21
09, 2011

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված ՀՀ զինված ուժերի զորահանդեսին

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված ՀՀ զինված ուժերի զորահանդեսին:



***



Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ ՀՀ զինված ուժերի զորահանդեսի ժամանակ

Պարոնա՛յք գեներալներ և սպաներ, զինվորներ,
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ:

20 տարի առաջ այս օրը անկախության հանրաքվեի բազմաթիվ մասնակիցներ իրենց քվեաթերթիկը քվեատուփի մեջ էին գցում երեխաների` իրենց զավակների ու թոռների ձեռքով: Այդ երեխաները, որ այսօր արդեն հասուն մարդիկ են, պետք է ժառանգեին երկիր ու ապրեին ազատ ու անկախ Հայաստանում:

Մեր ժողովրդի ընտրությունը խորապես գիտակցված էր: Մենք նաև հասկանում էինք, որ նախկին Խորհրդային Միության հանրապետություններից ոչ մեկը չուներ մեկնարկային այնպիսի անբարենպաստ պայմաններ, ինչպիսիք մերն էին: Երկրի մի մեծ հատված աղետի գոտի էր, և մենք էլ կանգնած էինք պատերազմի շեմին: Բայց մենք քվեաթերթիկները տվեցինք մեր երեխաների ձեռքը և ասացինք. «Այո՛»: Այո՛, մենք պատրաստ ենք ազգովի սխրանք գործելու: Եվ գործեցինք:

Ովքեր 90-ականների սկզբներին չեն եղել Հայաստանում և դիտում են վավերագրական կադրեր, պարզապես չեն հավատում, որ դա եղել է: Նույնիսկ Երևանի փողոցների կադրերը կարծես ուրիշ աշխարհից լինեն: Էլ չեմ խոսում Հայաստանի սահմանների, հրետակոծվող մեր քաղաքների ու Արցախի մասին:

Հայոց պետականության վերականգնումը տոն էր` մեծ երազանքի իրականացում, բայց առաջին հերթին պատասխանատվություն էր: Այլևս մենք էինք պատասխանատու մեր անվտանգության, մեր տնտեսության, մեր մշակույթի, մեր ներկայի ու ապագայի համար:

Կեցցե՛ Հայաստանի ժողովուրդը, որ անցավ հրի ու սրի միջով: Անցավ գալիք Հայաստանի նկատմամբ անսահման հավատով, միասնական կեցվածքով ու պատվախնդիր ջանքով:

Կեցցե՛ ազատ Արցախը, որ նաև իր զավակների արյամբ գրեց մեր նորագույն պատմության ամենափառավոր էջը:

Կեցցե՛ն հայ կամավորները, որոնցից շատերը ճակատագրական պահին դարձան մեր արժանապատվությունն ու ինքնասիրությունը մարմնավորող կոթողներ:

Կեցցե՛ հայոց հաղթական բանակը, որ խաղաղության ու կայունության անփոխարինելի բաղադրիչ է մեր տարածաշրջանում:

Կեցցե՛ն շինարարները, որ կրկին բարձրացրին երկրաշարժից ավերված մեր գյուղերն ու քաղաքները:

Կեցցե՛ Հայոց սփյուռքը, որ եթե առաջ Հայրենիքի կողքին էր, ապա այսօր Հայրենիքի ուղղակի շարունակությունն է դառնում:

Հայաստանի քաղաքական կշիռն աշխարհում անհամեմատ ավելին է, քան նրա աշխարհագրական չափերը: Սա առաջին հերթին կազմակերպված ու հայրենանվեր Սփյուռքի արժանիքն է: Կեցցե՛ն աշխարհասփյուռ մեր քույրերն ու եղբայրները:

Այսօր Հայաստանը, իր բոլոր խնդիրներով հանդերձ, կայացած երկիր է: Վկա` այսօրվա զորահանդեսը: Իսկ ամենաթանկը, որ ունենք, անկախության սերունդն է: Սերունդ, որ ազատ երկրի քաղաքացի է և իրեն չի պատկերացնում այլ կարգավիճակում: Սերունդ, որ շատ բան ունի տալու իր երկրին ու ժողովրդին, բայց նաև ունի մտահոգություններ ու պահանջներ: Իսկ դրանք առաջադիմության ամենալուրջ ազդակներն են:

Երկու տասնամյակում մեզ հաջողվեց հսկայական թռիչք արձանագրել, բայց շատ բան դեռ չենք հասցրել անել: Ե՛վ ձեռքբերումները, և՛ բացթողումները մերն են: Այս գիտակցությամբ և հասարակական համերաշխությամբ հաջորդ քսան տարիներին մենք ի զորու ենք կառուցել այնպիսի երկիր, որ մոտ է լինելու մեր իդեալներին: Ես հավատում եմ դրան, որովհետև ես հավատում եմ մեր հավաքական ուժին:

Այս հրապարակով ռազմական քայլերթով այսօր անցնելու են զինվորներ, ովքեր մեր անկախության տարեկիցներն են: Սա հազարամյակների լրջագույն պատմություն ունեցող, բայց քսան տարեկան Հայաստանն է` քսան տարեկանի ավյունով, եռանդով, քսան տարեկանի կենսասիրությամբ ու հավատով, քսան տարեկանի լավատեսությամբ ու համարձակ ծրագրերով: Բայց ո՛չ քսան տարեկանի միամտությամբ: Սա նոր Հայաստանն է, որին այլևս անհնար է խաբել կամ ահաբեկել, անհնարին է պարտադրել կամ շանտաժի ենթարկել: Նրա հետ հնարավոր է բարեկամանալ ու համագործակցել, հնարավոր է նրա հետ հաջողություններ տոնել և ցավ կիսել, հնարավոր է նրան օրինակ ծառայել և նրանից օրինակ վերցնել: Սա նոր Հայաստանն է, որ հիշում է շատ բան, բայց հիշաչար չէ, տեսել է շատ բան, բայց այսօր հայացքն ուղղել է ապագային:

Այս զորահանդեսը հայության հավերժական երթի լուսավոր մի դրվագ է:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծ հոբելյանի առթիվ և մեր պետությանը մաղթում նորանոր քսանամյակներ ու հարյուրամյակներ:

Հայաստանի Հանրապետությունը քսան տարեկան է:

Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը:
Փա՛ռք Հայաստանի զինված ուժերին:
Ուռա՜:

← Վերադառնալ