18
05, 2011

Նախագահ Սարգսյանն ընդունել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ Լասլո Կյովերի գլխավորած պատվիրակությանը

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ Լասլո Կյովերի գլխավորած պատվիրակությանը:

Հանրապետության ղեկավարը հույս է հայտնել, որ Հունգարիայի խորհրդարանի նախագահի այցն իր նպաստը կբերի հայ-հունգարական հարաբերությունների խորացման և, հատկապես, միջխորհրդարանական կապերի ամրապնդման գործում: Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, և Հայաստանը շահագրգիռ է Հունգարիայի հետ զարգացնել հարաբերությունները: Նախագահի խոսքով, 2009թ. Հունգարիա կատարած իր պաշտոնական այցից հետո, այս տարի սպասվում է Հունգարիայի նախագահի այցը Հայաստան, ինչը վկայում է այդ հարաբերություններն ակտիվացնելու երկկողմ ջանքերի մասին: Նկատի առնելով, որ հայ-հունգարական առևտրատնտեսական կապերը դեռևս չեն գտնվում բավարար մակարդակի վրա, Սերժ Սարգսյանը կարևորել է երկու երկրների գործարարների միջև ակտիվ շփումներին օժանդակելը` տարբեր մակարդակի այցերի ժամանակ նրանց ևս ընդգրկելով պատվիրակությունների կազմում:

Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հունգարիայի կողմից հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության և բարյացկամ վերաբերմունքի համար` ընդգծելով, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում հայ համայնքը կարող է զգալի դերակատարում ունենալ:

Հանդիպման ընթացքում կարևորվել է ԵՄ-ն ներկայումս նախագահող Հունգարիայի հետ Արևելյան գործընկերության շրջանակներում ևս համագործակցության ընդլայնումը: Հունգարիայի Աժ նախագահ Լասլո Կյովերն իր երկրի անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի եվրաինտեգրման ջանքերին` փոխանցելով այդ ոլորտում Հունգարիայի շուրջ քսան տարվա փորձը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրների` կարևորելով տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ գործադրվող ջանքերը: Լասլո Կյովերը նշել է, որ Հունգարիան կարևորում է ազգերի ինքնորոշման իրավունքը: ԱԺ նախագահի կարծիքով, եթե այդ սկզբունքի նկատմամբ պատշաճ վերաբերմունք և բարի կամք դրսևորվի, հնարավոր կլինի շատ հակամարտություններ կարգավորել:

← Վերադառնալ