշխարհում շատ ավելի կարևոր է կառավարման և վարքագծի արդյունավետությունը:

Որպես փոքրածավալ շուկա ունեցող երկիր` մենք պետք է կարողանանք դառնալ համաշխարհային զարգացած արդյունաբերական համակարգի մասնագիտացած մասը, ինչը թույլ կտա ապահովել մեր ներքին զարգացումը և աճը: Հենց այստեղ է անհրաժեշտ փոխակերպումը: Մենք պարտավոր ենք ընդառաջ գնալ ժամանակակից աշխարհի պահանջներին, վերաիմաստավորել մեր գործելակերպը, ակնկալիքներն ու վարքագիծը:

Վերջապես, մենք պետք է վեր հանենք մեր տեսակին առավել հարազատ արժեքները: Ընդ որում, այստեղ ուզում եմ շեղվել տեքստից և առաջարկել, որպեսզի այդ հարաբերական առավելությունները մենք փնտրենք ոչ միայն բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ոչ միայն զուտ արդյունաբերության ոլորտում: Մենք պետք է կարողանանք գնահատել բնությունից մեզ տրված որոշակի առավելությունները: Այս ուղղությամբ մի խումբ հիմա փորձում է մի մեծ ծրագիր նախանշել: Կարծում եմ, որ մոտական ժամանակներում մենք հանրությանը, և առաջին հերթին՝ գործարարներին կառաջարկենք մասնակցելու մի մեծ ծրագրի, որը կարող է իրոք ստեղծել ոչ միայն աշխատատեղեր, այլ նաև կայունություն մեր ներքին տնտեսական շուկայում:

Այո՛, մեր հետագա տնտեսական աճի և զարգացման երկարաժամկետ երաշխիքը փոխակերպումն է:

Այո՛, մենք տնտեսական աճի և զարգացման խնդիր ունենք: Ընդ որում, այդ խնդիրն ավելին է, քան պարզապես արտադրությունների և զբաղվածության աճը: Տնտեսական զարգացումն այսօր ազգային անվտանգության նշանակություն ունի: Տնտեսական զարգացմամբ ենք միայն բարելավելու մարդու կյանքը, վերացնելու առկա բացասական երևույթները, շարունակաբար ուժեղացնելու մեր պետականությունը: Այդ խնդիրը համընդհանուր է և որևէ մեկի մենաշնորհը չէ:

Այո՛, մենք պետք է փոխվենք, որ կարողանանք մրցակցել, արտադրել, արտահանել, եկամուտներ ստեղծել, իրականացնել սոցիալական և մշակութային նոր ծրագրեր: Մենք պետք է ձևավորենք ստեղծող հասարակություն, որտեղ գերիշխում են աշխատասիրությունը, նախաձեռնողականությունը, պրոֆեսիոնալիզմը, ազնվությունը, փոխադարձ վստահությունը և աշխատանքով ստեղծելու ձգտումը:

Այո՛, մենք կանգնած ենք նոր սկզբի առջև: Պատմական անհրաժեշտությունը պահանջում է փոխակերպում. պետք է փոխակերպվեն մեր պետական ծառայողը, հասարակական գործիչը, գործարարը և ընդհանուր առմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Գործարարությունը պետք է հետևողականորեն տարանջատվի պետական համակարգից և իշխանությունից: Փոխարենը պետությունը պետք է շարունակի սովորել լիարժեքորեն հարգել և ապահովել յուրաքանչյուր քաղաքացու և գործարարի շահը: Պետությունը և գործարարը պետք է հանդես գան որպես վստահելի գործընկերներ, քանի որ հակառակ դեպքում անարդյունավետ է լինելու մասնավոր ձեռներեցությանն աջակցելու որևէ ծրագրի իրագործումը:

Այս ամենի մասին մենք բազմիցս ենք խոսել: Կոնկրետ գործողություններ էլ ենք կատարել, որոնք արդեն արդյունք են տալիս: Սակայն ես չեմ զլանա ամեն պատեհ առիթ օգտագործել սա հիշեցնելու համար, որովհետև այս ամենն ակամա կամ գիտակցաբար մոռանալն ուղղակի անթույլատրելի եմ համարում:

Անշուշտ, բիզնեսին հարկավոր են քաղաքական կայունություն և կայուն տնտեսական միջավայր. մենք մեր քայլերով երկուսն էլ ապահովելու ենք: Տնտեսական կայունության առումով ավելի առաջ ենք գնալու` ապահովելով ոչ միայն գնաճի մակարդակի ու ֆինանսական համակարգի կայունությունը, այլև տարեցտարի կրճատելու ենք պետբյուջեի դեֆիցիտ-համախառն ներքին արդյունք հարաբերակցության մակարդակը: Վերջինս ավելացնելու է ամրության մեր պաշարը և 2012 թվականի բյուջեի նախագիծն այդ մասին է խոսում:

Բիզնեսին հարկավոր է բարենպաստ գործարար միջավայր. մենք դա ապահովելու ենք: Արդեն դրել ենք երկրների գործարար միջավայրների ազատությունը բնութագրող միջազգային սանդղակում կտրուկ վեր բարձրանալու գործընթացի սկիզբը: Ընդ որում, անցած տարի փաստորեն Հայաստանն աշխարհի թերևս միակ երկիրն էր, որն առաջընթաց էր արձանագրել ազատության աստիճանը բնութագրող բոլոր ուղղություններով: Այս հարցում ես ակնկալում եմ նոր` ավելի էական ձեռքբերումներ, և այդ մասին կառավարությունում լավ գիտեն:

Բիզնեսին հարկավոր են խթաններ. մենք դա ապահովելու ենք: Կառավարության քայլերն այս ուղղությամբ աստիճանաբար արդյունքներ են տալիս և արժանանում ձեր գնահատականին: Հարկային վարչարարության բեռի թեթևացումից մինչև ազատ տնտեսական գոտիների ստեղծում, նորարարական նախագծերի խրախուսումից մինչև ժամանակակից ենթակառուցվածքների զարգացում` սա արդեն իսկ սկսված ծրագրերի այն լայն շրջանակն է, որոնց ազդեցությունը շատ շուտով էական է լինելու: Եվ մենք նաև այլ ուղղություններով էլ սկսել ենք նոր քայլեր:

Մեր օրակարգը տարողունակ է: Պետք է համախմբվենք և համաձայնություն ձևավորենք ազգային ու հանրային հիմնական շահերի շուրջ, որպեսզի ապրենք վերելքի ուղին հարթող Հայաստանում` հանուն մեր ապագայի և մեր արժեքների: Չեմ կասկածում` հաջողությունն այդ դեպքում իրեն սպասել չի տալու: Նաև չեմ կասկածում, որ կիսում եք այս վստահությունը:

Համագումարի ընթացքում դուք դեռ անդրադառնալու եք բոլոր այս հարցերին: Մաղթում եմ ձեզ արգասաբեր աշխատանք, ցանկանում եմ, որ ծավալեք շահագրգիռ, անկեղծ, բաց քննարկում բոլոր այն խնդիրների շուրջ, որոնք դուք տեսնում եք, նշեք խոչընդոտներն ու նաև անհրաժեշտ խթանները:

Համագումարի արդյունքում ընտրվելու է միության խորհուրդ, և խորհրդի անդամներին խնդրում եմ այդ բոլոր առաջարկություններն անպայման փոխանցել ինձ: Ընդ որում ես պատրաստ եմ հենց մոտական օրերին հանդիպելու խորհրդի այն անդամների հետ, ովքեր պատրաստ են ձեր ազդակները փոխանցելու և ձեր որոշումների մասին ինձ տեղյակ պահելու: Շնորհակալ եմ և հաջողություն եմ մաղթում ձեզ:

← Վերադառնալ