23
06, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ

Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

ԱՄՆ նախագահը կարևորել է Կազանում տեղի ունենալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Բարաք Օբաման շնորհակալություն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Սերժ Սարգսյանի առաջնորդության համար և Դովիլի հայտարարության համատեքստում կարևորել Կազանում առաջընթացի արձանագրումը:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բարաք Օբամային՝ Մինսկի խմբի շրջանակում հակամարտության կարգավորման գործընթացին հետևողական աջակցության համար: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդները միշտ ձգտել են հակամարտության խաղաղ ու արդար կարգավորման, և եթե Կազանում ադրբեջանական կողմը ցուցաբերի կառուցողական մոտեցում, ապա կարելի է ակնկալել դրական արդյունքներ:

ՀՀ և ԱՄՆ նախագահները քննարկել են նաև երկկողմ համագործակցության հարցեր:

← Վերադառնալ