Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
03
09, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ
Հարգելի՛ գործընկերներ,
Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Էմոմալի Ռահմոնին` ԱՊՀ մարմիններում Տաջիկստանի Հանրապետության նախագահության ընթացքում կատարված աշխատանքի համար և երախտագիտություն հայտնել հյուրընկալ Դուշանբեում սրտաբաց ու ջերմ ընդունելության համար:
ԱՊՀ անդամ երկրների, ինչպես նաև Գործադիր կոմիտեի, ճյուղային համակարգող խորհուրդների և ոլորտային համագործակցության մարմինների հետևողական աշխատանքի արդյունքում, ԱՊՀ-ն կայացավ որպես միջազգային կազմակերպություն, որը նպաստում է մեր երկրների միջև կայուն զարգացմանն ու փոխշահավետ գործընկերությանը:
ԱՊՀ 20-ամյակի կապակցությամբ ընդունվող հայտարարության մեջ շարադրված են մեր կազմակերպության խնդիրներն ու նպատակները, նշված է զարգացման դինամիկան` սկսած ԱՊՀ կայացման փուլից մինչև ինտեգրացիոն գործընթացների նոր մակարդակներ, որոնք արտացոլված են հետագա զարգացման հայեցակարգում և ռազմավարության մեջ: Ավելի մանրամասն դրա մասին խոսվում է վերլուծական փաստաթղթում, որը լույս է սփռում ձեռքբերումների ու թերությունների վրա, նշում մեր կազմակերպության առջև կանգնած նոր մարտահրավերները: Զեկույցը կրում է կիրառական բնույթ. այն դեռ պետք է վերլուծվի գործադիր մարմնում, որպեսզի հետագայում վերածվի փոխգործակցության առավել հեռանկարային ուղղություններով առաջարկությունների: Այս առումով կառաջարկեի դիտարկել նաև Գործադիր կոմիտեի կողմից ներկայացված փաստաթուղթը, որն ընդհանրացնում է ԱՊՀ հետագա զարգացման հայեցակարգի հիմնական միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը:
Հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այսուհետ ևս անմիջական մասնակցություն ունենալ ԱՊՀ համատեղ ջանքերում, որոնք ուղղված են նորարարությունների միջոցով տնտեսության արդիականացմանը, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների արդյունավետ օգտագործմանը, միջտարածաշրջանային համագործակցության ներուժի իրացմանը:
Բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում կշարունակեն մնալ հումանիտար ոլորտում փոխգործակցության ընդլայնման և ամրապնդման հարցերը, ինչը պայմանավորված է պատմականորեն հաստատված սերտ կապերով, հոգևոր փոխհարստացման, կրթական, մշակութային, գիտական և տեղեկատվական փոխանակման գործում ԱՊՀ երկրների ժողովուրդների ձգտմամբ: Հատուկ նշանակություն կտրվի միասնական երիտասարդական քաղաքականությանը՝ մինչ 2020թ. ժամանակահատվածի համար ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդական միջազգային համագործակցության անցած տարի ընդունված ռազմավարության շրջանակներում:
Այս համատեքստում կցանկանայի նշել այսօր ստորագրության առաջարկված «Հայրենական Մեծ պատերազմում ԱՊՀ ժողովուրդների արիության և հերոսության մասին հիշողության հավերժացման վերաբերյալ համաձայանգրի» կարևորությունը: Հայրենական Մեծ պատերազմի մասին հիշողության պահպանումը սուրբ պարտք է ոչ միայն մեր հայրերի ու պապերի սերնդի առջև, այլ նաև՝ մեր երեխաների ու թոռների: Դա հատկապես արդիական է 2-րդ համաշխարհային պատերազմի պատմության վերանայման հաճախակի դարձած փորձերի համատեքստում:
Խոսելով հումանիտար համագործակցության մասին, ցանկանում եմ հաճելի նորություն հաղորդել: ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ Երևանը հայտարարվել է 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք: Երևան քաղաքը հայտ էր ներկայացրել` հաշվի առնելով, որ 2012թ. Հայաստանը տոնելու է հայկական գրատպության 500-ամյակը: Մենք ծրագրում ենք բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում` մասնակցություն գրքերի միջազգային ցուցահանդեսներին, Հայաստանում տարածաշրջանային և միջազգային համաժողովների և կլոր սեղանների անցկացում: Արդեն հաստատված ավանդույթի համաձայն, ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ձևաչափով մենք կանցկացնենք ԱՊՀ և բալթյան երկրների գրահրատարակիչների և թարգմանիչների համաժողով: Ես հաճույքով ձեզ բոլորիդ հրավիրում եմ այդ տոնական օրերին այցելել Հայաստան:
Հարգելի՛ գործընկերներ,
Կցանկանայի նշել միանգամայն խորհրդանշական մի փաստ. հենց այսօր քսան տարի առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հռչակեց իր անկախությունը: Դրանից մի քանի օր առաջ Ադրբեջանի գերագույն խորհուրդը հռչակագիր ընդունեց Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին: Հատկանշական է, որ Ադրբեջանը վերականգնեց իր պետականությունը 1918-1920թթ. սահմաններով, այսինքն` առանց Լեռնային Ղարաբաղի: Այդպիսով, երկու ժողովուրդներն էլ օգտվեցին ինքնորոշման և իրենց պետականության ստեղծման ինքնիշխան իրավունքից` ԽՍՀՄ օրենքներին և Սահմանադրությանը լիարժեք համապատասխանությամբ:
Հետադարձ հայացքով 20-ամյա վաղեմության իրադարձությունները երևում են շատ ավելի լայն լույսի ներքո: Շատերն իրենք իրենց հարց են տալիս՝ հնարավո՞ր էր խուսափել իրադարձությունների արյունալի զարգացումից: Կարծում եմ, որ քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամը, որն ի վերջո հանգեցրեց ԽՍՀՄ փլուզմանը, քիչ հնարավորություններ էր թողնում էթնիկ սրված հակամարտությունների խաղաղ լուծման համար: Եվ մենք ականատես դարձանք աներևակայելիին. նախկին Միության տարածքում, որտեղ մենք համատեղ զարգացել ենք, կառուցել, ստեղծել և ստեղծագործել ենք, սկսվեցին արյունահեղ և դաժանագույն կռիվներ: Ղարաբաղի ժողովուրդը հաշված օրերի ընթացքում ներգրավվեց պատերազմի մեջ` կենդանի մնալու գրեթե առանց հույսի: Այստեղ ներկա Նուրսուլթան Նազարբաևը լավ հիշում է այդ օրերը. 20 տարի առաջ նա Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի հետ միջնորդական առաքելությամբ եղել է Բաքվում, Երևանում և Ստեփանակերտում:
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը դիմակայեց անհավասար պայքարում և արյան գնով նվաճեց իր գոյության իրավունքը: Այս 20 տարիների ընթացքում Ղարաբաղում մեծացել է մարդկանց մի ամբողջ սերունդ, ովքեր ծնվել և ապրում են անկախ պետությունում: Նրանք չեն հասկանում, թե մենք ինչի՞ մասին ենք այսքան տանջալիորեն երկար բանակցում, քանի որ նրանց համար Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցում անորոշություն չկա: Նրանք ցանկանում են ապրել և զարգանալ ինչպես բոլոր ժողովուրդները` հարևանների հետ խաղաղության և համաձայնության մեջ:
Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը և շնորհակալ ենք Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին հետևողական քայլերի համար, որոնք ուղղված են միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան ղարաբաղյան հակամարտության արագ լուծմանը: Համոզված եմ, որ այդ ջանքերը հաջողությամբ կպսակվեն, և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շատ մոտ ապագայում, ինչպես նախատեսվում է Հիմնարար սկզբունքների նախագծով, ազատ և միջազգայնորեն ճանաչված կամարտահայտության միջոցով որոշում կընդունի իր ապագայի մասին:
Պատմությունը «եթե»-ներ չի հանդուրժում: Այսօր մեզ անհրաժեշտ է նայել ապագային, անել անհրաժեշտ ամեն ինչ մեր պետությունների անվտանգության և կայուն զարգացման ապահովման, մեր ժողովուրդների բարեկեցության և բարգավաճման համար: ԱՊՀ տարածքում գոյություն ունեցող հակամարտությունների կարգավորումը պետք է ընթանա համաձայնեցված բանակցային ձևաչափերի շրջանակներում և բացառապես խաղաղ միջոցներով: Ապագա սերունդները մեզ չեն ների սխալների կրկնության համար:
Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Տաջիկստանի ղեկավարությանը՝ ԱՊՀ կանոնադրական մարմիններում հաջող նախագահության համար և հույս հայտնել, որ կշարունակվեն համատեղ ջանքերը ԱՊՀ-ում բազմապլան համագործակցության հետագա կատարելագործման և ամրապնդման խնդիրների լուծման ուղղությամբ:
Շնորհակալություն ուշադրության համար: