11
04, 2011

Նախագահ Սարգսյանն ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական անդամին

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական անդամ Լի Չանչունի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Հայաստանի Հանրապետական կուսակցության հրավերով:

Ողջունելով հյուրերին` Նախագահը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևորել է բարձր մակարդակի փոխայցելությունները: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Չինաստանը միշտ էլ եղել է Հայաստանի հուսալի բարեկամն ու գործընկերը, և այդ իսկ պատճառով` Չինաստանի հետ հարաբերությունների խորացումը հանդիսանում է մեր երկրի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից մեկը: Նախագահը բարձր է գնահատել տարածաշրջանում Չինաստանի հավասարակշռված քաղաքականությունը և ընդգծել, որ ՉԺՀ-ի ներգրավվածության մեծացումը մեր տարածաշրջանում միայն կնպաստի խաղաղության ամրապնդմանն ու սոցիալ-տնտեսական զարգացմանը:

«Մենք շատ ուրախ ենք Ձեր ղեկավարությամբ գործող Հայաստանի Հանրապետական կուսակցության հրավերով Հայաստան այցելելու համար: Այցի նպատակն է` նպաստել երկու երկրների և նաև իշխող կուսակցությունների միջև քաղաքական երկխոսության, փոխշահավետ համագործակցության ու հայ-չինական ավանդական բարեկամության զարգացմանը: Հայաստանն ու Չինաստանն ունեն դարավոր պատմություն և մարդկության քաղաքակրթության մեջ` մեծ ներդրում: Մեր ժողովուրդներին դեռևս հարյուրամյակներ առաջ միմյանց հետ կապել է մետաքսի ճանապարհը, և մենք այսօր ուրախությամբ ենք փաստում, որ հայ-չինական հարաբերությունները զարգանում են ամուր հիմքի վրա և մեծ հեռանկար ունեն: Տարածաշրջանում մենք Հայաստանը դիտում ենք իբրև վստահելի ու կարևոր գործընկեր»,-Նախագահի հետ հանդիպմանն ասել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական անդամ Լի Չանչունը:

Զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակույթի, կրթության և մի շարք այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը: Նշվել է, որ չինական պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել մեծ թվով գործարարներ` մասնակցելու Երևանում անցկացվելիք հայ-չինական գործարար համաժողովին, որը նպատակ ունի նպաստել գործարար շփումների ակտիվացմանը, քննարկելու տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

Անդրադարձ է եղել նաև միջկուսակցական հարաբերությունների զարգացմանը: Չինաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչը նշել է, որ արդեն 12 տարի Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը սերտորեն համագործակցում է, ինչը նպաստում է նաև երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը:

← Վերադառնալ