25
10, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Մոսկվայի քաղաքապետի հետ

album picture
Շարունակվում է Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Ռուսաստանի Դաշնությունում: Հանրապետության ղեկավարն այսօր ՌԴ Դաշնային խորհրդի և Պետդումայի նախագահների հետ հանդիպումներից հետո, այցելել է Մոսկվայի քաղաքապետարան:

Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ հանդիպմանը Նախագահը նշել է, թե շատ ուրախ է Երևանի և Մոսկվայի միջև տարեցտարի ամրապնդվող հարաբերությունների և տարբեր ոլորտներում համագործակցության խորացման համար:

Սերգեյ Սոբյանինը տեղեկացրել է, որ քաղաքապետարանում մշակվում է առաջիկա տարիների համար Երևանի հետ համագործակցության նոր ծրագիր և հույս է հայտնել, որ այն կներառի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտները:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Մոսկվայի քաղաքապետը կարևորել են Մոսկվայի հայ համայնքի դերը` ինչպես երկու մայրաքաղաքների, այնպես էլ ընդհանուր առմամբ հայ-ռուսական հարաբերությունների առավել ամրապնդման գործում: Քաղաքապետ Սոբյանինը նշել է, որ Մոսկվայում մեծ թվով հայեր են ապրում և նրանց մեջ կան գործարարության ու այլ բնագավառներում զգալի հաջողությունների հասած անձինք: Հանդիպմանը քննարկվել են կրթության, մշակույթի, զբոսաշրջության, առևտրատնտեսական և մի շարք այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում կունենա նաև ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

← Վերադառնալ