11
08, 2011

Նախագահ Սարգսյանը Կիպրոսում ներկա է գտնվել «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա նավարկության ավարտին նվիրված արարողությանը

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 11-ին աշխատանքային այցով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Կիպրոսի Հանրապետության նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասը Լիմասոլ քաղաքի նավահանգստում ներկա են գտնվել «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա նավարկության ավարտին նվիրված հանդիսավոր արարողությանը:

Առագաստանավի դիմավորման արարողությունից հետո գիտարշավի ղեկավար Զորի Բալայանը ՀՀ նախագահին զեկուցել է 2009թ. մայիսի 28-ին Վալենսիայից սկիզբ առած և Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակի նախաշեմին ավարտվող շուրջերկրյա ճանապարհորդության մասին:

Զորի Բալայանի խոսքով, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան գիտարշավի շրջանակներում «Արմենիա» առագաստանավը, մեկնարկելով Միջերկրական ծովի ջրերից, Ջիբրալթարի նեղուցով կտրել-անցել է Ատլանտյան, Խաղաղ և Հնդկական օվկիանոսները: Գիտարշավի ղեկավարը նշել է, որ անձնակազմի անդամները հինգ մայրցամաքներում, որտեղ դարեր ի վեր ապրել և ապրում են միլիոնավոր մեր հայրենակիցները, իրականացրել են իրենց առջև դրված բոլոր խնդիրները:

Ողջունելով «Արմենիա» առագաստանավի անձնակազմին՝ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ ճանապարհորդության մտահղացումն այս երկու տարիների ընթացքում պատվով իրականացվեց գիտարշավի մասնակիցների կողմից:

«Դուք ոչ միայն շուրջերկրյա ճանապարհորդություն եք կատարել, հատել եք երեք օվկիանոս և տասնյակ ծովեր, այլև անցել եք երկրագնդի ամենատարբեր անկյուններում սփռված Սփյուռքի դժվարին ճանապարհներով` Հայրենիքի շունչը հաղորդելով մեր համայնքներին, նորովի իմաստավորելով մեր ինքնության բանաձևը և տարբեր աշխարհամասերում սփռված` մեր մշակույթի կոթողները»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

(Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը «Արմենիա» առագաստանավի անձնակազմին ամբողջությամբ ներկայացված է կայքի «Նորություններ» բաժնում)

«Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա ճանապարհորդության ավարտին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ Կիպրոսի Հանրապետության նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասը, ողջունելով Հայաստանի Հանրապետության նախագահին և գիտարշավի մասնակիցներին, ասել է. «Գրեթե 90 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործված ցեղասպանության հետևանքով հազարավոր մազապուրծ հայեր եկան Կիպրոս՝ գտնելով այստեղ իրենց ապաստանը: Այդ գաղթականների ժառանգները կազմում են Կիպրոսի հասարակության անբաժանելի մասը՝ միաժամանակ փայփայելով և պահպանելով իրենց արժանապատիվ ծագումը: Մեր հայրենակից հայերն իրենց գործունեությամբ մեր երկու երկրների միջև կապի կարևոր օղակ են հանդիսանում՝ Հայաստանը կիպրացիների սրտի անբաժանելի մասը դարձնելով»:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Դեմետրիս Խրիստոֆիասը ներկա են գտնվել նաև «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա ճանապարհորդության ավարտին նվիրված տոնական համերգին, որի ավարտին Զորի Բալայանի ուղեկցությամբ շրջել են առագաստանավում:

Երեկոյան Կիպրոսի Հանրապետության նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի անունից՝ ի պատիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տրվել է ընթրիք: ՀՀ նախագահը Կիպրոսից մեկնել է Աստանա՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

← Վերադառնալ