26
10, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեին

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Փարիզի քաղաքապետ, Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոեին:

Հանդիպման սկզբում Նախագահը ողջունել է Բերտրան Դելանոեին՝ Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի Գլխավոր Վեհաժողովի տարեկան նիստը Երևանում գումարելու և այն նախագահելու կապակցությամբ: Հանրապետության ղեկավարը նշել է, որ Հայաստանը սիրով է հյուընկալել այս միջազգային կարևոր հանդիպումը, որը համախմբում է ամբողջ աշխարհի ֆրանկոֆոն երկրների մայրաքաղաքների մեծ թվով քաղաքապետների, և որը վկայում է այն կարևորությունը, որ Հայաստանը տալիս է Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների հետ միջմշակութային երկխոսությանն ու տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացմանը:

Փարիզի քաղաքապետ, Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և Վեհաժողովի նիստը Երևանում անցկացնելու հնարավորության համար:

Անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ զրուցակիցները նշել են, որ հատկապես վերջին մեկ ամսում իրականացված բարձր մակարդակի փոխայցելությունները և դրանց շրջանակներում կազմակերպված միջոցառումներն ավելի են ամրապնդել երկու երկրների միջև բարեկամության առանց այդ էլ ամուր հիմքերը: Եվ այժմ լավատեսորեն ու վստահ կարելի է ասել, որ համագործակցությունը Հայաստանի և Ֆրանսիայի միջև այդ ոգով կշարունակի զարգանալ:

← Վերադառնալ