17
05, 2011

Նախագահ Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշին, ով Հայաստան է ժամանել դոնոր կազմակերպությունների միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:

Նախագահը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և անձամբ գերագույն հանձնակատարի դերը` Հայաստանում փախստականների խնդիրների կարգավորման գործում: Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել մինչ այժմ մեր երկրում իրականացված ծրագրերին օժանդակության համար` ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ ակտիվ համագործակցելով, շարունակել ջանքերը փախստականների խնդիրների լուծման ու նրանց հիմնական իրավունքների պաշտպանության համար:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը փախստականներին ընդունելու առաջին օրերից որդեգրել է հասարակության մեջ նրանց ինտեգրման քաղաքականություն և երբեք չի քաղաքականացրել փախստականների հարցը: Նախագահի հավաստմամբ, 2011թ. դեկտեմբերին Ժնևում կայանալիք նախարարական հանդիպման շրջանակներում Հայաստանը կրկին կբարձրաձայնի իր հանձնառությունները` ուղղված փախստականների առավել խոցելի խմբերի կարիքներին ու այս ոլորտին վերաբերող օրենսդրական դաշտի կատարելագործմանը: Հանրապետության ղեկավարը Ժնևյան հանդիպմանը մեր երկրի մասնակցությունը կարևորել է նաև հանդիպման շրջանակներում Ազգերի լիգայի փախստականների հարցերով առաջին հանձնակատար, մեծ հումանիստ Ֆ. Նանսենի 150-ամյակին նվիրված միջոցառման անցկացմամբ: Նախագահի խոսքով, Նանսենն այն երախտավորներից է, ում անունը հարազատ է յուրաքանչյուր հայի համար:

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշը գոհունակությամբ է խոսել Հայաստանում փախստականներին քաղաքացիության շնորհման, հասարակության մեջ ինտեգրման, նրանց իրավունքների ապահովման ուղղությամբ մինչ այժմ իրականացված աշխատանքների մասին: Նրա խոսքով, իր այցը և համաժողովի անցկացումը Հայաստանում փախստականների խնդիրների լուծման ուղղությամբ ջանքերը համատեղելու լրացուցիչ հնարավորություն է:

← Վերադառնալ