20
04, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն` դատաիրավական բարեփոխումների հարցերի վերաբերյալ

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն` դատաիրավական բարեփոխումների առանձին հարցերի վերաբերյալ: Հանրապետության ղեկավարի մոտ այս խորհրդակցությամբ մեկնարկել է քննարկումների մի շարք, որն ունենալու է հստակ պարբերականություն: Նպատակն է` անդրադառնալ դատաիրավական համակարգի խնդիրներին, որոշակի լուծումներ գտնել տարիներով ամրապնդված արատավոր երևույթների դեմ, բացահայտել խնդիրների հիմքում ընկած հանգամանքները, դրանք շտկել, վերացնել և որ ամենակարևորն է` բացառել այդպիսի երևույթների հետագա կրկնությունները: Ըստ քննարկվող թեմաների` մասնակիցների շրջանակը կարող է փոփոխվել, հարկ եղած դեպքում, կհրավիրվի երրորդ կողմ, նաև` փորձագետներ:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, ՀՀ ԿԱ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, ՀՀ ԿԱ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Մնացական Սարգսյանը, Արամ Թամազյանը, Գևորգ Կոստանյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը, ՀՀ ԿԱ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը, ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև 2008թ. մարտի մեկի դեպքերի առիթով հարուցված քրեական գործի ընթացքին. «Բազմիցս ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, որ սպասելիքները շատ են և, առաջին հերթին, խոսքս վերաբերում է մարտի մեկի դեպքերին: Ակնկալում եմ նոր թափ և ընդգծված ակտիվացում` նշված դեպքերի բացահայտման հարցում: Ես գիտեմ բոլոր խնդիրներն ու օբյեկտիվ պրոբլեմները, որ ունեցել ենք մենք բոլորս, նկատի ունեմ՝ իրավապահ մարմինները: Երևի ինձնից լավ որևէ մեկը տեղյակ չէ այդ պրոբլեմներին: Բայց պետք է մեկ անգամ ևս շեշտեմ, որ հարցի նշանակությունը չափազանց մեծ է և՛ մեր պետության, և՛ մեր հասարակության, և՛ նաև տարբեր շահարկումներից խուսափելու համար: Սա էլ է էական հանգամանք: Անձնապես ինձ համար սա շատ կարևոր հարց է, և ձեզ ուղղված իմ պահանջն է` կրկին և առավել մանրակրկիտ անդրադառնալ նույնիսկ այն հանգամանքներին, որտեղ ըստ ձեզ որևէ նոր բան չի կարող լինել: Փորձեք այդ դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել: Արդեն տևական ժամանակ է անցել, միգուցե, մարդիկ կան, ովքեր ականատես են եղել և այն ժամանակ չէին ուզում համագործակցել իրավապահ մարմինների հետ, իսկ հիմա այլ մոտեցումներ ունեն: Սա էլ է շատ հնարավոր»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

Նախագահի խոսքով, չնայած դատաիրավական բարեփոխումների ընթացքում արձանագրվել են ձեռքբերումներ և անցած ժամանակահատվածում բավականին մեծ աշխատանքներ են կատարվել, այնուամենայնիվ, այդ համակարգի արդյունավետության ապահովման խնդիրը չի կարելի համարել լիովին լուծված: Երկրի ղեկավարը նշել է, որ դատաիրավական բարեփոխումների հիմնական ուղղություններից մեկը պետք է հանդիսանա հատկապես դատարանների կողմից օրենքների միատեսակ մեկնաբանությունը և կիրառությունը:

«Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ մեր օրենսդրական ոչ հստակ կարգավորումների պարագայում օրենսդրության կիրառման պրակտիկան խիստ հակասական է: Ես չեմ ասում, որ սա վերջին մեկ տարում, կամ մի քանի ամիսներին է սկսվել: Այս արատը, ընդհանրապես, միշտ եղել է: Բայց դրա դեմ մենք պետք է շատ լրջորեն պայքարենք, հատկապես ընդունված փոփոխություններից հետո: Այսօր մենք ուղղակի պարտավոր ենք այս պրակտիկան ներդնել բոլոր ատյանի դատարաններում: Մեր իրականության մեջ, ցավոք, այդպիսի որոշումների կայացումն արտառոց երևույթ չէ: Պետք է հասկանանք, թե պատճառը որն է, որ այս մի դատավճիռը կամ որոշումը շեղվել է ընդհանուր պրակտիկայից: Երբ մարդիկ տեսնում են, որ շեղումներ են լինում, բնականաբար, այդ երևույթը երբեք չի կարող նպաստել հենց նույն դատարանների կամ այլ մարմինների հեղինակության բարձրացմանը: Իսկ մեր նպատակներից մեկն էլ այն է, որ մեր իրավապահ մարմիններն ունենան բարձր հեղինակություն: Բարձր հեղինակություն` նշանակում է հանրության կողմից ձեր կայացրած որոշումների ընկալում: Կարծում եմ, որ այս առումով, խնդիրը միայն անկատար օրենսդրության մեջ չէ: Այն, ինչ նկատել ենք, նախ պետք է արագ փոփոխենք, բերենք ճիշտ ձևի»,-ընդգծել է Հանրապետության ղեկավարը, խոսելով նաև առկա սուբյեկտիվ գործոնների, միջգերատեսչական այնպիսի փոխհարաբերությունների մասին, որոնք հնարավոր են դարձնում այդպիսի երևույթների առկայությունը:

← Վերադառնալ