24
10, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Մոսկվայի պետական համալսարան

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture

Պետական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան (ՄՊՀ), որտեղ հանդիպում է ունեցել համալսարանի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Նախագահը համալսարանականների առջև հանդես է եկել ելույթով և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Մոսկվայի պետական համալսարանի գիտական խորհրդի որոշման համաձայն Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհվել է համալսարանի Պատվավոր պրոֆեսորի կոչում: Միջոցառման ժամանակ ՄՊՀ ռեկտոր ակադեմիկոս Վիկտոր Սադովնիչիյը կոչումը շնորհելու մասին դիպլոմն ու մեդալը հանձնել է Սերժ Սարգսյանին:

Մոսկվայի պետական համալսարանում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև կրթական այդ հաստատությունում սովորող հայ ուսանողների հետ, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ:

Հանդիպումից հետո Հանրապետության ղեկավարն այցելել է Անհայտ զինվորի հուշարձան, հարգանքի տուրք մատուցել՝ ծաղկեպսակ դնելով հուշարձանին:

Այնուհետև Կրեմլի Մեծ պալատում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ նախագահների առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:

Բանակցությունների ընդմիջմանը Նախագահներ Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ: Երկու երկրների ղեկավարներն անկեղծ ցավակցության խոսքեր և աջակցություն են հայտնել Թուրքիայի նախագահին` Թուրքիայի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ հաստատել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Նախագահ Գյուլը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին ցուցաբերած համերաշխության համար:



← Վերադառնալ