25
10, 2011

Պետական այցով ՌԴ-ում գտնվող Սերժ Սարգսյանն այցելել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատուն

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Պետական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան այցելել է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, որտեղ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:

Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում մեծ ներդրում ունեցած մի խումբ անձանց Սերժ Սարգսյանը հանձնել է Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևներ: Նախագահը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել բոլոր պարգևատրվածներին` նշելով, որ հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործում նրանք իրենց շատ որոշակի ներդրումն են ունեցել: Սերժ Սարգսյանը կարևորել է ձևավորված դարավոր բարեկամությունը և երկու երկրների ու ժողովուրդների միջև սերտ հարաբերությունները սերնդեսերունդ փոխանցելու և հավերժ պահպանելու համար շարունակաբար աշխատելը:

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսության ոլորտում համագործակցության ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Ռուսաստանյան երկաթուղային գծեր» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Իվանի Յակունինը, Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, պարգևատրվել է Պատվո շքանշանով:

Հայաստանում 1988 թվականին տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքները վերացնելու, տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու և վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Յուրի Սեմյոնովը (ՌԴ) պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:

Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի բնագավառի զարգացման գործում համագործակցության համար Միջպետական ավիացիոն կոմիտեի նախագահ Տատյանա Գրիգորիի Անոդինան պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:

Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար Ֆրիդրիխ Սողոյանը (ՌԴ), Ռուբեն Դիշդիշյանը (ՌԴ) պարգևատրվել են Մովսես Խորենացու մեդալով:

Մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ Արամ Խաչատրյանի աշխարհահռչակ «Սպարտակ» բալետը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոր խորեոգրաֆիական մեկնաբանությամբ բարձրարվեստ բեմադրելու համար բեմադրիչ-բալետմայստեր Յուրի Նիկոլայի Գրիգորովիչը պարգևատրվել է Պատվո շքանշանով:

Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության կրթամշակութային կապերի խորացման, ինչպես նաև ԱՊՀ շրջանակում հումանիտար համագործակցության ինստիտուտցիոնալ զարգացման գործում ներդրած ավանդի համար ՌԴ նախագահի օգնական, ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության խորհրդի համանախագահ Ջահան Պոլիևան պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

← Վերադառնալ