17
10, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

Նախագահը շնորհավորել է դեսպան Հեֆերնին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դիվանագիտական ասպարեզում ունեցած իր փորձով նա կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների առավել խորացմանը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Միացյալ Նահանգների հետ մեր երկրի հարաբերությունները լուրջ խթան են տնտեսական զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության ապահովման առումով: «Մենք շնորհակալ ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներին` մեզ համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող խնդիրներում հավասարակշիռ մոտեցման համար: Օգտվելով առիթից` ցանկանում եմ գնահատանքի խոսք ասել նախկին դեսպանի` տիկին Մարի Յովանովիչի կատարած լավ աշխատանքի համար»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար, իր հերթին ընդգծելով ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև հարաբերությունների ամրապնդման ու զարգացման կարևորությունը: «Նախագահ Բարաք Օբաման հատկապես բարձր է գնահատում Ձեր վճռականությունը` տարածաշրջանային հարցերը լուծելու ուղղությամբ, և մենք հաստատակամ ենք` շարունակելու Ձեզ հետ աշխատել տարածաշրջանային խնդիրները լուծելու համար»,- ասել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Դեսպանը կարևորել է նաև երկկողմ տնտեսական կապերի սերտացումն ու փոխգործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքը:

← Վերադառնալ