05
11, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ: Սպիտակ քաղաքում Հանրապետության ղեկավարն այցելել է բազմաճյուղ տնտեսություն վարող «Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերություն: Նախագահը շրջել է համալիրում, ծանոթացել «Ագրոհոլդինգ Արմենիա»-ի գործունեության ուղղություններին և ծրագրերին, ընկերության ղեկավարության հետ քննարկել «Ագրոհոլդինգ Արմենիա»-ի զարգացման ծրագրերը:

«Ագրոհոլդինգ Արմենիա» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 1989թ. սահմանամերձ Դարիկ գյուղում (Ամասիայի տարածաշրջան), իր գործունեության 21 տարիների ընթացքում հետևողականորեն ներդրել է հողի մշակման, ցանքսի, կենդանիների տոհմային որակյալ ցեղատեսակների բուծման և խնամքի, կաթի վերամշակման, ինչպես նաև կերերի արտադրության նոր տեխնոլոգիաներ, իրականացրել ժամանակակից տեխնիկասարքավորումների ներկրում, նախատեսում է նաև տեղում գյուղտեխնիկայի հավաքման և նորոգման ծրագրերի իրականացում: Ընկերությունը գործունեություն է ծավալում Հայաստանի 4 մարզերում` սեփական և վարձակալած շուրջ 1,620 հա ընդհանուր տարածքում, Դարիկ, Սպիտակ, Ղազանչի, Արագածավան, Հրազդան, Եղվարդ համայնքներում: Հանրապետության ղեկավարին շրջայցի ժամանակ ներկայացվել է, որ «Ագրոհոլդինգ Արմենիա»-ն մինչ այսօր շուրջ 11մլն ԱՄՆ դոլարի մեծածավալ ներդրումներ է կատարել արտադրության արդիականացման և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ:

Սպիտակ քաղաքում Նախագահն այցելել է նաև Ալ. Մյասնիկյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց, ծանոթացել դպրոցի նորակառույց մասնաշենքի պայմաններին:

Նշվել է, որ Հայաստանում «Լինսի» հիմնադրամի ֆինանսավորմամբ 2010թ. հուլիսից մեկնարկած «Դպրոցաշինություն» ծրագրի շրջանակներում երկրորդ փուլում (ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 11 մլն. ԱՄՆ դոլար) իրականացվել է Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքների հանրակրթական դպրոցների մասնաշենքերի հիմնանորոգում: 570 աշակերտի համար նախատեսված Սպիտակի թիվ 1 դպրոցի երեք ուսումնական մասնաշենքերում ամբողջությամբ իրականացվել են տանիքի ծածկույթի, ներքին հարդարման, դռների, պատուհանների, սանհանգույցների, ջեռուցման, ներքին էլեկտրամատակարարման, ջրամատակարարման ներքին ցանցերի աշխատանքները:

Նախագահի շրջայցի ավարտին Սպիտակ քաղաքի թիվ 1 դպրոցի դահլիճում տեղի է ունեցել 1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքով Սպիտակի տարածաշրջանի անօթևան մնացած 150 շահառու ընտանիքների համար կառուցված բնակարանների հավաստագրերի հանձնման արարողությունը:

Ստեփանավանում Սերժ Սարգսյանն այցելել է Վ. Թեքեյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոց, շրջել դպրոցի նորակառույց մասնաշենքում: Հանրապետության ղեկավարը դիտել է նաև այցի ընթացքում դպրոցում անցկացվող շախմատի մրցաշարը:

Նախագահին ներկայացվել է, որ 360 աշակերտի համար նախատեսված Ստեփանավանի թիվ 6 դպրոցի ուսումնական մասնաշենքում, որը ևս հիմնանորոգվել է «Դպրոցաշինություն» ծրագրի շրջանակներում, ամբողջությամբ իրականացվել են ներքին հարդարման, ճակատի արտաքին հարդարման, հատակների, դռների, պատուհանների, սանհանգույցների, ջեռուցման, ներքին էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, կոյուղու ներքին ցանցերի և գույքի տեղադրման աշխատանքներ:

«Լինսի» հինադրամի ֆինանսավորմամբ «Դպրոցաշինություն» ծրագրի շրջանակներում երկրորդ փուլով իրականացվել է նաև հանրակրթական երեք դպրոցների ուժեղացում-վերակառուցում Շիրակի մարզի Արևշատ, Սարակապ և Նոր Կյանք գյուղերում:

Հանրապետության ղեկավարին զեկուցվել է, որ աղետի գոտում իրականացվող բնակարանային ապահովման շինարարական ծրագրի շրջանակներում, Լոռու մարզի գյուղական բնակավայրերում 2009-2010թթ. կառուցվել և շահագործման է հանձնվել 303 բնակելի տուն:

Մինչև 10 շահառու ունեցող գյուղական բնակավայրերում 2009թ. բնակարանների գնման վկայագրերի միջոցով (ԲԳՎ) լուծվել է 6 ընտանիքի բնակապահովման խնդիր:

2011թ. կառուցվել և շահագործման է հանձնվել 153 բնակելի տուն: Լոռու մարզի քաղաքային բնակավայրերում 2009-2010թթ. կառուցվել և շահագործման է հանձնվել՝ Սպիտակում 220 բնակելի տուն, Ստեփանավանում 4 բնակելի տուն: Հերթացուցակում առկա 50 ընտանիքից 43-ն արդեն ստացել են բնակարաններ: Ստեփանավան քաղաքում բազմաբնակարան շենքերում բնակարան կորցրած շահառու ընտանիքների բնակապահովման խնդիրները լուծվել են: Վանաձորում իրացվել է 3 ԲԳՎ, Գուգարք գյուղական համայնքում բազմաբնակարան շենքում բնակարան կորցրած 15 ընտանիք ևս բնակարանային պայմանները բավարարել են ԲԳՎ-ների միջոցով:

Նոյեմբերի 1-ի դրությամբ Լոռու մարզում լուծվել է 708 ընտանիքի բնակարանային խնդիր. գյուղական բնակավայրերում՝ 477, քաղաքային բնակավայրերում՝ 231:

Ստեփանավան քաղաքում Հանրապետության ղեկավարն այցելել է պայմանագրային զինծառայող Արտակ Ղաբուզյանի ընտանիքին:

2009թ. մայիսին իբրև ժամկետային զինծառայող զորակոչված Արտակ Ղաբուզյանը (ծնվ. 08.05.1991թ.) ծառայության ընթացքում ցուցաբերել է արիություն և անձնական խիզախություն՝ մահացու վիրավորելով զորամասի մարտական դիրք ներխուժած հակառակորդին, որի համար 15.09.2010թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Արիության», իսկ 30.08.2010թ.՝ ԼՂՀ Նախագահի հրամանագրով «Մարտական ծառայության» մեդալներով: Զինծառայությունն ավարտելուց հետո Արտակ Ղաբուզյանը նշանակվել է ՀՀ ՊՆ Ստեփանավանի զորամասի ռեգլամենտային մարտկոցի մարտական մասի հավաքման և ռեգլամենտային աշխատանքների հաշվարկի մեխանիկ: Արտակ Ղաբուզյանը, միաժամանակ, սովորում է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի 1-ին կուրսում (հեռակա):

Այցելելով Ղաբուզյանների ընտանիքին՝ Նախագահը նախ շնորհակալություն է հայտնել Արտակի ծնողներին՝ նման օրինակելի զավակ մեծացնելու համար՝ ընդգծելով, որ պետության սահմաններն ամուր պահելու և Հայրենիքը պաշտպանելու առումով Արտակի կատարած գործն անչափ կարևոր է: Արտակի և նրա ընտանիքի անդամների հետ Սերժ Սարգսյանը զրուցել է նաև ընտանիքի առօրյա խնդիրների ու հոգսերի մասին, նշել, որ պատկան մարմիններին հանձնարարել է շատ կարճ ժամկետում լուծել նոր բնակարան հատկացնելու խնդիրը:

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանավանի Արմանիս թաղամասում ներկա է գտնվել «Սագամար» ՓԲԸ-ի լեռնահարստացուցիչ կոմբինատի բացման արարողությանը ևս: Սերժ Սարգսյանը շրջել է կոմբինատում, ծանոթացել ընկերության ներդրումային ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքներին և հետագա ծրագրերին: Նախագահն այս ընկերություն էր այցելել նաև մեկ տարի առաջ, ծանոթացել իրականացված աշխատանքներին, կառուցվող կոմբինատի շինարարության ընթացքին:

Շինարարական աշխատանքներն իրականացվել են 2008-2011թթ. ընթացքում: Կառուցապատվել են հարստացուցիչ ֆաբրիկան, հանքի սպասարկման համալիրը և բաց հանքը: Կառուցապատվել է 27,263 քմ (արտադրական, սպասարկման և վարչական նշանակության շենք-շինություններ), ավտոճանապարհ` Ստեփանավան (քաղաքի կենտրոն)-Արմանիս թաղամաս-7.5կմ, ջրատար-8.8կմ, ջրհորդանիչ և ջրակարգավորիչ ավազաններ, բարձրավոլտ էլ.գիծ-3.5կմ: «Սագամար» ընկերությունում արդեն իսկ գործում է 370 աշխատատեղ: Նշվել է, որ կարճ ժամանակահատվածում այն կհասցվի մինչև 500-ի, իսկ ստորգետնյա հանքի լիարժեք շահագործման դեպքում աշխատատեղերի թիվը կդառնա 720:

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իր երկու դուստր ձեռնարկությունների՝ «Սագամար» և «Մոլիբդենի աշխարհ» ընկերությունների միջոցով ներդրումային ծրագրեր իրականացնող «ՆևաՌուս» ընկերության սեփականատերերը նշել են, որ հետևողականորեն շարունակում են Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների իրականացման իրենց ռազմավարությունը: Նրանց հավաստմամբ, մոտ ապագայում ընկերության ջանքերն ուղղված կլինեն Դաստակերտի ու Լիճքվազ-Թեյի նախագծերի զարգացմանը, կայացմանը և հաջող գործարկմանը: Ներկա նախագծերի իրականացման շրջանակում կանխատեսվող ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար, աշխատատեղերի թիվը՝ մոտ 2000:

← Վերադառնալ