14
07, 2011

Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն

album picture

Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:

Հանրապետության ղեկավարը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպանատան աշխատակազմին, մաղթել բարեկամ Ֆրանսիային հետագա զարգացում և բարգավաճում, իսկ նրա ժողովրդին՝ բարօրություն:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունները մեր երկրի արտաքին քաղաքականության մեջ առանձնահատուկ դերակատարություն ունեն, և Հայաստանը շահագրգռված է Ֆրանսիայի հետ խորացնելու հարաբերությունները բոլոր մակարդակներում:



***



Նախագահ Սերժ Սարգսյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ:

Հայ ժողովրդի և անձամբ իր անունից Սերժ Սարգսյանը ջերմ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է հղել Նախագահ Սարկոզիին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ տոնի կապակցությամբ:

Շնորհավորական խոսքում Նախագահը նշել է, որ Ֆրանսիայի հետ հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի համար, ինչը պայմանավորված է թե՛ պատմական կապերով, թե՛ մեր ժողովուրդների միջև առկա բարեկամությամբ, թե՛ միջազգային ասպարեզում Ֆրանսիայի վարած հետևողական և սկզբունքային քաղաքականությամբ և թե՛, իհարկե, երկու երկրների միջև յուրատեսակ կամուրջ հանդիսացող ֆրանսահայ ստվար համայնքի առկայությամբ:

«Վստահ եմ, որ հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկայիս ձեռքբերումները` բարձր մակարդակի քաղաքական կանոնավոր երկխոսությունը, երկու տասնյակից ավելի իրավական փաստաթղթերի հիման վրա հաստատված մշակութային, գիտակրթական սերտ առնչությունները, մեծաթիվ քաղաքների և շրջանների միջև հաջողությամբ ընթացող գործընկերությունը, ինչպես նաև ֆրանսիական մի շարք խոշոր ընկերությունների ներկայությունը Հայաստանում ամուր հիմք են հանդիսանում համագործակցության շարունակական զարգացման և ծավալման համար:

2009 թվականի մայիսի Պրահայի գագաթնաժողովից ի վեր Հայաստանը վճռականորեն առաջ է ընթանում Եվրամիության հետ համագործակցության խորացման ուղղությամբ: Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի աջակցությունը` ի նպաստ Հայաստանի եվրամերձեցման գործընթացի հաջող կենսագործման:

Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ղեկավարի, Ձեր կարևոր և հետևողական ջանքերի համար, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հիմնախնդրի լուծմանն ու հարավկովկասյան տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը:

Մեծարգո պարոն Նախագահ,

Հայ-ֆրանսիական կանոնավոր շփումների և այս տարվա առաջին կիսամյակում արդեն իսկ իրականացած և մինչև տարեվերջ ակնկալվող մի շարք փոխայցերի համատեքստում ցանկանում եմ առանձնացնել Հայաստան նախատեսված Ձեր պետական այցը, որն, անշուշտ, նոր փուլ կազդարարի մեր բարեկամ երկրների միջև հարաբերություններում` միանշանակ նպաստելով երկկողմ համագործակցության խորացմանը:

Մաղթում եմ Ձեզ անսպառ կորով և հաջողություն Ձեր բարձր առաքելության մեջ, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և երջանկություն:

Ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»,-ասված է ՀՀ նախագահի ուղերձում:



← Վերադառնալ