21
07, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ:

Մարզի Ամասիա համայնքում Հանրապետության ղեկավարն այցելել է հիմնանորոգվող կենտրոն-մանկապարտեզի շենք, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ վերակառուցվող այդ շենքի շահագործման հանձնելուց հետո, համայնքը կունենա 60 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ և համայնքի կենտրոն: Նշվել է, որ շինարարական աշխատանքներն սկսվել են 2010թ. օգոստոսի վերջին, իրականացվել է աշխատանքների գրեթե 80 տոկոսը, նախատեսված է շինարարությունն ավարտել ս.թ. նոյեմբերին:

Ամասիայում Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նորակառույց կարի ֆաբրիկայի բացման արարողությանը: Ֆաբրիկայում շրջայցի ժամանակ Հանրապետության ղեկավարին ներկայացրել են, որ ընկերությունը նախատեսում է սկզբնական շրջանում բացել 150 աշխատատեղ, հետագայում՝ մեկ տարվա ընթացքում, աշխատողների թիվը կրկնապատկել՝ հասցնելով 300-ի: Նորակառույց կարի ֆաբրիկայի ստեղծման հիմքերը դրվել են 2009 թվականին՝ «Ամասիայի վերականգնման» հիմնադրամի և հայ-գերմանական «ՎԿՍ Արմենիա» ընկերության համագործակցության արդյունքում: Շուրջ մեկ տարում, նորարարական տեխնոլոգիաների ներդրմամբ շենքում շինարարական-վերանորոգման աշխատանքներ են իրականացվել, ներդրումներ են կատարվել ձեռնարկության արտադրական արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

Ընդգծվել է, որ ֆաբրիկայի շինարարական նախագծերում ներառված է նաև 2000մ² մակերեսով նոր շենքի կառուցում: Ծրագիրը, որն ընդհանուր առմամբ կարժենա մոտ 750 մլն. դրամ, նախատեսվում է ավարտել 2013թ.: Հիմնադրամի պատասխանատուների հավաստմամբ, հեռանկարային զարգացման ծրագրերում են նաև նոր եկեղեցու կառուցման աշխատանքներն ու համայնքի ենթակառուցվածքների զարգացումը, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել 2014թ: Այդ ծրագրի շրջանակներում համայնքը շուտով կունենա նոր զբոսայգի, որի նախագծային-հաշվարկային աշխատանքներն արդեն ավարտված են, կբարեկարգվի համայնքի կենտրոնական հատվածը և կհիմնվի նոր թաղամաս: Նախատեսվում է նաև կինոթատրոնի շինարարություն և քաղաքի համար հատուկ մուտքի կառուցում` գեղեցիկ ճարտարապետական լուծումներով: Արդյունքում՝ տարածաշրջանում կստեղծվի շուրջ 500 աշխատատեղ՝ ոչ միայն Ամասիայի, այլև մարզի մյուս գյուղերի բնակիչների համար:

Ամասիա այցի ճանապարհին Նախագահ Սերժ Սարգսյանը կարճատև կանգառ է ունեցել Բանդիվան համայնքում, որտեղ զրուցել է բնակիչների հետ, հետաքրքվել՝ մի քանի ամիս առաջ Բանդիվան կատարած իր նախորդ այցի ժամանակ քննարկված առաջնահերթ խնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Բնակիչները տեղեկացրել են Նախագահին, որ բոլոր խնդիրները նախատեսված ժամկետում լուծվել են: Մասնավորապես, «Բանդիվան կաթ» ՍՊԸ-ն որոշակիորեն ընդլայնել է մթերման և արտադրական ծավալները, լուծվել է համայնքի գազիֆիկացման խնդիրը, Բանդիվանին հատկացվել է անհրաժեշտ գյուղտեխնիկա:

← Վերադառնալ