11
04, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ասիական Զարգացման Բանկի նախագահի տեղակալ Սյաոյու Ժաոյին

album picture
album picture

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) նախագահի տեղակալ Սյաոյու Ժաոյին:

Նախագահը բարձր է գնահատել Ասիական Զարգացման Բանկի գործունեությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ ասիական տարածաշրջանում: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելու նպատակով Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար:

Ընդգծելով, որ Ասիական Զարգացման Բանկի հետ փոխգործակցությունն ուղղված է Հայաստանի տնտեսական կայուն աճի ապահովմանն ու ենթակառուցվածքների զարգացմանը` Սերժ Սարգսյանն առանձնացրել է բանկի աջակցությամբ առանցքային այնպիսի ծրագրերի իրագործումը, ինչպիսիք են «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» և հանրապետության տարածքային զարգացմանն ուղղված «Հայաստան. քաղաքային կայուն զարգացման» ներդրումային ծրագրերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև հյուսիս-հարավ երկաթգծի կառուցման ծրագրի նախապատրաստման գործում ԱԶԲ-ի հնարավոր օժանդակության, գյուղատնտեսական ապրանքների արտահանման խթանման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման, ինչպես նաև բանկի կողմից փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանն աջակցության հարցերին:



← Վերադառնալ