Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ շարունակում է շնորհավորանքներ ստանալ
Հանրապետության ղեկավարին ուղղված Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի շնորհավորական ուղերձում ասված է.
«Մեծարգո՛ Նախագահ,
Հայաստանի Անկախության քսաներորդ տարեդարձի առթիվ ցանկանում եմ անձամբ իմ և Ֆրանսիայի անունից ամենաջերմ շնորհավորանքներս հղել Ձեզ և ի դեմս Ձեզ՝ համայն հայությանը։
1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանը վերստին իր ձեռքը վերցրեց իր ճակատագիրը՝ վերականգնելով խզված կապը պատմության հետ։ Հայաստանը կարող է հպարտ լինել այն ամենով, ինչ իրականացրել է, շատ հաճախ դժվարագույն պայմաններում, վերջին քսան տարիների ընթացքում։
Հայաստանը ժողովրդավարություն է կերտել, իրականացրել անցումը շուկայական տնտեսությանն ու վերագտել իր տեղը միջազգային բեմահարթակում։ Նա այդ ամենն իրականացրել է նաեւ շնորհիվ իր ժողովրդի խիզախության ու աշխատասիրության առաձնահատուկ որակների, որոնց ես կցանկանայի արժանին մատուցել։
Այս բոլոր տարիների ընթացքում Ֆրանսիան և Հայաստանը, որոնց միացնում են ամուր և դարավոր կապեր, զարգացրել ու հետևողականորեն խորացրել են արդունավետ համագործակցություն բոլոր բնագավառներում։
Վստահ եղեք, որ Ֆրանսիան իր բարեկամ Հայաստանի կողքին է՝ աջակցելու նրան՝ դիմակայելու ծառացած մարտահրավերներին։
Ես առիթը կունենամ Ձեզ վերստին շնորհավորելու և կրկին բարձրաձայնելու Ֆրանսիայի բարեկամությունը Փարիզ կատարելիք Ձեր պաշտոնական մոտակա այցի, ապա և՝ Հայաստան իմ պետական այցի ժամանակ, որի պատիվն ու հաճույքը կունենամ իրականացնելու մոտ ապագայում»:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի շնորհավորական ուղերձում ասված է.
«Ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության անկախության քսաներորդ տարեդարձի կապակցությամբ ջերմագին շնորհավորանքներս հղել Ձերդ Գերազանցությանը և բարեկամ Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին:
Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պատմամշակութային առնչությունները ստեղծել են լայն հնարավորություններ՝ երկկողմ համագործակցության ամրապնդման համար:
Համոզված եմ, որ Թեհրանում և Երևանում կնքված համաձայնություններին հետամուտ լինելով կստեղծվեն պայմաններ՝ երկկողմ, տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում երկու երկրների փոխհարաբերություններն առավել ընդլայնելու համար:
Աստծուց հայցում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ բարօրություն և երջանկություն»:
Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել են նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Քրիստիան Վուլֆը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, Ավստրիայի Հանրապետության դաշնային նախագահ Հայնց Ֆիշերը, Շվեդիայի թագավոր Կարլ Տասնվեցերորդ Գուստավը, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյը, Չեխիայի Հանրապետության նախագահ Վացլավ Կլաուսը, Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանը, Բուլղարիայի Հանրապետության նախագահ Գեորգի Պրվանովը, Իռալնդիայի նախագահ Մերի Մըքէլիսը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ռոզա Օթունբաևան, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը, Սինգապուրի Հանրապետության նախագահ Թոնի Թանը, Ավստրալիայի Միության գեներալ-նահանգապետ տիկին Քվենթին Բրայսը, Կանադայի գեներալ-նահանգապետ Դեյվիդ Ջոնսթոնը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, տեղական և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ՀՀ պաշտոնատար անձինք և հոգևոր այրեր: