Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
12
03, 2011
Նախագահ Սարգսյանի հարցազրույցը լրատվամիջոցներին` Ծաղկաձորում կայացած խորհրդաժողովից հետո
Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը լրատվամիջոցներին` Ծաղկաձորում կայացած «ՀՀ գյուղատնտեսության զարգացման 2011 թվականի ծրագրերը և հիմնախնդիրները» թեմայով խորհրդաժողովից հետո
Պարո՛ն նախագահ, երեկվա Ձեր հանդիպումը գյուղատնտեսական քաղաքականություն իրականացնող թիմի հետ և այսօրվա մասնակցությունը գյուղատնտեսական հարցերով խորհրդաժողովին արդյո՞ք խոսում է այն մասին, որ մեծացել է ուշադրությունը գյուղատնտեսական հիմնախնդիրների նկատմամբ, և ի՞նչ ակնկալիքներ ունեք կոնկրետ այս ոլորտում:
Սերժ Սարգսյան - Այո՛, երեկ ես մեր տնտեսական թիմին կոչ եմ արել ակտիվացնել ջանքերը և առանձնապես ուշադրություն եմ հրավիրել գյուղատնտեսության ոլորտին: Մենք գյուղում իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր, որոնք, ցավոք, միշտ չէ, որ արդյունավետ են: Նոր ծրագրի, նոր նախաձեռնությունների անհրաժեշտություն կա, և այսօր մենք քննարկել ենք նոր ծրագրեր: Այս ծրագրերը մեկ անգամ ևս պետք է մարդկանց համոզեն, որ իրենք մենակ չեն իրենց խնդիրները լուծելու գործում, որ իրենց կողքին կան պետական պաշտոնյաներ, կան օգնողներ, օժանդակողներ, որոնք ավելի քիչ չեն շահագրգռված գյուղացու հաջողություններում, քան հենց իրենք` գյուղացիները: Պետությունն ամուր է իր տնտեսական հիմքով. ազգային անվտանգության, պաշտպանության, արտաքին խնդիրները չափազանց կարևոր են, սակայն դրանք կարող են արդյունավետ լուծվել, եթե պետությունն ունի ամուր հիմքեր: Մեր պետության հիմքի ամենակարևոր օղակներից մեկը` գյուղատնտեսությունն է: Մեր ՀՆԱ-ի մի հսկայական մաս ձևավորվում է գյուղում:
Քանի որ մոտենում է գյուղատնտեսական եռուն աշխատանքների ժամանակաշրջանը, կարծում եմ` սա վերջին, այսպես ասած, մեր կաբինետային աշխատանքն էր, որտեղ մենք, ինչպես ասացի, որոշակի ծրագրեր քննարկեցինք, և ես համոզված եմ, որ այս ծրագրերը պետք է լինեն արդյունավետ: Շատ կարևորում եմ, որ այս քննարկումներին մասնակցեցին ոչ միայն ՀՀ գյուղատնտեսության նախարարության ղեկավար կազմը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ նաև ֆերմերային տնտեսությունների, միությունների, մարզպետարանների ղեկավարներ: Այսինքն` մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչ խնդիրներ կան: Ակնկալիքս այն է, որ մենք կարողանանք վերադարձնել կորցրածը և հասնել լուրջ, լավ արդյունքների:
Մարտի 5-ին Դուք հանդիպեցիք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ, և հերթական անգամ ընդունվեց հայտարարություն: Ի՞նչ երաշխիքներ կան, որ այդ հայտարարության դրույթները կիրագործվեն:
Սերժ Սարգսյան - Սոչիի հանդիպումը, մի տեսակ, կարելի է համարել հանգրվանային: Կա բանակցային հստակ հիմք, և կան կարճաժամկետ պայմանավորվածություններ: Երկարաժամկետ առումով, իհարկե, բանակցությունները շարունակվելու են և, կարծես թե, Սոչիում ի վերջո նշմարվեց, թե ինչ ճանապարհով կարող ենք առաջ շարժվել: Իսկ կարճաժամկետ պայմանավորվածությունները շատ կարևոր են այն առումով, որ նախ դրանք ուղղված են հրադադարի ռեժիմի ամրապնդմանը, պահպանությանը և երկրորդ` կարող են լակմուսի դեր կատարել ու ցույց տալ, թե ինչպես են կողմերն իրենց պարտավորությունները կատարում: Գիտեք, որ տևական ժամանակ մենք խոսում էինք հենց հրադադարի ռեժիմի պահպանման, վստահության միջոցառումների ավելացման մասին, որովհետև միշտ կարելի է կարճ ժամանակում լարվածություն ստեղծել, իսկ խաղաղության գործընթացը շատ ավելի ծանր է, և հիմա մենք, ըստ մեր պայմանավորվածությունների, մտնում ենք հենց այդպիսի գործընթաց, որտեղ պետք է կարողանանք լարվածությունը թուլացնել, ինչը հնարավորություն կտա նորմալ բանակցություններ վարել, ավարտել այդ բանակցությունները, և եթե հաջողություն լինի` հասնել մեր նպատակներին:
Կարծում եմ, որ շատ լավ հնարավորություն ունեն համանախագահները` հետաքննել բոլոր այն դեպքերը, որոնք տեղի ունեցան մինչ բանակցությունները և բանակցություններից հետո, և հանրությանը ներկայացնել, թե վերջապես ի՞նչ է կատարվել: Մենք պատրաստ ենք ամենայն աջակցություն ցուցաբերել, պատրաստ ենք մեր պարտավորությունները կատարել: Մենք միշտ էլ ցանկացել ենք, որ մեր զինվորները չզոհվեն, միշտ էլ ցանկացել ենք, որ խաղաղության պրոցեսն ամրապնդվի: Կարծես թե եկել է ժամանակը, որ կողմերի նախագահները հստակ պատասխան տան` ինչպե՞ս են իրենք օգտագործում բանակցային այս փուլը, ո՞րն է նրանց նպատակը. նպատակն արդյունքի հասնե՞լն է, թե՞ բանակցություններ վարելու քողի տակ ռազմական լուծումների նախապատրաստվելը: Ասածս չի նշանակում, որ եթե բանակցություններ են վարվում, ապա Զինված ուժերի մարտունակության վրա չպետք է աշխատել: Ո՛չ, ասածս այն է, թե պրոցե՞ս են արդյոք այս բանակցությունները, թե՞ նպատակին հասնելու միջոց: Կարծում եմ, որ Սոչիի հանդիպումը տարբերվում էր այլ հանդիպումներից: Կցանկանայի, որպեսզի երևութական չլինի այն, ինչի մասին խոսեցինք:
Եթե կարճ ձևակերպեմ, ապա պետք է ասեմ հետևյալը` բանակցությունները շարունակվում են, կա փաստաթուղթ, որի վրա աշխատում ենք, սա երկարաժամկետ գործընթաց է և կան կարճաժամկետ պայմանավորվածություններ, որոնք մենք պարտավոր ենք կատարել:
Կոալիցիոն հուշագրի ստորագրումով` ամրապնդվեց իշխանությունը, մյուս կողմից ընդդիմադիր դաշտում ականատես ենք լինում ակտիվության, զանազան ուժերի կողմից կազմակերպվող հանրահավաքների, անցկացվող ակցիաների, հնչող հայտարարությունների: Դուք ի՞նչ զարգացումներ եք ակնկալում գարնանը:
Սերժ Սարգսյան – Գարնանը նախ ակնկալում եմ ակտիվ աշխատանք, ինչպես գյուղում, այնպես էլ` քաղաքում: Խնդիրները շատ են, և դրանք պետք է լուծվեն: Դրա համար, ինչպես գիտեք, ունենք ծրագրեր, և այդ ծրագրերով նախատեսվում են բազմաթիվ փոփոխություններ: Այդ փոփոխությունները պետք է արդյունք տան, պետք է տեսանելի լինեն: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը, մինչ այդ մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները, այնուհետև խնդիրները գյուղատնտեսության ոլորտում 2010 թվականին, հավելյալ դժվարություններ ստեղծեցին, ինչպես մեզ համար, այնպես էլ` մեր ժողովրդի: Շատ օրինաչափ է, որ մարդիկ փոփոխություններ են ուզում, և նաև օրինաչափ են մեր ցանկությունները` այդ փոփոխություններն արագացնել: Մենք շարունակելու ենք փոփոխությունները, մանավանդ տեսնում ենք, որ եթե ցանկությամբ և կամքով սկսում ենք մի բան անել, արդյունքները տեսանելի են դառնում:
Տեսե՛ք, մենք համարձակորեն մտանք կենսաթոշակային համակարգ: Այդ համակարգում աշխատում են հազարավոր մարդիկ, որպեսզի սպասարկեն մեր հարյուր հազարավոր թոշակառուներին, և այստեղ փոփոխությունները կարող էին շատ ցավոտ լինել: Բայց առաջին երկու ամիսների արդյունքները խոսում են այն մասին, որ, իրոք, հնարավոր է այս խնդիրները լուծել, և դրանք լուծելով` տնտեսել միլիարդավոր գումարներ, որոնք կարող են ուղղվել ցանկացած սոցիալական խնդրի լուծմանը:
Ինչ վերաբերում է քաղաքական կյանքին, պետք է ասեմ, որ մենք պատրաստ ենք լսել քննադատություններ, առաջարկություններ, միայն թե այդ քննադատությունը և առաջարկություններն ուղղված լինեն կոնկրետ խնդիրների լուծմանը, իրատեսական լինեն, կյանքում օգտագործելի լինեն, այլ ոչ թե այդ քննադատություններն ու առաջարկություններն արվեն, որպեսզի դրանցով շահարկեն, կարողանան էլեկտորատ ձեռք բերել, որպեսզի կարողանան ինչ-որ գործընթացների վրա ազդել: Թեև դա էլ է նորմալ երևույթ: Ընդդիմության դերը կայանում է հենց նրանում, որպեսզի տեսնի խնդիրները, քննադատի և հաջորդ ընտրություններում ունենալով կողմնակիցների մեծ բանակ` դառնա իշխանություն և այսպես շարունակ:
Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ քաղաքական գործընթացները ճիշտ ճանապարհով են գնում: Համարում եմ, որ գոնե վերջին 1-2 տարիների ընթացքում որոշակի ձևաչափեր են ձևավորվել, որոշակի գործընթացներ մտել են բնականոն հուն: Հանրահավաքներն անցնում են կոռեկտության սահմաններում, և ճիշտ ճանապարհը դա է: Կարծում եմ, որ և՛ իշխանությունները, և՛ ընդդիմադիրները ճիշտ հետևություններ պետք է անեն անցյալի սխալներից, որպեսզի դրանք չկրկնվեն: Ասածս որպես ռևերանս չընդունեք, բայց, փա՛ռք Աստծո, շատ պարագաներում և՛ այս կողմում, և՛ այն կողմում կան մարդիկ, ովքեր ունեն մեծ փորձ, գիտեն, թե ինչ է նշանակում պետություն և պետականություն, ովքեր կարող են տեսնել այն սահմանը, որը կա Հայրենիքի, պետականության, ազգային խնդիրների և քաղաքական նկրտումների միջև: Կարծում եմ, որ մեզնից յուրաքանչյուրի համար քաղաքական նպատակները չպետք է լինեն գերխնդիր: Իհարկե, այդպիսի նպատակներ պետք է լինեն, հակառակ պարագայում տարօրինակ կլիներ քաղաքական գործունեությունը, բայց նորից եմ կրկնում, մենք բոլորս պետք է հստակ տեսնենք այդ սահմանը, բոլորս` յուրաքանչյուրս, պետք է մեր հերթին անենք ամեն ինչ, որպեսզի անցյալի սխալները չկրկնվեն:
Չեմ հոգնում կրկնելուց, որ փոփոխությունները միշտ պրոբլեմատիկ են լինում, միշտ ցավոտ են լինում, և, իհարկե, ցանկացած քաղաքական ուժ փորձում է այդ խնդիրները ծառայեցնել իր նպատակներին, բայց մյուս կողմից էլ պետք է ասեմ, որ մենք շարունակելու ենք փոփոխությունները. նոր զարգացումներ են լինելու ոստիկանությունում, դատաիրավական, մաքսային, հարկային համակարգերում, և այդ փոփոխություններն ի վերջո բերելու են նրան, որ քաղաքական մեծ կամպանիաների` ընտրությունների ժամանակ ժողովուրդը կարողանա կողմնորոշվել, թե ում է քվե տալիս: Վստահ եմ, որ մեր երկրում զարգացումները լինելու են շարունակական, տևական և այդ զարգացման արդյունքում ունենալու ենք ժողովրդավար երկիր: Սա՛ է մեր նպատակը, և մենք մեր նպատակին հասնելու ճանապարհին լինելու ենք հաստատակամ: