10
06, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Միրոսլավ Լայչակին

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵՄ արտաքին գործերի եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան Հարևանության և Արևմտյան Բալկանների հարցերով կառավարիչ տնօրեն Միրոսլավ Լայչակին:

Նախագահը շնորհավորել է Միրոսլավ Լայչակին` կառավարիչ տնօրենի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ` հույս հայտնելով, որ Լիսաբոնյան համաձայնագրով ստեղծված Եվրամիության արտաքին գործերի ծառայությունը, որպես համաշխարհային դերակատար, նոր շունչ կհաղորդի Եվրամիության միասնական արտաքին քաղաքականությանը:

«Եվրամիության հետ մերձեցման, համագործակցության խնդիրը անկախությունից ի վեր եղել է Հայաստանի կարևորագույն խնդիրներից մեկը և աստիճանաբար առավել կարևորություն է ստանում: Մենք գիտակցում ենք, որ դա փոխադարձ շահավետ գործընթաց է, և մեր երկրում իրականացվող բարեփոխումները, ընդհանրապես` ապագայի մեր տեսլականը մենք ամբողջովին կապում ենք այդ համագործակցության հետ: Ուրախ եմ Ձեզ այստեղ ողջունելու համար և համոզված եմ, որ Ձեր այցելությունը կարևոր խթան է լինելու մեր համագործակցությանը»,-նշել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

ԵՄ արտաքին գործերի եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան Հարևանության և Արևմտյան Բալկանների հարցերով կառավարիչ տնօրենի խոսքով, Եվրամիությունն ստեղծել է արտաքին հարաբերությունների ծառայություն, որպեսզի յուրաքանչյուր երկրի կամ տարածաշրջանի նկատմամբ ԵՄ քաղաքականությունն արտացոլի տվյալ երկրի հանդեպ Միության կարիքները, պահանջմունքներն ու օրակարգի խնդիրները:

Միրոսլավ Լայչակը գոհունակություն է հայտնել Եվրոպական հարևանության քաղաքականության ուղղությամբ արձանագրված առաջընթացի և Ասոցացման համաձայնագրի բանակցություններում հայկական կողմի նպատակային մոտեցման ու ձեռքբերումների կապակցությամբ:

← Վերադառնալ