03
05, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Շվեյցարիայի Համադաշնություն

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Պաշտոնական այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բեռնում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Ժան-Ռընե Ժերմանիեի հետ:

Հանդիպման մասնակիցները քննարկել են հայ-շվեյցարական միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր և հույս հայտնել, որ հայ-շվեյցարական պատգամավորական բարեկամության խմբերն օգտագործելով միջխորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները՝ կշարունակեն իրենց նպաստը բերել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Կողմերը կարևորել են միջխորհրդարանական շփումները ոչ միայն երկկողմ հարթությունում, այլ նաև միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում` երկու երկրների պատվիրակությունների ակտիվ փոխգործակցության միջոցով:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նաև Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ, որից հետո երկու երկրների ղեկավարները ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ ամփոփել են հանդիպման արդյունքները:



***



Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ համատեղ մամուլի
ասուլիսի ժամանակ

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Հենց նոր իմ հարգարժան գործընկերոջ հետ բովանդակալից զրույց ունեցանք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրների շուրջ: Կարևորեցինք Հայաստանի և Շվեյցարիայի միջև վերջին տարիներին ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, որն արտացոլվեց այս կարճ ժամանակահատվածում կայացած մեր փոխայցերում և խորհրդանշվեց Երևանում Շվեյցարիայի դեսպանատան բացմամբ: Մեր երկու երկրներում ռեզիդենտ դեսպանությունների առկայությունը վստահաբար նոր դինամիկա կհաղորդի մեր բարեկամական հարաբերություններին և կնպաստի երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը:

Մենք համակարծիք էինք, որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի և երկուստեք շահագրգռվածություն հայտնեցինք լիարժեքորեն օգտագործել տնտեսական համագործակցության համար առկա հնարավորությունները:

Իմ շվեյցարացի գործընկերոջն առաջարկեցի փոխշահավետ գործընկերային հիմունքներով համագործակցություն իրականացնել ոսկերչության, ժամագործության, գյուղատնտեսության, ինչպես նաև զբոսաշրջության, կրթության և գիտության, մշակույթի բնագավառներում՝ բնականաբար խրախուսելով այդ ոլորտների ներկայացուցիչներին կատարելու իրենց բիզնես ծրագրերը:

Իմ անկեղծ գոհունակությունը հայտնեցի Շվեյցարիայի իշխանություններին՝ այս օրերին անցկացվող Ժնևի գրքի 25-րդ միջազգային ցուցահանդեսին պատվավոր հյուրի կարգավիճակով Հայաստանի մասնակցության համար: Երեկ մեծագույն հաճույքով ներկա գտնվեցի գրական աշխարհի միջազգային այս խոշոր իրադարձությանը և այնտեղ ականատես եղա այն ջերմ ընդունելությանը և մեծարանքին, որ Շվեյցարիան արժանացրել է Հայատառ գրքի կեսհազարամյա պատմությանը, ինչպես նաև Հայոց պատմության, մշակույթի, հայ գրական գործիչների և հայ արվեստագետների գործունեության լուսաբանմանը: Կցանկանայի հատուկ արժևորել այն կարևոր դերակատարությունը, որ ստանձնել է Շվեյցարիայի հայ համայնքն այս արժանահիշատակ իրադարձության իրականացման համար։

Այդ ցուցահանդեսին մեր մասնակցությունը նախանշում և սկիզբ է դնում 2012թ. Հայաստանում և արտերկրում նշվող հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012թ. գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում ծրագրված բազմաթիվ միջոցառումներին:

Տիկին Կալմի-Ռեյի հետ մտքեր փոխանակեցինք նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի, հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ: Այս առիթով, ես չեմ հոգնում լրացուցիչ անգամ երախտիքի խոսք հղելու բարեկամ Շվեյցարիային և հատկապես Նախագահ տիկին Կալմի-Ռեյին՝ որպես միջնորդ կողմ Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացում իր անգնահատելի անձնական ջանքերի համար:

Մեր ցանկությունն էր Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել: Ցավոք, Թուրքիայի բարձրաստիճան այրերը ամեն ինչ անում են` այդ ցանկությունն օտարելու համար: Ստորագրված արձանագրությունների վավերացման ուղղությամբ քայլեր կատարելու փոխարեն՝ Թուրքիան միջազգային բարձր ամբիոններից շարունակում է Հայաստանի ու Սփյուռքի միջև սեպ խրելու իր անհեռանկար ջանքերը: Եվ որքան շարունակվեն այդ ջանքերը, այնքան նվազելու է կարգավորման գործընթացի նկատմամբ մեր վստահության` առանց այդ էլ նվազագույնի հասած պաշարը:

Ես զարմանում եմ, որ Թուրքիայում քաջ չեն գիտակցում, որ ցեղասպանության արդյունքում ձևավորված Սփյուռքը Հայաստանի և հայ ժողովրդի անբաժան մասն է, մեր հպարտությունն է, մեր ուժն է: Սփյուռքահայերն աշխարհով մեկ սփռված Հայաստանի դեսպաններն են, ինչպես Շվեյցարիայում մեր դեսպան աշխարհահռչակ Շառլ Ազնավուրը, իսկ շատերն էլ գործում են հոգու կանչով և հասարակական հիմունքներով: Լինելով իրենց ապաստան տված երկրների արժանավոր քաղաքացիներ՝ նրանք կարողանում են իրենց ներդրումը բերել նաև մեր երկրի առաջխաղացմանն ու զարգացմանը: Հայաստանի պետականության վերականգնման առաջին իսկ օրվանից մեր հայրենակիցները ողջ աշխարհում իրենց գործով են ապացուցել, որ Հայրենիքի առաջընթացն իրենց գերագույն երազանքն է:

Այս համատեքստում ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մեկ այլ՝ կարևորագույն հանգամանքի վրա։ Շվեյցարիայի միջնորդական առաքելությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում լավագույնս փաստում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը միայն այսրոպեական բացասական շղարշ է գցում Թուրքիայի և ցեղասպանությունը ճանաչած պետությունների հարաբերություններում: Ինչպես մենք համոզվեցինք՝ ցեղասպանության ճանաչումով Շվեյցարիան դատապարտել է այդ զարհուրելի ոճիրը մարդկության դեմ, և դրանով իսկ արդարության, պատմական անհերքելի փաստերի և մարդու իրավունքների գերակայության համահունչ հաղթանակ տարել աշխարհաքաղաքական և ռազմատնտեսական բոլոր նկատառումների հանդեպ։ Սակայն ամենաէականն է, որ դա բոլորովին չի խանգարել նույն Շվեյցարիային կարճ ժամանակ անց սատար կանգնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործին։ Շվեյցարիայի օրինակն այս առումով, իհարկե, լավագույնն է և պետք է ուսանելի դառնա աշխարհի շատ ու շատ երկրների համար։

← Վերադառնալ